RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


2019 թ. հոկտեմբերին ToTo-ն ՝՝Ազգ՝՝ շաբաթաթերթում առաջարկել էր 10 միլիոն ծառ տնկելու փոխարեն, տնկել մեկը, բայց շատ հզոր:

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



Անդրադարձ

Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 2109, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ՆՈՐ ՊԱՊ, ՆՈՐ ՀՈՒՅՍԵՐ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Բենեդիկտոս 15-րդի հրաժարականով մի պահ շփոթ իրավիճակ ստեղծվեց կաթոլիկական եկեղեցու ներսում, որովհետեւ պապությունը ցմահ պաշտոն է եւ հրաժարման մի դեպք է արձանագրվել ցարդ, այն էլ մի հազարամյակ առաջ: Շուտով, սակայն, նոր պապիՙ Ֆրանցիսկի ընտրությամբ ցնծությունը վերականգնվեց կաթոլիկական աշխարհում:

Կարդինալ Աղաջանյանի կենդանության օրոք կոնկլավը շրջանցեց նրան, որովհետեւ այդ ժամանակ միայն իտալացի հոգեւորականներն իրավունք ունեին ընտրվելու այդ պաշտոնում: Բայց նրա մահվանից հետո մի լեհ պապ ընտրվեց, որին հաջորդեց Բենեդիկտոսըՙ Գերմանիայից, իսկ այս վերջինն էլՙ Հարավային Ամերիկայից: Պապ Ֆրանցիսկը դարձավ Սուրբ Պետրոսի գահի 266-րդ պոնտիֆիկը:

Բայց ինչո՞ւ է նոր պապի ընտրությունն այդքան ոգեւորություն կամ հետաքրքրություն առաջացրել մյուս, այդ թվում նաեւ Հայ առաքելական, եկեղեցիների հավատացյալների շրջանում:

Նախ պետք է ընդունել, որ ոգեւորությունն ու լրատվական միջոցների հետաքրքրությունները վարակիչ են: Երկրորդՙ գաղտնիք չէ, որ պապական գահն ունի նաեւ հզոր քաղաքական իշխանություն: Ճիշտ է, անցել են այն ժամանակները, երբ պապերն ու կարդինալները Եվրոպայում ունեին բացարձակ իշխանություն անհատների վրա ինկվիզիցիոն գերագույն տրիբունալների միջոցով: Կաթոլիկ հոգեւորականները, նացիստների եւ կոմունիստների նման, վերահսկում էին անհատների մտածողությունը, եւ հերետիկոսության մեղադրանքը մահազանգ էր դրանում կասկածվածների համար: Բայց այսօր էլ պապերն ունեն բարոյական հզոր իշխանություն, որն անհրաժեշտության դեպքում կարող է վերածվել քաղաքական իշխանության:

Հայկական համայնքներում ոգեւորությունը մասամբ կարելի է բացատրել, որ արգենտինացի նախկին կարդինալ Բերգոլիոն ժամանակին արգենտինահայ համայնքների հետ շփումների ընթացքում հանդես էր եկել Հայոց ցեղասպանությանը վերաբերող դրական հայտարարություններով: Հայաստանի եւ հայերի հետ կապերն էլ ավելի ամրապնդելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Վատիկան մեկնեցինՙ մասնակցելու նոր պապի գահակալության արարողություններին: Դա շատ կառուցողական քաղաքական քայլ էր:

Հաղորդվում է, որ յոթ տարի առաջՙ Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների ժամանակ Բուենոս Այրեսում այդ ժամանակ դեռեւս արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն Թուրքիային կոչ է արել անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «հայ ժողովրդի եւ ողջ մարդկության դեմ գործված Օսմանյան կայսրության ծանրագույն հանցագործություն»: Հաղորդվում է նաեւ, որ նա գործնական դերակատարություն է ունեցել Բուենոս Այրեսի մետրոպոլիտենի վանքում հայկական խաչքար տեղադրելու գործում: Նա ողջունել եւ հանդիպել էր Գարեգին Բ կաթողիկոսին հետ Արգենտինայում եւ մասնակցել Հայ առաքելական եկեղեցու մի շարք էկումենիկ միջոցառումների:

Հայերս պետք է գնահատենք նրա անվեհեր կեցվածքը ցեղասպանության հարցի վերաբերյալ, բայց չմոռանանք, որ մարդիկ իշխանության ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելով, հաճախ փոխում են իրենց կարծիքները: Այդպիսի փորձառություն մենք ունեցել ենք: Նախագահներ Օբաման եւ Ջորջ Բուշ կրտսերը, ինչպես նաեւ պետքարտուղարներ Հիլարի Քլինթոնն ու Ջոն Քերրին անամոթաբար փոխել են իրենց դիրքորոշումները պաշտոնի գլուխ անցնելուց հետո:

Մենք հարցականի տակ պետք է դնենք նաեւ Հովհաննես Պողոս Բ պապի խուսափողական ձեւակերպումը, երբ Հայաստան այցելության օրերին, փոխանակ իրերն իրենց անուններով կոչելու, նա ապաստանեց «Մեծ եղեռն» եզրին, որը նույն իմաստը չունի, ինչ ցեղասպանություն բառը: Նա քաղաքական գործիչ չէր, ուստի ի՞նչն էր դրդել նրան դիմելու նման խորամանկության եւ խուսափել ճշգրիտ բառի օգտագործումից:

Դրանով նա փաստորեն ավելի վնաս հասցրեց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Նախագահ Օբաման նմանակեց նրանՙ այդ բառի հետեւում թաքցնելով իր բարոյական դիրքորոշումը, որ նա բարձրացրել էր նախքան նախագահ դառնալը:

Հիշենք նաեւ, որ Հովհաննես Պողոս պապը, հակառակ իր հմայիչ արտաքինին եւ Խորհրդային կայսրության փլուզմանը բերած իր լումային, չվարանեց համբուրվել Արգենտինայի զորավար Գալտիերիի հետ: Վերջինս նախագահ Խորխե Ռաֆայել Վիդելայի համագործակցությամբ իրականացրել էր Արգենտինայի կեղտոտ պատերազմը, որ 30 հազար մարդկանց կյանքը խլեց եւ շատերին հաշմանդամ դարձրեց:

Ինչպես նշեցինք, պապությունն իրական աշխարհում ունի նաեւ քաղաքական բնույթ: Այդ էր պատճառը, որ Արգենտինայի ներկա նախագահ Քրիստինա Քիրշները առաջիններից էր պետության ղեկավարներից, որ շտապեց Վատիկանՙ խնդրելու պապին, որ միջամտի իր երկրի անունից Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիների հարցում: Հայտնի է, որ նոր պոնտիֆիկը տարաձայնություններ ունի տկն Քիրշների եւ նրա վաղամեռիկ ամուսնուՙ նախագահ Նեստոր Քիրշների հետ սոցիալական որոշ հարցերում: Այնպես որ ապագան ցույց է տալուՙ թե նա օժանդակելո՞ւ է Արգենտինային: Բուենոս Այրեսում եղած ժամանակ նա նշել էր, որ Բրիտանիան «ապօրինաբար զավթել» էր այդ տարածքները Արգենտինայից:

Կարծես բանակռիվը այս կղզիների առնչությամբ սաստկանում է այն ժամանակից ի վեր, երբ նավթ հայտնաբերվեց դրանց առափնյա շրջաններում: Քաղաքական այս կողմնակի շոուն համընկնում է պապական տոնակատարությունների հետ: Միեւնույն ժամանակ հեգնական է, որ անամոթաբար ժխտելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքըՙ Մեծ Բրիտանիան հանրաքվե է անցկացնում այդ տարածքներում, որոնք հիմնականում բրիտանացիներով են բնակեցված, պարզապես շեշտելու համար, որ Ֆոլկլենդյան կղզիների ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք եւ քվեարկել է հօգուտ Բրիտանիայի հետ մնալուն:

Տարիներ շարունակ Ֆրանցիսկ պապը պաշտպանել է աղքատներին եւ նեցուկ կանգնել նրանց: Նրան բնութագրող գծերից են անձնական հեզությունն ու դավաբանական պահպանողականությունը, չնայած որոշ հարցեր վերջերս բարձրացվել են նրա անգործության վերաբերյալՙ հատկապես Արգենտինայի բռնատիրական ժամանակահատվածում: Կարծես նա պոնտիֆիկներից ամենաիրազեկն է Հայոց պատմական անցյալի մանրամասներով, եւ մենք պետք է ապավինենք դրան Վատիկանի հետ մեր հարաբերությունների զարգացման գործում:

Հայաստանը վերջերս նախագահի փեսայինՙ Միքայել Մինասյանին նոր դեսպան նշանակեց Վատիկանում, նպատակ ունենալով ամրապնդել կապերը Վատիկանի հետ:

Այժմ նոր պապի ընտրությամբ նոր հույսեր են զարթնում: Ֆրանցիսկ պապը վստահաբար կարող է դրական փոփոխություններ մտցնել այդ հարաբերություններումՙ հատկապես վերահաստատելով իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում եւ խուսափելով Հովհաննես Պողոս պապի մտացածին շեղումներից:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմանեց Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ