RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1215, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքերն ի դեմս հայերի քավության նոխազ են որոնումՙ հնարավոր սրման պատասխանատվությունը բարդելու համար

Ինչպես նշել էինք մարտի 27-ի համարում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներողություն էր խնդրել թուրք ժողովրդից: Ընդ որում, այդ ներողությունը բանավոր էր, նա խնդրում էր ոչ թե Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող «Մավի Մարմարա» նավի վրա միջազգային ջրերում իրականացված հարձակման, այլեւ տախտակամածում իսրայելական հատուկջոկատայինների թույլ տված սխալների համար, որոնք 9 թուրքի սպանության պատճառ էին դարձել:

Ակնհայտ է, որ բանավոր ներողությունը Իսրայել պետությանը չի վերաբերում, բայց եւ այնպես առ այսօր առեղծված է մնումՙ վարչապետ Նաթանյահուն ում անունից է խնդրելՙ ի՞ր, թե՞ կառավարության: Ներողությունը նրան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա՞ն է պարտադրել, թե՞ Էրդողանի կառավարությունը ներողության դիմաց պարտավորվել է Սիրիայի, Իրաքի եւ Իրանի դեմ աջակցել Իսրայելին:

Այլ կերպ, որքան էլ վարչապետ Էրդողանը «Իսրայելին թուրք ազգի առջեւ ծնկի բերելու» մասին հայտարարի, իսկ նրա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորները Նաթանյահուի ներողությունը համարեն Թուրքիայի դիվանագիտական հաղթանակը, այդ ընթացքում միջազգային լրատվամիջոցները ի լուր աշխարհի բացականչեն, թե վերականգնվել են թուրք-իսրայելական հարաբերությունները, ներողության նկատմամբ ամենեւին միանշանակ չէ Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի մոտեցումը: Այդ իսկ պատճառով էլ չեն դադարում Մեջլիսի նախագահությանն ուղղված հարցումները:

Մարտի 25-ին Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր, Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Օսման Քորութուրքը հարցումով դիմել էր արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին: 2 օր անց մեկ այլ հարցում էլ ներկայացրել է նույն կուսակցության պատգամավոր Ալի Ռիզա Օզթյուրքը, պահանջելով, որ պատասխանի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:

Նա հարցման համար հիմք է ընդունել «Մոսսադի» կայքէջի համարում ունեցող DEBKA-ում հրապարակված մեկնաբանությունը, որտեղ ասված է. «Թուրքիա-Իսրայել հարաբերությունների ընդհատումը հանգեցնում է ԱՄՆ-ի տարածաշրջանային ծրագրերի խախտմանը: Նախագահ Օբաման, ապահովելով այդ հարաբերությունների վերականգնումը, ստեղծեց Սիրիայում նախատեսվող ամերիկյան ծրագրերի իրականացման նախադրյալները, որովհետեւ թուրքական բանակը առանց Իսրայելի տեխնիկական աջակցության մեծապես կորցնում է երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնելու կարողությունը: Վաշինգտոնը Իսրայելի վարչապետին ստիպել է ներողություն խնդրել, որպեսզի ճանապարհ հարթի Սիրիայի դեմ համատեղ գործողություններ իրականացնելու համար: Դրանով Օբաման միաժամանակ նախադրյալներ ստեղծեց, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ Թուրքիա-Իսրայել-Հորդանան ռազմական համատեղ գործողություններ իրականացվեն»:

Հիմք ընդունելով այս տողերըՙ ընդդիմադիր պատգամավորը հարցնում է.

1. Ճի՞շտ են արդյոք «Մոսսադի» կայքէջ DEBKA-ում տեղ գտած պնդումները:

2. Առանց Իսրայելի տեխնիկական աջակցության թուրքական բանակը կորցնո՞ւմ է արտերկրում ռազմական գործողություններ ծավալելու կարողությունը:

3. Իրականությանը համապատասխանո՞ւմ է այն պնդումը, թե մեծարգո Օբաման Իսրայելի վարչապետին ստիպել է ներողություն խնդրել, ելնելով Սիրիայի դեմ համատեղ գործողություններ իրականացնելու ծրագրից:

4. Ճի՞շտ է, որ առաջիկա օրերին նախատեսվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ Թուրքիա-Իսրայել-Հորդանան համատեղ գործողությունների իրականացում:

Թուրքիայի պաշտպանության նախարարը կպատասխանի՞ հարցերին, թե ոչՙ չգիտենք: Բայց որ հարցումներն ինքնին վկայում են թուրք-իսրայելական հարաբերությունների վերականգման հեղհեղուկության մասին, ակնհայտ է: Ըստ երեւույթին, հարաբերությունների համանման ընթացքը մտահոգում է թուրքերին, որ վերջիններս կողմերին դրանց հնարավոր սրման պատասխանատվությունից զերծ պահելու համար քավության նոխազ են որոնում: Որոնումներում օգնում է մարդասպան թուրք հրոսակի համար անասնական բնազդ դարձած հայատյացությունը:

Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Նյու Յորքի turkishny.com կայքէջի մարտի 27-ի հրապարակմանը: Ահա թե ինչ է գրած. «Իսրայելի հայկական լոբբին նախաձեռնություն է դրսեւորում, որ Նաթանյահուի կառավարությունը ճանաչի այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը: Նախաձեռնության հեղինակը Իսրայելում գործող «Արարատ» կազմակերպությունն է: Եթե հայերի ճնշմամբ ցեղասպանության որեւէ բանաձեւ ներկայացվի Քնեսեթ, ապա վերստին կսրվեն վարչապետ Նաթանյահուի ներողությամբ վերականգնվող թուրք-իսրայելական հարաբերությունները»:

Թուրքական կայքէջի հրապարակումը մեկնաբանության կարիք չի զգում: Մնում է պարզապես նշել, որ հայատյացության պատճառով մարդասպան թուրք հրոսակի անասնական բնազդը համադրվում է հիվանդ երեւակայության հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ