RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


2019 թ. հոկտեմբերին ToTo-ն ՝՝Ազգ՝՝ շաբաթաթերթում առաջարկել էր 10 միլիոն ծառ տնկելու փոխարեն, տնկել մեկը, բայց շատ հզոր:

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1942, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 102

ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԵՐԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ

9 տարի անց պատմությունը կրկնվեց

Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ Չեխիայի ընտրանուն, որը երեւանյան հանդիպումից ընդամենը 3 օր առաջ սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվել էր դանիացիներին: Չեխերը վրեժխնդիր եղան հայերիցՙ 3-0 խոշոր հաշվով համոզիչ հաղթանակ տոնելով:

Միայն առաջին խաղակեսում մեր հավաքականին հաջողվեց քիչ թե շատ մրցակցել հյուրերի հետ: Մեր հավաքականը հիմնականում գրոհները կազմակերպում էր ձախ եզրով, որտեղ բավականին ակտիվ էին գործում Գեւորգ Ղազարյանն ու Յուրա Մովսիսյանը: Վերջինս թեեւ գտնվում էր հյուրերի պաշտպանների խիստ հսկողության տակ, կարողացավ մի քանի դրվագներում ձերբազատվել նրանցից ու սպառնալ Պետեր Չեխի պաշտպանած դարպասին: Սակայն, ցավոք, այդպես էլ մարզասերները գոլի բերկրանքը չվայելեցին:

Ատլետիկ կազմվածքով չեխ ֆուտբոլիստները բավականին հմտորեն էին գործումՙ մեկ հպումով փոխանցումներով արագ գրոհներ կազմակերպելով: Հատկապես վտանգավոր էին ստանդարտ դրությունները, որոնց ժամանակ չեխերը հաճախակի էին հաղթող դուրս գալիս օդային մենամարտում ու վտանգավոր պահեր ստեղծում Բերեզովսկու պաշտպանած դարպասին: Բայց առաջին խաղակեսում մեր դարպասապահը վստահ խաղաց մի քանի դրվագներումՙ չեզոքացնելով վտանգը:

Թվում էր, թե ընդմիջումից հետո դաշտի տերերը ավելի կակտիվանան եւ մեծ ուժերով ճնշում կգործադրեն չեխերի դարպասին: Բայց 47-րդ րոպեին բաց թողած գոլը լրիվ կազմալուծեց մեր հավաքականի խաղը: Չեխերը հմտորեն օգտվեցին դաշտի կենտրոնում մեր ֆուտբոլիստների անփութությունից եւ արագ հակագրոհի արդյունքում Թոմաշ Ռոսիցկին գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: Դրանից հետո դաշտի տերերին մնում էր մեծ ուժերով գրոհներ կազմակերպել ու փորձել վերականգնել հավասարակշռությունը: Ցավոք այս անգամ մեր ֆուտբոլիստների խաղն առջեւի գծում չստացվեց:

Երկրորդ խաղակեսում նրանց գրոհները հիմնականում անավարտ էին մնում սխալ փոխանցումների հետեւանքով: Իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան Մարկոսը, Էդգար Մանուչարյանը, Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը, իսկ Արաս Օզբիլիսի եւ Արթուր Սարկիսովի խաղադաշտ դուրս գալը առանձնապես սրություն չմտցրեց հավաքականի գրոհներում: Իսկ ահա չեխերը կրկին հմտորեն օգտագործեցին մեր պաշտպանների սխալները եւ երկու անգամ հասան հաջողության: Աչքի ընկան Մաթեյ Վիդրան եւ Դանիել Կոլարը:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ու էլ ավելի վատթարացրեց մրցաշարային իրավիճակը: Կրկնվեց 9 տարվա վաղեմության պատմությունը: 2004-ին Բեռնար Կազոնիի օրոք Հայաստանի հավաքականը Երեւանում պարտվել էր նույնպիսիՙ 0-3 հաշվով:

Չեխերի հետ հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականում լուրջ հիմնախնդիրներ կան ոչ միայն պաշտպանության, այլ նաեւ գրոհների կազմակերպման եւ դրանց արդյունավետ եզրափակման հարցերում: Արդարության համար պետք է նշել, որ նման խաղով Չեխիայի հավաքականի պես ուժեղ մրցակցի հետ պայքարում դժվար էր հաջողություն ակնկալել: Այս պարտությունը մեր ֆուտբոլիստների համար պետք է դաս լինի: Հարկավոր է լուրջ հետեւությունների հանգել, որպեսզի հետագա հանդիպումներում էլ հավաքականի խաղը դառը հիասթափություն չպատճառի ֆուտբոլասերներին, որոնք իրենց սիրելի թիմի հաղթանակի ակնկալիքով էին երեկ հավաքվել «Հանրապետական» մարզադաշտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ