RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06 > #055, 2013-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013



Վերլուծական

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1786, Տպվել է` 110, Ուղարկվել է էլ.փոստով` 76

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Հայաստանի եւ ամբողջությամբ վերցրած Հարավային Կովկասի համար վերջին քսան տարիներին առանձնակի հետաքրքրություն են ներկայացրել տարածաշրջանի երկու խոշոր հարեւաններիՙ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները: Երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել դեռեւս 1701 թվականին: Սակայն պատմաբանները կվկայեն, որ ռուս-թուրքական հակամարտությունը 18-րդ դ.-ից մինչեւ «սառը պատերազմի» ավարտը եղել է բարդ եւ գերզգայուն հարաբերությունների դիպուկ օրինակ: Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի Դաշնությունն իրեն հայտարարեց նախկին ԽՍՀՄ-ի իրավահաջորդ եւ որակական նոր փորձ կատարեց իր հարեւանների, մասնավորապես Թուրքիայի հետ փոխհարաբերությունները պրագմատիկ հիմքերի վրա կառուցելու համար: Այդ նոր հարաբերությունների դինամիկ զարգացման արդյունքում ռուս-թուրքական առեւտրատնտեսական կապերի ծավալը վերջերս սկսեց կազմել 55 մլրդ ԱՄՆ դոլար: Ոգեւորված այս աննախադեպ զարգացումիցՙ ռուս-թուրքական տնտեսական համագործակցության խորհուրդը վերջերս հայտարարեց, որ հնարավոր է համարում մոտակա տարիների ընթացքում առեւտրատնտեսական կապերի ծավալը հասցնել մինչեւ 100 մլրդ ԱՄՆ դոլարի: Ռուսաստանը Թուրքիայիՙ աշխարհում երկրորդ տնտեսական գործընկերն է, իսկ հարաբերությունների զարգացման այսպիսի դինամիկայի պայմաններում Թուրքիան կարող է դառնալ Ռուսաստանի երկրորդ առեւտրական գործընկերը Չինաստանից հետո: Փորձենք վերլուծել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները, ներառյալ այն հակասությունները, որոնք կարող են ժամանակի ընթացքում լուրջ հակամարտության պատճառ դառնալ:

Աշխարհաքաղաքական սկզբունքային հակառակորդներ

Ռուսաստանը եւ Թուրքիան իրենց պատմության ընթացքում տասներեք անգամ պատերազմել են միմյանց դեմ: 19-րդ դ. եւ 20-րդ դ. սկզբին ռուսական զորքերը չորս անգամ մտել են Արեւմտյան Հայաստանի տարածք, սակայն չորս անգամ էլ վերջիվերջո ստիպված են եղել հեռանալ նվաճված տարածքիցՙ իրենց հետ գաղթեցնելով տասնյակհազարավոր հայերի, նաեւ ասորիների ու եզդիների, որոնք վախենում էին այդ պատերազմներին հաջորդած ժամանակաշրջանում թուրքերի վրիժառությունից: Հինգերորդ անգամ նման պատերազմ կարող էր տեղի ունենալ 1944-45 թթ., երբ խորհրդային զորքերը կհատեին խորհրդա-թուրքական սահմանը: Այդ բանը, սական, ամերիկացիների եւ անգլիացիների ճնշման պայմաններում տեղի չունեցավ, եւ խորհրդային Անդրկովկասը Թուրքիայի Հանրապետությունից բաժանող սահմանը, ընդհուպ ԽՍՀՄ փլուզումը, աշխարհում ամենախիստ պահպանվող պետական սահմաններից մեկը մնաց: Այդ սահմանը սոցիալիզմի աշխարհը բաժանում էր կապիտալիզմի աշխարհից, եւ Թուրքիան ոչ միայն աշխարհաքաղաքական հակառակորդ էր, այլեւ գաղափարական թշնամի:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ուկրաինան, Վրաստանը եւ Ադրբեջանը դարձել են Թուրքիայի սերտ տնտեսական գործընկերներ: Ավելորդ չէ հիշեցնելը, որ թուրքերն ու ադրբեջանցիները իրենց համարում են երկու պետություններում ապրող մեկ ազգ: Եվ չնայած «սառը պատերազմին» հաջորդած հարաբերական ջերմացման քսանամյակում Ռուսաստանը եւ Թուրքիան այլեւս գաղափարական հակառակորդներ չեն, սակայն ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի ազդեցության ոլորտները առաջվա պես հատվում են նաեւ մեզ մոտՙ Հարավային Կովկասում:

90-ական թվականների սկզբից արեւմտյան անվտանգային գլոբալ ծրագրերում Թուրքիան դիտարկում էին որպես ընդօրինակման արժանի օրինակ հետխորհրդային հարավկովկասյան եւ կենտրոնասիական պետությունների համար: Այս երկրների նկատմամբ հովանավորի դերը ստանձնելու համար Թուրքիայի ռեսուրսները չբավարարեցին: Սակայն Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների շրջանում հասկանալի եւ բնական ձգտում առաջացավ զարգացնելու բազմատեսակ եւ բազմամակարդակ հարաբերություններ Թուրքիայի հետ լեզվամշակութային եւ կրոնական ընդհանրությունների հիման վրա: Միամտություն է կարծելը, որ Թուրքիան կարող է թուրքացնել Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին: Նման բան չի կարող պատահել թեկուզ այն պարզ պատճառով, որ Կենտրոնական Ասիայի թյուրքական ազգերն ունեն սեփական մշակույթի եւ լեզվի շատ խոր հիմքեր, եւ դա հիմք է տալիս հաստատելու, որ տեսանելի հեռանկարում նրանք պահպանելու են իրենց ինքնությունը: Սակայն ընդհանրություններ եւ նմանություններ փնտրող թյուրքական ազգերը միմյանց հետ հարաբերությունները խորացնելու բնական ցանկություն ունեն: Օրինակՙ ղազախ քաղաքական գործիչները դիպուկ բնորոշում են, որ թյուրքական աշխարհի հետ համագործակցում են ազգակցության հիմքերի վրա, իսկ ՀԱՊԿ-ի երկրների հետՙ իբրեւ ռազմաքաղաքական դաշնակիցներ:

Դժվարությունների հանդիպելով Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու իր ձգտման հարցում, Թուրքիան փորձում է ստանձնել Մերձավոր եւ Միջին Արեւելքի առաջատար պետության դերը: Դեռ տասը տարի առաջ արեւմտյան դիտորդները հանգել էին եզրակացության, որ միաբեւեռ աշխարհից բազմակենտրոն աշխարհին անցնելու պարագայում Թուրքիան հավակնելու է Մեծ Մերձավոր Արեւելքում ինքնուրույն բեւեռի դերին: Առայժմ դրան խանգարում են Սիրիայի, Իսրայելի, Իրանի հետ լարված հարաբերությունները: Թուրքիայում համոզված են, որ մինչեւ 2050 թ. իրենց երկիրը կմտնի աշխարհի տասը ամենահզոր տնտեսությունների շարք, իսկ բնակչությունը կլինի մոտավորապես այնքան, որքան Ռուսաստանում:

Հետխորհրդային քսանամյակում տարբեր պատճառներով ստացվեց այնպես, որ թուրքական նավատորմը Սեւ ծովում ավելի ուժեղ էր, քան ռուսականը: Նման բանը սպառնալիք համարելովՙ վերջին շրջանում Ռուսաստանը սեւծովյա ափամերձ տարածքներում տեղակայել է այնպիսի զինատեսակներ, որոնք չեզոքացնում են Թուրքիայի ռազմածովային նավատորմից սպասվող վտանգները: Հայտնի է, որ Թուրքիայում հովանավորություն են փնտրել չեչեն անջատողականները, ծայրահեղ մահմեդական խմբավորումների անդամները եւ Ղրիմի թաթարական գործիչներ, ովքեր կուզենային թերակղզին վերադարձնել թուրքական ազդեցության տակ: Այս ամենը ծնում է լարվածություն եւ ստիպում է Ռուսաստանին եւ Թուրքիային փնտրել միմյանց անվտանգության համար աճող սպառնալիքները չեզոքացնելու միջոցներ:

Թուրքիան «Մեծ Ալբանիայի» գաղափարի հովանավորն է, այսինքնՙ հանդես է գալիս Կոսովոն Ալբանիային միացնելու ծրագրի օգտին: Ռուսաստանը այդ բանը թույլ տալ չի կարող, թեկուզ սերբերի նկատմամբ ունեցած պատմական առաքելության պատճառով: Այսպիսով, տարբեր պատճառներով, որքան էլ Ռուսաստանն ու Թուրքիան սերտացնեն հարաբերությունները տնտեսական դաշտում, աշխարհաքաղաքական առումով մնալու են սկզբունքային հակառակորդներ:

Թուրքական եվրասիականություն եւ ռուսական եվրասիականություն

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը եւ նրա մերձավոր դաշնակիցները փնտրել եւ փնտրում են համախմբումն ու համագործակցությունը ամրապնդելու համար ուժեղ եւ հետխորհրդային հասարակությունների համար ընդունելի միջոցներ: Ընդամենը 10-15 տարի առաջ եվրասիականություն ասելով Թուրքիան հասկանում էր թյուրքական եւ սլավոնական ժողովուրդների համախմբող հսկա մի տարածք, որը ինքնուրույն աշխարհաքաղաքական տարածք-միավոր կարող է լինել: Այդ տարածքում են առաջին հերթին Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի պետությունները: Այդ տարածքում են նաեւ Ռուսաստանի Դաշնության կազմում ապրող թյուրքական լեզվաընտանիքի ժողովուրդները: 10-15 տարի առաջ թվում էր, թե եվրասիականության այս ընկալումը կարող է բնական դաշնակիցներ դարձնել Ռուսաստանին եւ Թուրքիային: Սակայն նման բան առայժմ տեղի չի ունեցել, եւ, վերլուծաբանների կարծիքով, երբեք տեղի չի էլ ունենա: Ռուս-թուրքական գործընկերային հարաբերությունները անընդհատ զարգանալու միտում ունեն, սակայն անընդհատ զարգացման միտում ունեն նաեւ թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները: Թուրքերի մասին ամերիկացիներն ասում են, որ նրանք բարդ եւ կոշտ գործընկեր են եւ միշտ չէ, որ ենթարկվում են ավագ գործընկերների թելադրանքին: Դրա վկայությունը թեկուզ եւ այն էր, որ հայ-թուրքական երկխոսության մեջ, առաջնորդվելով թուրք-ադրբեջանական եղբայրության կողմնակիցների հորդորներին, Թուրքիան սառեցրեց, հակառակ ԱՄՆ-ի հորդորներին, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը:

Բոլոր տվյալները կան հաստատելու, որ Ռուսաստանը Թուրքիային էլ է առաջարկել քննարկել Եվրասիական միությանը անդամակցելու հնարավորության հարցը: Սակայն մի քանի պատճառներով Թուրքիան չի ցանկանա դառնալ Ռուսաստանի կրտսեր գործընկեր: Հասկանալի է, որ ապագա Եվրասիական միության առանցքը Ռուսաստանն է, որը վերահաստատել է ժամանակակից բազմաբեւեռ աշխարհում ինքուրույն բեւեռ լինելու իր իրավունքը: Թույլ ենք տալիս մեզ կանխատեսել, որ Եվրասիական միության ձեւավորման եւ զարգացման հետեւանքներից մեկն էլ լինելու է այն, որ Թուրքիայում կվերաիմաստավորեն եւ կվերանայեն եվրասիականության մասին քաղաքական պատկերացումները, այդ գործընթացի զարգացումը թողնելով ավելի հեռավոր ժամանակներին: Օրինակ, այն ժամանակներին, երբ թյուրքական ժողովուրդների բնական աճը կգերազանցի սլավոնական ժողովուրդների բնական աճին:

Համագործակցություն եւ ընդհանուր շահեր

Հետխորհրդային Ռուսաստանի տնտեսական կյանքում տեղի ունեցած ամենամեծ իրադարձություններից մեկը թուրքական կապիտալի եւ որակյալ աշխատուժի մուտքն էր: Ռուսաստանը եւ Թուրքիան ինտենսիվ համագործակցում են ոչ միայն գազի եւ նավթի մատակարարման ասպարեզում, չնայած բնական գազի ներկրումը կազմում է երկկողմ առեւտրաշրջանառության առյուծի բաժինը: Թուրքական ընկերությունները Ռուսաստանում կայուն դիրքեր են գրավել առեւտրական կենտրոնների շինարարության, հյուրանոցների շինարարության, թեթեւ արդյունաբերության եւ սարքաշինության ոլորտներում: 2010 թ. տվյալներովՙ Թուրքիայից Ռուսաստան արտահանվող ապրանքների 44% կազմում էր ավարտուն արտադրանքը, ինչը նշանակում է, որ թուրքական ապրանքները Ռուսաստանում համարում են բարձրորակ: Ռուսները համարվում են ամենացանկալի զբոսաշրջիկները Թուրքիայի լողափերում, իսկ ռուսաց լեզուն զբոսաշրջիկների հետ աշխատելու շրջանում հաջողության հասնելու գրավականներից է: Թուրքիան եւ Ռուսաստանը Սեւծովյան տնտեսական համագործակցության երկու ամենախոշոր անդամներն են, եւ սեւծովյան տարածաշրջանի զարգացումը ընդհանուր առմամբ հնարավոր է նրանց համագործակցության պայմաններում:

Ռուսաստանը ավելացրել է Թուրքիա առաքվող բնական գազի ծավալները 3 մլրդ խորանարդ մետրով, եւ բոլոր հիմքերը կան հաստատելու, որ Թուրքիայով է անցնելու ռուսական գազի արտահանման ամենագլխավոր երթուղիներից մեկը: Այդ գազին են սպասում ոչ միայն Թուրքիայում, այլեւ Բուլղարիայում, բալկանյան երկրներում, Հունաստանում եւ Իտալիայում: Թուրքերը հմտորեն օգտագործեցին միաժամանակ ե՛ւ ռուսների, ե՛ւ արեւմտյան երկրների հետ համագործակցելու հնարավորությունները, դառնալով նաեւ ադրբեջանական նավթի եւ գազի համար տարանցիկ տարածք՚:

Այսօր Թուրքիան աշխարհում տասնվեցերորդ ամենազարգացած տնտեսությունն է: Թուրքիայում հատուկ կարեւորություն են տալիս G20 ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրների «ակումբի» անդամ լինելու հանգամանքին: Թուրքիան որոշել է դառնալ ատոմային էներգետիկայի երկիր եւ ստացել է Ռուսաստանի համաձայնությունը 20 մլրդ դոլար արժողությամբ «Ակքույու» ատոմակայանի շինարարության համար: Ռուսները համաձայնվել են մի ատոմակայան էլ կառուցել Սինոպից ոչ հեռու եւ, այս նախագծերի հաջողության դեպքում Թուրքիան կդառնա ատոմային էներգետիկայի առաջատարը տարածաշրջանում:

«Ազգ»-ի էջերում մենք կանատեսել ենք, որ մեռյալ կետից հայ-թուրքական երկխոսությունը առաջ շարժելու միակ հնարավորությունը եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի գործուն մասնակցության դեպքում է նշմարվում: Մյուս բոլոր դեպքերում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայության պայմաններում, թուրքերը գտնվելու են ադրբեջանական հզոր լոբբիինգի ազդեցության տակ, եւ Հայաստանի հետ խոսելու են նախապայմանների եւ ճնշման լեզվով: Այստեղ եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ տարբեր առիթներով Հայաստան ժամանող յուրաքանչյուր թուրքական պատվիրակություն զարմանքով արձանագրում է, որ քսանամյա ճնշման պայմաններում Հայաստանի տնտեսությունը այնուամենայնիվ առաջընթաց է ապրում, իսկ հայերսՙ շարունակում ենք պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման արդար դատի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #53, 05-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ