RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-05 14:36:52Նիկոլը արեց իր գործը, Նիկոլը կարող է հեռանալ
2020-12-04 23:38:44Եթե ես լինեի, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1553, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՁՐ ԿԱՐԳԸ

Վերջերս Թբիլիսիում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկան Հայաստանի ըմբիշները: Մեր ազատոճայինները նվաճեցին մեկական ոսկե եւ արծաթե մեդալ, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներն արժանացան մեկ ոսկե եւ 2 բրոնզե մեդալի:

Առաջնության արդյունքների ամփոփմանն էր նվիրված երեկ «Ելակետ» ակումբում տեղի ունեցած ասուլիսը, որին ներկա էին հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ նրա անձնական մարզիչ, միջազգային մրցավար Գեւորգ Ալեքսանյանը, որն ըմբիշի հայրն է:

Արթուր Ալեքսանյանը նշեց, որ անձամբ իր համար մեծ նվաճում էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին կրկին արժանանալը, ուրախությունն էլ կրկնակի էր: Արթուրը հպարտ է, որ հաջողվեց բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը, ուրախացնել հայ երկրպագուներին: Ըստ նրա, մրցաշարում թույլ մրցակիցներ չկային եւ թեեւ ինքը մեծ առավելությամբ էր հիմնականում հաղթել, սակայն բոլոր գոտեմարտերն էլ դժվար էին: Հատկապես դժվար էր վրացի ըմբիշի հետ գոտեմարտը, քանի որ թե՛ մարզասերներն էին բուռն կերպով աջակցում մրցակցին, թե՛ մրցավարներն էին փորձում ինչ-որ կերպ օգնելու նրան: Սակայն Արթուրը հիանալի ելույթ ունեցավ եւ մրցակցին ու մրցավարներին ոչ մի հնարավորություն չընձեռեց: Եզրափակիչում էլ բուլղարացի ըմբիշին հաղթելն Արթուրից մեծ ջանքեր չպահանջեցին:

Այս տարի Արթուրին եւս մեկ փորձություն է սպասվում: Նա պետք է ձգտի ոսկե մեդալ նվաճել նաեւ սեպտեմբերին Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնությունում: Մայիսին Ծաղկաձորում նախատեսված է ուսումնամարզական հավաք, որից հետո Արթուրն իր թիմակիցների հետ կմասնակցի միջազգային մրցաշարի: Իսկ Արթուրի նվիրական երազանքն օլիմպիական չեմպիոն հռչակվելն է:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը գոհ է մեր ըմբիշների ելույթից: Նա նշեց, որ այս անգամ հավաքականում երիտասարդ ըմբիշներ էին ընդգրկված, որոնցից շատերն առաջին անգամ էին մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Ավելի շատ մեդալներ կարելի էր ակնկալել, եթե մրցումներին մասնակցեին նաեւ Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանն ու Յուրի Պատրիկեեւը: Ռոմանը վատառողջ էր, իսկ Արսենին մարզիչները հանգստանալու հնարավորություն էին տվել, որպեսզի ավելի լավ նախապատրաստվի աշխարհի առաջնությանը:

Հավաքականի մարզիչը գովեստի խոսքեր ուղղեց Արթուր Ալեքսանյանին, որը թեեւ վիճակահանությամբ շատ ուժեղ խմբում էր հայտնվել, սակայն վստահ անցկացրեց գոտեմարտերն ու կրկին հաստատեց, որ մինչեւ 96 կգ քաշային կարգում Եվրոպայում ուժեղագույնն է: Հաճելիորեն զարմացրեց մեր գերծանրքաշային Վաչիկ Եղիազարյանը, որը փոխարինել էր տիտղոսակիր Յուրի Պատրիկեեւին: Ըստ մարզչի, ռուս ըմբիշի նկատմամբ Վաչիկի տարած հաղթանակը շատերի համար անակնկալ էր: Ինչ խոսք, Պատրիկեեւի հետ մարզվելը հայ ըմբիշին շատ է օգնել:

Սամվել Գեւորգյանը նշեց, որ Արթուր Շահինյանն էլ կարող էր եզրափակիչում հայտնվել, սակայն վրացի ըմբիշի հետ կիսաեզրափակիչ գոտեմարտում մի փոքր սխալ թույլ տվեց ու ստիպված էր պայքարել բրոնզե մեդալի համար: Սասուն Ղամբարյանն էլ 66 կգ քաշային կարգում կարող էր մրցանակակիր դառնալ, սակայն նա էլ որոշ սխալներ թույլ տվեց ու զրկվեց մեդալից:

Օգտվելով առիթից, Սամվել Գեւորգյանը շնորհավորեց մեր ազատոճային ըմբիշներին հաջող ելույթների համար: Նա նշեց, որ 9 տարի շարունակ չէր հաջողվում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել: Եվ ահա Դավիթ Սաֆարյանը (66 կգ) լրացրեց այդ բացը: Դավիթն էլ Մուրթազալիեւի հետ Ռուսաստանից է ընդգրկվել Հայաստանի հավաքականում եւ հայ մարզիչների շնորհիվ հասավ մեծ նվաճման:

Խոսելով որդու ելույթների մասին, Գեւորգ Ալեքսանյանը նշեց, որ Արթուրն իրոք բարձր մակարդակով հանդես եկավ: Ըստ նրա, Արթուրը երբեք չի թերագնահատում մրցակիցներին, նույնիսկ եթե զգում է, որ գերազանցում է նրանց: Առաջին գոտեմարտում շվեդ ըմբիշի հետ պայքարում Արթուրը խնայեց իր ուժերը: Վրացի ըմբիշի հետ գոտեմարտում թեեւ մրցավարները փորձեցին ինչ-որ կերպ խանգարել հայ ըմբիշին, սակայն Արթուրը ուժեղ գտնվեց մրցակցից:

Գեւորգ Ալեքսանյանը խոսեց նաեւ մրցավարությունից, նշելով, որ Թբիլիսիում բացահայտ կողմնակալության դեպքեր չգրանցվեցին: Իսկ տեղ գտած սխալներն էլ միտումնավոր չէին: Ըստ Ալեքսանյանի, կանոններում կատարված որոշ փոփոխությունների շնորհիվ ըմբիշների գոտեմարտերն այժմ ավելի դիտարժան են դարձել: Ըմբիշները ստիպված են ավելի ակտիվ գոտեմարտել, հնարքներ կիրառել, այլապես պասիվ մարտ վարելու դեպքում կզգուշացվեն: Նոր կանոններն ըմբիշներից ֆիզիկական ավելի լավ պատրաստություն է պահանջում: Այս առումով էլ հայաստանցի ըմբիշները Թբիլիսիում իրենց լավ դրսեւորեցին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ