RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


2019 թ. հոկտեմբերին ToTo-ն ՝՝Ազգ՝՝ շաբաթաթերթում առաջարկել էր 10 միլիոն ծառ տնկելու փոխարեն, տնկել մեկը, բայց շատ հզոր:

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ

Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1983, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 75

«ՏՈՏԵՆՀԵՄԸ» ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՄՈԴՐԻՉԻ ՓՈԽԱՐԻՆՈՂ

Լրատվամիջոցներում շարունակվում են Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունները: Ըստ «Իզվեստիայի», հայ ֆուտբոլիստն ամռանը հավանաբար հայտնվի Անգլիայի պրեմիեր լիգայում: Նրանով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը», որն արդեն նախնական բանակցություններ է վարել «Շախտյորի» ղեկավարության հետ: Ըստ «Իզվեստիայի», «Տոտենհեմը» մտադիր է ամռան տրանսֆերային շրջանում զգալիորեն ուժեղացնել կազմը: Ամենայն հավանականությամբ, «Տոտենհեմից» կհեռանա թիմի գլխավոր «աստղ» Գարետ Բեյլը, որի դիմաց ակումբը մտադիր է 60 մլն եվրո ստանալ: Այդ գումարով թիմի ղեկավարությունը ցանկանում է գնել Հենրիխ Մխիթարյանին, «Այաքսի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին եւ «Սեւիլիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին:

Ֆուտբոլային հայտնի գործակալ Կոնստանտին Սարսանիան հաստատել է վերը նշվածը. «Կարող եմ միայն հաստատել, որ Մխիթարյանով շատ ակումբներ են հետաքրքրված, սակայն չեմ նշի, թե կոնկրետ ո՞ր թիմերի մասին է խոսքը: Նա իրոք շատ որակյալ ֆուտբոլիստ է: Նրա վարպետությունն ու ներուժը գրավել են շատ ակումբների ուշադրությունը: Սակայն «Շախտյորն» էլ ուժեղ ակումբ է, որը դժկամությամբ կբաժանվի իր առաջատարից: Ուստի շատ բան պայմանավորված կլինի Մխիթարյանի ցանկությունից եւ ակումբի նախագահ Ռինատ Ահմետովից»:

Երկար տարիներ «Տոտենհեմի» առաջատարը խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն էր: Սակայն մրցաշրջանի մեկնարկից առաջ նրան 30 մլն եվրոյով վաճառեցին «Ռեալին»: Նրա հեռանալուց հետո թիմում խաղը կազմակերպողի դերը ոչ ոք չկարողացավ զբաղեցնել: Ուստի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հույս ունի, որ այդ դերը կարող է հաջողությամբ ստանձնել Հենրիխ Մխիթարյանը:

Կիեւի «Դինամոյի» եւ ԽՍՀՄ հավաքականի նախկին անվանի կիսապաշտպան Լեոնիդ Բուրյակն էլ համոզված է, որ Մխիթարյանը հաջողությամբ կարող է հանդես գալ եվրոպական առաջատար ակումբներում. «Մխիթարյանը Ուկրաինայի պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից մեկն է: Վերջին տարիներին նա շատ է առաջադիմել: Հենրիխը նաեւ հետխորհրդային ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» առաջատարը: Նա չի կորչի եվրոպական ուժեղ ակումբներում: Սակայն «Շախտյորն» էլ եվրոպական չափանիշներով բավականին լավ թիմ է եւ կարելի է տեղափոխության հարցում չշտապել: Ամեն դեպքում Հենրիխը կայուն բնավորությամբ եւ հիանալի վարպետությամբ անձնավորություն է: Վստահ եմ, որ նա կընտրի ճիշտ ուղին»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը մինչեւ 2015-ի ամառը գործող պայմանագիր ունի «Շախտյորի» հետ: Նրա տրանսֆերային արժեքը ներկայումս հասել է 17 մլն եվրոյի: Վերջերս Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, թե ամռանը պատրաստվում է հեռանալ «Շախտյորից», ինչն ուկրաինական ակումբի ղեկավարությանն անհանգստանալու տեղիք էր տվել: Իսկ ահա եվրոպական ակումբները բավականին աշխուժացան եւ սկսվեց մրցավազքը Մխիթարյանին ձեռք բերելու համար: Ճիշտ է, օրերս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե Հենրիխը պարզապես կատակել էՙ նշելով «Շախտյորից» հեռանալու ցանկության մասին: Սակայն, ինչպես ասում են, յուրաքանչյուր կատակում ճշմարտության հատիկ կա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ