RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-05 14:36:52Նիկոլը արեց իր գործը, Նիկոլը կարող է հեռանալ
2020-12-04 23:38:44Եթե ես լինեի, Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը. Ռոբերտ Քոչարյան
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
#046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29 > #049, 2013-03-30 > #050, 2013-04-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013



Տեղադրվել է` 2013-03-28 23:35:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1770, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 86

ՏԱՔՍԻՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ, ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կնվազի՞ ստվերն ու կկարգավորվե՞ն հաշվիչները նոր կարգի գործելուց հետո

Հայաստանում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրման փոփոխությունները երեկ հաստատվեցին կառավարությունում: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշեց, որ ընդունված որոշումներով փոքր բիզնեսի համար ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ: «Եթե թվարկելու լինենք, ապա ստացվում է, որ առաջարկվող բարեփոխումն էապես մեղմացնում է միջավայրը, վճարներն են էականորեն կրճատվում, հաշվետվություններն են նվազեցվում, կարճացվում է արտոնագիր ստանալու ժամկետը, ներդրվում է «մեկ պատուհանի» սկզբունք, այսինքն բոլոր կետերը դրական են», ասաց վարչապետը: Նրա հավաստիացմամբ, ակնհայտ է, որ բողոքի ակցիա կազմակերպողներն ամենեւին էլ տաքսու վարորդները չէին, այլ որոշ սեփականատերեր, որոնց ձեռնտու չէ այս բարեփոխումը:

«Տարեկան կտրվածքով մենք մասնավոր հատվածին 1,5 միլիարդ դրամ խնայողություն ենք ապահովում, իրենք ավելի հարմարավետ միջավայրում են աշխատելու, դեղին համարների համար ծախս չեն անելու. պետությունն այսուհետեւ անվճար է իրականացնելու նրանց հաշվառումը, 30 օրվա փոխարեն 5 օրվա ընթացքում ենք արտոնագիր տալու, ընդ որում` տարածքներում, որպեսզի չգան, հասնեն Երեւան, հաշվետվություններն ենք վերացնում, բազմաթիվ անիմաստ տեխզննումները, որոնք ձեւականորեն կային, բայց չէին կատարվում, ծախսատար էին. այս ամենը վերացնում ենք: Կարեւորն այն է, որ բարեփոխումն առավելապես անապահով խավին է վերաբերում», եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

Կառավարության հաստատած փոփոխություններին եւս մեկ անգամ անդրադարձավ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Նա նշեց, որ Երեւանից դուրս լիցենզիաների տրամադրման կարգը կիրականացվի 1 պատուհանի սկզբունքովՙ մարզպետարանում: Այսինքն, տաքսիստներն այլեւս ստիպված չեն լինի լիցենզիա ստանալու համար Երեւան գալ:

Հաջորդ փոփոխությամբ տաքսիների համար նախատեսված պետական տուրքն ու հաստատագրված վճարը կդառնան մեկ միասնական արտոնագրային վճար` Երեւանումՙ ամսական 12 հազար դրամ, շրջաններումՙ 4 հազար դրամ: Տաքսիստները նաեւ հաշվետվություն չեն ներկայացնիՙ խնայելով ամսական 3 հազար դրամ: Դեղին համարանիշը հանելը թույլ է տալիս խնայել եւս 17 հազար դրամ: Փոխարենը անվճար կտրամադրվեն ինքնակպչող կտրոններ: Հանվել են նաեւ տրանսպորտային միջոցի կայանատեղ ունենալու, ամենօրյա բուժզննման ու տեխզննման պահանջները, ինչը թույլ կտա տաքսիստներին ամսական խնայել 10-15 հազար դրամ:

Հիշեցնենք, որ այս փոփոխություններին բազմիցս անդրադարձել ենք մեր թերթում: Մեր մտահոգություններից առաջինն այն էր, որ նոր կարգով ավելի դժվար կլինի տաքսիները ստվերից հանելն ու նրանց օրինական դաշտում գործելը վերահսկելը: Եթե ճանապարհային ոստիկանությունն ու տրանսպորտի եւ կապի նախարարությունը դա չէին կարողանում անել դեղին համարների դեպքում, որոնք ավելի ակնառու էին, ապա ինչպե՞ս է դա արվելու հետեւի ապակուն փակցված կտրոնների պարագայում: Նշենք, որ գործող տաքսիների մոտ 30 տոկոսն այժմ ստվերում են:

Երկրորդ մտահոգությունն առնչվում էր մեզ` սպառողներիս: Այս փոփոխությունները շահավետ լինելով տաքսիների համար, որքանո՞վ են շահավետ սպառողների համար: Արդյոք այսուհետեւ բոլոր տաքսիները կունենա՞ն հաշվիչներ, իսկ ունենալու դեպքում` արդյոք դրանք չե՞ն խաբի` նույն ճանապարհը նույն ուղեվարձի պարագայում տարբեր տաքսիներ մի քանի հարյուր դրամ տարբերությամբ տեղափոխելով, ինչպես հիմա է:

Այս մտահոգությունների հետ կապված ոչ մի հիմնավոր պարզաբանում կառավարության, տրանսպորտի եւ կապի նախարարության, ճանապարհային ոստիկանության եւ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից առայժմ չի տրվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 29-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ