ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱԽՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ 5 ԺԱՄ ՄԵՆԱԿ ԷՐ ՄՆԱՑԵԼ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը երեկ գիշեր հայտարարեց, որ մարտի 23-ին մահացած նախկին ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկու դիահերձումն ավարտվել է: Բժշկական եզրակացության համաձայն, մահը վրա է հասել կախվելու հետեւանքով, բայց պայքարի հետքեր չեն հայտնաբերվել: Այդ մասին հաղորդում է «Թելեգրաֆ» թերթը: Լրագրողները եւ ոստիկանները այժմ գլխավոր վկա են համարում Բերեզովսկու թիկնապահին, իսկ գլխավոր իրեղեն ապացույցը առանձնատանը հայտնաբերված շարֆն է: Թիկնապահը, որի անունը չի հրապարակվում, պատմել է, որ մարտի 23-ին, առավոտյան ժամը 10-ին Բերեզովսկին իրեն քաղաք էր ուղարկել զանազան հանձնարարություններ կատարելու: Ժամը 15-ին վերադառնալովՙ ինքը Բերեզովսկուն տանը չէր գտել: Նկատել էր նրա բջջային հեռախոսըՙ մի քանի անպատասխան զանգերով: Լոգասենյակի փակ դուռը կոտրելուց հետո այնտեղ գտել էր Բերեզովսկու անշնչացած մարմինը: Ոստիկանությունը պնդում է, որ քննությունը չի ավարտվել: Անցկացվում են նաեւ թունաբանական փորձաքննություն եւ հյուսվածքների տարրալուծումներ: Դա կարող է տեւել մի քանի շաբաթ: Այդ բոլոր արարողակարգերից հետո մահվան պատճառը կհրապարակվի պաշտոնապես: Առանձնատունը պատկանում է Բերեզովսկու նախկին կնոջըՙ Գալինա Բեշարովային: Բերեզովսկու հարազատները պետք է շտապ որոշեն նրա հուղարկավորության վայրը: Բացառված չէ, որ դա լինի Ռուսաստանում, ուր վերջին ամիսներին ձգտում էր վերադառնալ փախստական օլիգարխը: «Թելեգրաֆի» տեղեկությունների համաձայն, Բերեզովսկին վերջերս ունեցել է միայն մեկ թիկնապահ, որը իսրայելական «Մոսսադ» հետախուզության նախկին աշխատակից է եւ որի մասին խոսվեց վերեւում: |