RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


2019 թ. հոկտեմբերին ToTo-ն ՝՝Ազգ՝՝ շաբաթաթերթում առաջարկել էր 10 միլիոն ծառ տնկելու փոխարեն, տնկել մեկը, բայց շատ հզոր:

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1324, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ՏԽՄԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ, Փարիզ, 25 մարտի 2013թ.

Հոբելյանական տարեդարձերն իրենց օգտակարության հետ նաեւ թաքնված վտանգներ ունեն: Պետք է իմանաս, թե ինչու ես նշում եւ ինչպես: Օրինակՙ վերջերս Ռուսաստանն ամենայն հանդիսավորությամբ նշեց Ստալինգրադի ճակատամարտի 70-ամյակը: Այն, ինչ կարողացա տեսնել ռուսական հեռուստատեսությամբ, խոսում էր այն մասին, որ տարեդարձը նշվում է ազգային եւ պետական գաղափարախոսության արդի հրամայականով. արթնացնել ռուս ժողովրդի ոգին, սերմանել հերոսականության, անձնազոհության գաղափարը եւ մանավանդ աշխարհին ցույց տալ, որ այդ ճակատամարտով ռուս ժողովուրդը բացեց Եվրոպայի փրկության դուռը: Ամեն ինչ կազմակերված էր եւ ճշգրտորեն հաշվարկված: Գուցե եղան նաեւ ուրիշ կարծիքներ, սակայն ես որեւէ վրիպում, որեւէ ձախավեր քայլ չտեսա հեռուստահաղորդումներում կամ չկարդացի թերթերում:

Նույնպիսի եւ մեզ համար անհամեմատ ավելի կարեւոր, կարելի է ասելՙ ճակատագրական մի տարեդարձ է սպասվում: Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակը: Երեւի օր չկա, որ լրատվություն չկարդանք այդ առնչությամբ: Խելացի, օգտակար եւ մանավանդ քաղաքականապես գրագետ ծրագրերի եւ նախաձեռնությունների կողքին, երբեմն-երբեմն, հանդիպում են արկածախնդրության, խաբեության, առասպելաբանության «սեռին պատկանող», բացահայտ ստի եւ զավեշտի սահմանագծին գտնվող լրատվություններ: Դրանց հեղինակները հիմնականում եզան պոզին նստած ճանճեր են, որ փորձում են այդ կերպ իրենց անունն ասպարեզ գցել: Թե հետո ինչ կլինի, կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մի շրջան անունդ հոլովվելու է:

Փառքի այդ մուրացկաններին ես շատ հակված չեմ մեղադրելու, մեղավորն ավելի շատ մամուլն է, որ պարբերաբար տարածում է այդ կեղծիքները եւ ոչ մի անգամ հերքում չի տպում, իբր, կներեք, հարգելի ընթերցողներ, չարաշահելով մեր դյուրահավատությունը, մոլորության մեջ են գցել մեզ, մենք էլՙ ձեզ, հաջորդ անգամ մինչեւ տպելն անպայման կստուգենք:

Բայց այն, ինչի մասին պատրաստվում ենք գրել, անհամեմատ ավելի վտանգավոր է, քան համեմատաբար անվնաս այս ստերը եւ, ի տարբերություն դրանց, սպառնում է իրականություն դառնալ:

Փարիզում լույս տեսնող «Ֆիգարոսկոպ»-ի վերջին համարում (մարտի 20-26, 2013թ. էջ 18) տեղ գտած համառոտ լրատվությունը հայտնում է, որՙ 1993 թ. Հայաստանից Ֆրանսիա գնացած, «երրորդ հարկի» բնակիչ Արմեն Ռոչ (Rotch) անունով մեկը որոշել է յուրովի նշել Եղեռնի հարյուրամյակը: Նա մտադիր է մինչեւ 2015 թ. հունվարը հավաքել 1,5 միլիոն թեյի տոպրակ եւ, ինչպես թերթն է գրումՙ «ստեղծել հավաքական ու վաղանցուկ մի գործ նրանց (զոհերի-Ալ.Թ.) հիշատակին»:

Սակայն դրանք սովորական տոպրակներ չեն լինելու, այլ թեյի գործածված, այսինքնՙ խմված, սեղմված եւ չորացված տոպրակներ:

Թե ինչու թեյի եւ, մանավանդ, ինչու խմված, մեծարգո Ռոչը ոչինչ չի ասում: Գուցե նա մի բան գիտի թեյի եւ հայկական ցեղասպանության թաքնված աղերսների մասին, սակայն նման առնչություն մեզ հայտնի չէ, չնայած մի քանի տասնյակ գրքեր ենք կարդացել այդ նյութին նվիրված: Ցեղասպանության պատմությունը մեզնից ավելի լավ իմացողներ կան, գուցե նրանք ասեն: Մենք հո ամեն ինչ չգիտենք:

Մինչեւ մենք կփորձենք մեր համեստ կարողություններով վերծանել այս առեղծվածը, լուրն արդեն տարածվում է բերնեբերան: Ֆրանսիական թերթի համառոտ լրատվությանն անմիջապես հաջորդել է «Նոյյան տապան»-ի ֆրանսերեն տարբերակը, ըստ որում մանրամասնված եւ նույնիսկ տեսականորեն հիմնավորված:

Համակ ուշադրություն դարձած կարդացինք այդ հոդվածը, բայց, ավա՜ղ, այնտեղ ոչ մի բացատրություն չգտանք, թե թեյն ու ցեղասպանությունն ինչ կապ ունեն իրար հետ: Բայց փոխարենը կարդացինք տեսականի հավակնություն ունեցող այսպիսի մտավարժանքներ. «Ժամանակակից արվեստում շատ հաճախ գաղափարները, հղացքները նախորդում են ստեղծագործությանը: Ինձ համար իրերը գալիս են բնականորեն, ինչպես ակնհայտություն, ոչ թե մեկը մյուսի ետեւից, այլ ավելի շատ մեկը մյուսի հետ...» («Noyan Tapan», Երեւան, N11, մարտ, 2013թ., էջ 5):

Միքելանջելոն յուր Դավիթը քանդակելուց առաջ ոչ միայն «գաղափար» եւ «հղացք» ուներ, այլեւ կերտվելիք գործի հստակ տեսլականը: Եվ ընդհանրապես, մարդը, նույնիսկ ամենաապաշնորհը, ինչ-որ բան անելուց առաջ ինչ-որ գաղափար է ունենում, թեկուզ զառանցագին, բայց ունենում է, միայն մեղուներն են, որ իրենց մեղրամոմե տնակն են կառուցում լոկ բնազդով, առանց որեւէ «հղացքի» կամ «գաղափարի»: Բայց պրն Ռոչը, ինչպես տեսնում ենք, ո՛չ մեկն է, ո՛չ մյուսը: Անշուշտ, նա «գաղափար» ու «բնազդ» ունի, բայց մեզ չի համոզում, թե ինչու թեյ, ինչու խմած եւ ինչու հատկապես 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Նույն հաջողությամբ կարող էր սուրճի կապսուլներ հավաքել, շշի խցաններ, գործածված պամպերսներ, վերջապես, մեղա՜ Տեր, միլիոնուկես գործածված պահպանակներ... Ի դեպ, ինչո՞ւ ոչ, դա խելքին ավելի մոտիկ կլիներՙ չէ՞ որ դրանք միլիոնուկես չհղիացված, չծնված մանուկներ են, եթե, իհարկե, այդ պահպանակները բացառապես կանանց հետ հարաբերվելիս են գործածվել...

Բայց կատակը մի կողմ:

Մենք առանձապես շեշտում ենք Ցեղասպանության հանգամանքը: Իր «երրորդ հարկում», իր նմանների հետ, շառլատանական ինչ փորձարարություն ուզում է թող անի, սակայն ողբերգական այդ նյութին առնչվելիս, նա, ուզի թե չուզի, մտնելու է քաղաքական-գաղափարական մի տարածք, որտեղ գործելու են խաղի որոշակի կանոններ, եւ այդտեղ գեղագիտական ձախողումը խստիվ արգելված է, առանց այն էլ արդեն հասցրել ենք «հայրենասիրական» բավականաչափ աղբ ու զիբիլ արտադրել:

Վերադառնանք Ստալինգրադ: Այդ քաղաքում վերջերս դատեցին եգիպտացի մի արաբի, որը զոհերի հուշարձանին արել էր այն, ինչը պիտի աներ միայն պետքարանում: Նրան տարիուկես տվեցին: Չափազանց մարդասիրական վճիռ, քանի որ, եթե մի քյաֆիր Կահիրեի մզկիթներից մեկի պատին միզեր, ապա ուղղափառ մահմեդականները նրան վայրկանապես կբզկտեին եւ անպատիժ կգնային տունՙ սպասելով Ալլահի մոտալուտ պարգեւին:

Ասելիքը հետեւյալն է. պրն Ռոչի (ի դեպ, ինչպե՞ս էր կոչվում նա 1993թ. առաջ) մտադրությունը ես չեմ նույնացնում եգիպտացի արաբի սրբապղծության հետ: Պրն Ռոչն առայժմ վաղահաս զառամախտի եւ ինքնահավան տխմարության տիրույթներում է, սակայն մեր օրերում երեւույթների սահմանագծերը չափազանց հեղհեղուկ են, ուստի չի բացառվում, որ իր զգայացունց մտադրությամբ ակամա մոտենա սրբապղծության սահմանին եւ նույնիսկ հաստատվի այնտեղ:

Ուստի եղբոր պես ուզում ենք խնդրել պրն Ռոչին, որ հրաժարվի այդ գաղափարից կամ, եթե արդենՙ խմած, սեղմված ու չորացված թեյի բավականաչափ պաշար է հավաքել եւ ափսոսում է դեն նետել (պիտի հասկանանք, այնուամենայնիվ ջանք է թափել), թող ուրիշ անուն տա ստեղծագործական իր այդ սլացքին, եթե պետք է, կօգնենք նրանՙ մի բարեհունչ վերնագիր գտնելու, միայն թե, ի սեր Աստծո, օրավուր աճող այդ հսկայական աղբը հեռու պահի ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԶՈՀԵՐԻ հիշատակից...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ