ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ Ի. Պ. Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են դիտակների վերականգնման ու արդիականացման աշխատանքներ: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի փոխանցմամբ` աստղադիտարանում ընթացող կարեւոր աշխատանքներից մեկն էլ 2,6 մ երկարությամբ աստղադիտակի հայելու ալյումինապատումն է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկ Հարությունյանը տեղակացրեց, որ այս տարեսկզբից Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության որոշմամբ ու հետագայում նաեւ կառավարության հաստատմամբ Բյուրականի աստղադիտարանը ճանաչվել է ազգային արժեք, ինչպես օրինակ` Մատենադարանը: Իսկ աստղադիտարանում վերականգնման աշխատանքները մեկնարկել են վակումային սարքերի վերանորոգմամբ, ինչի համար գումարը տրամադրել է Գիտությունների ակադեմիան: Աստղադիտարանի բյուջեն մինչեւ 2012 թվականը կազմել է 65 միլիոն դրամ, սակայն այս տարի բյուջեից տրամադրվող գումարի չափն ավելացել է` կազմելով 185 միլիոն դրամ: Ինչ վերաբերում է Բյուրականի աստղադիտարանը վաճառելու մասին խոսակցություններին, ապա ըստ Հայկ Հարությունյանի, դրանք անիրական են. ինչպես նշվեց, աստղադիտարանը ճանաչվել է ազգային արժեք, հետեւաբար ոչ ոք չի կարող վաճառել: Իսկ վաճառքի մասին խոսակցությունները ծագել են ելնելով հանգամանքից, որ «Ռոսկոսմոսը» աստղադիտարանում կառուցում է նոր դիտակների կայան, որի կատարած ուսումնասիրություններն ու հայտնագործությունները համարվելու են «Ռոսկոսմոսինը», չնայած կայանում աշխատելու են հայ մասնագետներ: «Ռոսկոսմոս» ընկերության միջոցով առաջիկայում նախատեսվում է Բյուրական բերել նաեւ երեք նոր դիտակներ: Հանդիպման վերջում Հայկ Հարությունյանը հույս է հայտնել, որ բյուջեի ավելացումը կնպաստի, որպեսզի աստղադիտարանի դիտողական տեխնիկան վերականգնումից հետո հասնի ժամանակակից չափանիշներին: |