RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



Դիտարկումներ

Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1376, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Վերջին վեց ամիսների ընթացքում եվրասիական ինտեգրման գործընթացի շուրջը տարբեր մակարդակներում ծավալվող քննարկումները ցույց տվեցին, որ առաջնահերթ խնդիրներից մեկը բացահայտելն ու շահագրգիռ հասարակություններին ներկայացնելն է այդ գործընթացի տնտեսական բաղադրիչը: Հետխորհրդային երկրներում տեւական լեթարգիական քնից հետո կարծես վերհիշեցին եւ վերստին ընդունեցին, որ աշխարհի մեկ վեցերորդ մասում անցած հարյուրամյակների ընթացքում իսկապես ձեւավորվել են աշխարհայացքային ընդհանրություններ, ընդհանուր ավանդույթներ, բազմազգ ու բազմակրոն հասարակությունների միջեւ հարեւանության եւ համակեցության սկզբունքներ: Պարզ դարձավ նաեւ, որ նախկին Խորհրդային Միության փլատակների վրա բարձրացած անկախ պետությունները համաձայն չեն կորցնելու իրենց ազգային ինքնիշխանությունը, սակայն միաժամանակ ցանկանում են գտնել ռացիոնալ ուղիներՙ քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելու եւ իրենց տնտեսությունները զարգացնելու համար: Հենց այս պայմաններում ձեւավորվեց այն ըմբռնումը, որ ամենամեծ դասը, որը կարելի է քաղել եվրոպական ինտեգրման գործընթացի պատմությունիցՙ ինտեգրվող պետությունների տնտեսական ներուժը մեկ ընդհանուր շուկայում միավորելու փորձի ուսումնասիրությունն է: Ավելի պարզ ասած, եթե գտնվեն այն տնտեսական լծակները, որոնք կարող են տանել դեպի չօգտագործված տնտեսական ռեսուրսների բացահայտում, ապա եվրասիական ինտեգրման ճանապարհին կանգնած ամենածանր պատնեշները կարելի կլինի քանդված համարել:

Ո՞րն է ինտեգրման գործընթացի ամենաարդյունավետ ճանապարհը

Ինչպես ցույց են տալիս ռուս, բելառուս եւ ղազախ փորձագետների ուսումնասիրությունները, տնտեսական ոլորտում եվրասիական ինտեգրման գլխավոր խնդիրը կողմնորոշվելն է երկու ձեւավորված մոտեցումների միջեւ: Այդ երկու մոտեցումներն էլ ունեն դրական եւ բացասական կողմեր, առայժմ մինչեւ վերջ անվիճելի չեն եւ ենթակա են հետագա ուսումնասիրության: Առաջին մոտեցումը հանգում է հետեւյալին. այն բանից հետո, երբ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը կհռչակեն Եվրասիական միության ստեղծումը, օրակարգ կմտնի մյուս թեկնածու երկրների անդամակցության հնարավորությունը ուսումնասիրելու հարցը: Այդ երկրների շարքում առաջին տեղում են Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Եվրասիական միության հետ ամենասերտ համագործակցության հնարավորություններ են փնտրում Հայաստանում եւ Մոլդովայում: Ռուսաստանը բավական կոշտ դիրքորոշումներ է որդեգրել Ուկրաինային իր կողմը թեքելու համար, սակայն այդ քայլերը որեւէ արդյունքի դեռեւս չեն հանգեցրել: Այս պայմաններում ռուս տնտեսագետ-ինտելեկտուալների շրջաններում ձեւավորվել է մի մոտեցում, ըստ որի վերոհիշյալ գործընկերները Եվրասիական միության հետ իրենց համագործակցությունը կզարգացնեն տարբեր միջոցներով եւ տարբեր մակարդակներում, աչքի առաջ ունենալով ավելի մեծ հեռանկարում միությանը անդամակցելու տեսլականը: Այս տեսակետի կողմնակիցները հիշեցնում են, որ Եվրոպական միությունը ունի նման հարաբերություններ իր անդամ չհանդիսացող Շվեյցարիայի եւ Նորվեգիայի հետ հարաբերություններում: Ընդ որում Նորվեգիան, որն աշխարհի ամենահարուստ պետություններից մեկն է եւ շատ զգայուն է վերաբերում իր ազգային անկախությունը կորցնելու վտանգին, նույնիսկ վճարումներ է կատարում Եվրամիության բյուջե, որով փաստորեն իր համակրանքն ու միասնությունն է արտահայտում նրա հետ, չդառնալով միության լիարժեք անդամ: Նույնը որոշակի վերապահումով վերաբերում է նաեւ Շվեյցարիային, որտեղ համաշխարհային ֆինանսական կենտրոն լինելու եւ քաղաքական անկախությունը պաշտպանելու մոտեցումները կազմում են մեկ ամբողջություն:

Վերոհիշյալ թեզի կողմնակիցները գտնում են, որ փոքր պետությունները, որոնց տնտեսություննրը համեմատած մյուսների հետ ավելի թույլ են, իսկ աշխարհաքաղաքական պայմաններըՙ ավելի բարդ, պետք է իրենք որոշեն, թե երբ, ինչ հնարավորույթուններով եւ զիջումների ինչ փաթեթով են պատրաստվում միանալ Եվրասիական միությանը: Երկրորդ մոտեցման կողմնակիցները համոզված են, որ տարաժամկետ ինտեգրման պայմաններում լիարժեք անդամ-պետությունները եւ համագործակցող կամ թեկնածու երկրները չեն կարող ունենալ հավասար ձայնի իրավունք որոշումների կայացման գործընթացում: Եվ նրանք նույնպես հղում են կատարում դեպի Եվրոպական միությունը, որտեղ քաղաքական որոշումների ընդունման շատ հարցերում գերմանացիները, իտալացիները, չեխերն ու լյուքսեմբուրգցիները ունեն հավասար իրավունքներ: Իսկ սա նշանակում է, որ եթե Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը հավասար ձայնի իրավունք տան միության անդամ չհանդիսացող իրենց գործընկերներին, ապա դա կլինի անբնական կամ, այլ կերպ ասած, մեծը փոքրին ենթարկելու փորձ: Այս մոտեցման կողմնակիցները պնդում են, որ հետխորհրդային տարածքի մյուս պետությունները պետք է ավելի արագ ձեւավորեն իրենց մոտեցումները եւ որոշենՙ անդամակցո՞ւմ են արդյոք Եվրասիական միությանը արդեն այս փուլում: Այս փուլում, որովհետեւ նրանցՙ Եվասիական միության հետ համագործակցելու ապագա փորձերը, միեւնույն է, հանգեցնելու են ազգային ինքնիշխանության մի մասի կորստին, ինչպես որ դա պատահել է եվրոյի գոտում հայտնված, ասենք, արեւելաեվրոպական երկրների պարագայում: Կրկնենք, որ այս երկու մոտեցումներն էլ քաղաքական դաշտում ունեն ազդեցիկ հովանավորներ, որոնք էլ խրախուսում են այս ուղղությամբ կատարվող տնտեսագիտական եւ քաղաքագիտական ուսումնասիրությունները: Քաղաքական բարձր հեղինակություն վայելող այս շրջանակները փորձում են նաեւ այս կերպ պարզեցնել Եվրասիական միության ձեւավորման տարբեր սցենարների դեպքում իրենց անելիքը:

Ի՞նչ է հուշում Եվրոպական միության փորձը

Եվրոպական միությունը անցյալ դարի 70-ական թթ. սկսած տարբեր մակարդակի հարաբերություններ է հաստատել աշխարհի տարբեր պետությունների հետ, որոնք խնդիր են դրել ավելի սերտ ինտեգրվել նրա հետ եւ օգտվել Եվրոմիության ընձեռած տնտեսական բարիքներից: Այս երկրների հետ հարաբերությունների հարցում, մոտ քսան տարվա ընթացքում, Եվրոպական միությունը մշակեց այսպես կոչված «քաղաքական նպատակահարմարության» մոտեցումը, ըստ որի նա ավելի սերտ է համագործակցում այն պետությունների հետ, որոնք ընդունում են իր թելադրած խաղի կանոնները եւ աշխարհայացքային մոտեցումները եւ, անշուշտ, աշխարհաքաղաքական ու քաղաքական արժեք են ներկայացնում ԵՄ-ի համար: Այդպես է եղել թե՛ Հյուսիսային Աֆրիկայի երկրների, թե՛ Բալկանյան երկրների եւ թե արեւելյան երկրների գործընկերների պարագայում:

Եվրասիական միության դեպքում, ինչպես վկայում են բազմաթիվ փորձագետներ, փորձ է արվում մի քանի տասնամյակների եվրոպական փորձը փոխառել մի քանի տարում, նկատի ունենալով հենց այն աշխարհայացքային եւ արժեհամակարգային ընդհանրությունները, որոնց մասին արդեն ասել ենք: Հետեւաբար, Եվրոպական միության փորձի ուսումնասիրությունը դառնում է շատ կարեւոր: Ընդ որումՙ ինքնուրույն ուսումնասիրությունը, որովհետեւ սպասել, որ Բրյուսելից անկեղծորեն կմատուցեն պատմության ստվերոտ էջերը, բավական միամիտ բան կլիներ:

Հետխորհրդային տարածքի եվրոպական հատվածի երկրների առջեւ կանգնած խնդիրը բավականին պարզվել է: Օրինակՙ Ուկրաինայում սպասում են տարեվերջին, երբ իրենց երկրին ԵՄ-ի Վիլնյուսյան գագաթաժողովում կընդունեն իբրեւ ասոցիացված անդամի: Նույնը ակնկալում են նաեւ Հայաստանի պարագայում: Մյուս կողմից, սակայն, Ուկրաինայի քաղաքական վերնախավը հստակ գիտակցում է, որ բնակչության հայտնի գնողունակության եւ հայտնի կենսամակարդակի պայմաններում այդ քայլից հետո ռուսական գազի գնի բարձրացումը կարող է աղետալի հետեւանքներ թողնել Ուկրաինայի քաղաքական-տնտեսական համակարգի վրա: Եվրոպական միությունում առայժմ չեն քննարկում Եվրասիական միության հռչակման դեպքում այդ նոր տարածաշրջանային կառույցի հետ հարաբերությունների հարցը, ասելով, թե դժվար է խոսել մի բանի մասին, որը դեռեւս չկա: Սակայն Եվրոպական միությունում չեն խրտնեցնում եւ երբեք չեն խրտնեցնելու Ռուսաստանին պաշտոնական Բրյուսելի հետ ռազմավարական-գործընկերային հարաբերություններ հաստատելու ցանկության համար: Հասկանալի է, որ խնդիրը Ռուսաստանի եւ Հայաստանի, հավասարապես եւ մյուսների առջեւ, նույնն է: Իրավական դաշտը նույնացնել եվրոպականի հետ: Մի պարտավորություն, որը Ռուսաստանը կարծես թե ստանձնել է ժամանակինՙ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալով: Սակայն անցած տարիների ընթացքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բնույթի դժվարությունների հանդիպելովՙ Ռուսաստանը փորձում է համախմբել իր ավանդական դաշնակիցներին ԵՄ-ի հետ բանակցություններում ավելի շահեկան դիրքեր ստանալու նպատակով:

Որտե՞ղ փնտրենք մեր շահը ՙ անկեղծ մնալով

Հայաստանի Հանրապետության վերջին քսան տարիների աշխարհաքաղաքական իրողություններից բխող խնդիրները քաջ հայտնի են, եւ դրանց վրա այս հոդվածում չարժե ծանրանալ: Առիթից առիթ Հայաստան եկող եւ հայ պաշտոնատարների հետ հանդիպող ռուսաստանցի, բելառուս եւ ղազախստանցի պաշտոնատարներն ու փորձագետները համոզվում են, որ անբարենպաստ պայմաններում ապրող եւ զարգանալ փորձող մեր պետությանը բացարձակ իմաստ չունի թեւերը ոլորելով որեւէ միության մեջ մտցնել: Մյուս կողմից, ավելի շոշափելի է դարձել այն հույսը, որ Հարավային Կովկասում զարգացող քաղաքական գործընթացները եւ, մասնավորապես, արդի քաղաքական գործողությունները Վրաստանում տեղ են թողնում գլոբալ ինտեգրման գործընթացներում ավելի անցավ եւ ավելի շահավետ մասնակցության համար: Ռուսաստանցի քաղաքագետները միակարծիք են այն հարցում, որ գլոբալ միաբեւեռ համակարգին այսօր արդեն փոխարինել է բազմաբեւեռ աշխարհը, իսկ հեռանկարըՙ տարածաշրջանային տնտեսական-քաղաքական միավորումներինն է, որոնք գալու են միս ու արյուն հաղորդելու արդեն ձեւավորված այդ բեւեռներին: Նախագահ Սերժ Սարգսյանը, վերջերս պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Մի բան ձեզ պետք է ասեմՙ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում թե հանրահավաքներում, խոհանոցներում թե թատրոններում, միեւնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասելՙ Մաքսային միության անդամները դեռեւս ցանկություն չունեն որեւէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն»:

Այդ հանգամանքը գալիս է հանդարտեցնելու տարբեր կողմերից լսվող անհանգստությունները, թե Հայաստանին հակառակ իր կամքի կարող են այս կամ այն բլոկի անդամ դարձնել, սակայն, մյուս կողմից, բոլորովին էլ չի նսեմացնում այն ըմբռնումը, որ ժամանակակից աշխարհում առանց տնտեսական քաղաքական գերհզոր միավորումներին անդամակցելու դժվար է պատկերացնել որեւէ էական տնտեսական աճ: Ղազախ նշանավոր տնտեսագետներից մեկը ասել է, թե իր համար բոլոր հասկանալի բարդություններով հանդերձ, Մաքսային միությանը չանդամակցելու դեպքում, հետխորհրդային պետությունները վաղ թե ուշ կկորցնեն իրենց քաղաքական անկախությունը: Թե որքանով է կատեգորիկ առայժմ ճշմարիտ թվացող այս դատողությունը, կտեսնենք առաջիկայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ