ԻՐԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԱՆՊԱՏԻԺ ԵՆ Ի. Պ. Դեռեւս անցյալ տարվանից պարզ էր, որ Ազգային գրադարանում կատարված վերանորոգման ընթացքում եղել են «ատկատներ»: Սկզբում մամուլը հրապարակեց, թե հափշտակումների գումարների կազմել են 700 միլիոն դրամ, սակայն հետագայում այս թիվը հերքվեց եւ հրապարակվեց, որ եղել է 20 միլիոն դրամի հափշտակում: Սակայն նա, ով պատասխանատու էր գումարի ճիշտ օգտագործման համար եւ պետք է պատժվեր, մահացել է: Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պատասխանատվության ենթարկելու եւ պատժելու համար հիմա ձերբակալված է մի մարդ, որն «ատկատների» հետ ընդհանրապես կապ չունի: Ձերբակալվածը քաղաքաշինության նախարարությունից Գոռ Քամալյանն է, սակայն, ըստ փաստաբանի, նա մեղավոր չէ: Նա, ով պետք է իրապես պատժվեր, մահացել է, իսկ մյուս մեղավորներին պետք է փնտրել այն ՍՊԸ-ում, որը կատարել է գրադարանի վերանորոգումը: Ըստ փաստաբանի` չի բացառվում, որ քաղաքաշինության նախարարությունում էլ մեղավորներ կլինեն, սակայն Գոռ Քամալյանը գործի հետ միանգամայն կապ չունեցող մարդ է: Ալեքսանդր Սիրունյանը տեղեկացրեց, որ Գոռ Քամալյանին առաջադրվել է պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք, սակայն վերջինս մեղադրանքը չի ընդունում, գործն էլ դատարան չեն ուղարկում, եւ այսպես կալանավորված պահում են Գոռ Քամալյանին` փորձելով հասնել նրան, որ վերջինս ընդունի ուրիշների կատարած մեղքը: |