RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-02-25 23:35:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1120, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 52

«ՁՄՌԱՆԸ ԲՈՂԲՈՋԱԾ ԾԻՐԱՆԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՊԱՍԻ ՀԱՋՈՐԴ ԳԱՐՈՒՆՆԵՐԻՆ»

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Հայտարարում է թուրք լրագրողըՙ գնահատելով Հայաստանի հետընտրական զարգացումները

Դեռեւս փետրվարի 9-ին, անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների թուրքական արձագանքներին, նշել էինք, որ Թուրքիան այն հետաքրքրությունը չունի, ինչ նախորդ ընտրություններում էր, սակայն անտարբեր չէ արդյունքների հանդեպ:

Այդ առումով հատկանշական էինք համարել «Դունյա բուլթենի» կայքէջում «2003-ը Կովկասի համար կդառնա՞ վերափոխման տարի» վերնագրով անստորագիր հրապարակված հոդվածը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Որքան էլ Սերժ Սարգսյանը վայելի Կրեմլի աջակցությունը, ակնհայտ է, Սաակաշվիլու տարբերակը Հայաստանում կիրառելու արեւմտյան տերությունների մտադրությունը»:

Հիրավի գործող նախագահը վայելում էր Մոսկվայի աջակցությունը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրությունների հաջորդ օրը հաղթանակի առթիվ շնորհավորեց Սերժ Սարգսյանին: Ավելին, շնորհավորանքի առումով մեկ օրվա տարբերությամբ Մոսկվայի օրինակին հետեւեց նաեւ Պեկինը: Սակայն Սերժ Սարգսյանին շնորհավորեցին նաեւ Իտալիան, Ֆրանսիան, Ավստրիան, այսինքնՙ արեւմտյան տերությունները:

Եթե նույնիսկ Մոսկվայի ու Պեկինի շուտափույթ շնորհավորանքը համարենք ազդանշանՙ ուղղված «Հայաստանում Սաակաշվիլու տարբերակը կիրառելու մտադրություն ունեցող արեւմտյան տերություններին», որոնց մեջ առանցքային տեղ ունի ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, չենք կարող չնշել, որ թեկնածուների ժողովրդականությունը պայմանավորված չէ միջազգային ուժերի աջակցությամբ կամ մտադրություններով: Թեեւ դրանք որոշակի նպաստում են նախընտրելի թեկնածուի հաղթանակին, սակայն այդ հաղթանակը նույնպես ժողովրդականություն չի ապահովում:

Հետեւաբար հարց է ծագումՙ ի՞նչ ընթացք կունենան հետընտրական զարգացումները Հայաստանում: Հարցին «Հաբեր թուրքի» փետրվարի 24-ի համարում պատասխանում է Ամբերին Զամանը: Ահա թե ինչ է գրում նա «Ծիրանի հեղափոխությունը Հայաստանում» վերնագրով հոդվածում.

«Ինչպես որ ենթադրվում էր, գործող նախագահը առաջին փուլում ստացավ ձայների 58 տոկոսը: Այսպիսով, նա ձեռք բերեց զբաղեցրած աթոռին եւս հինգ տարի բազմելու իրավունք: Ընտրությունների անակնկալը նրա գլխավոր մրցակցի ձեռք բերած 36,7 տոկոսի ձայներն էին: Ոչ ոք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանից այսպիսի առաջխաղացում չէր սպասում: Փետրվարի 18-ի ընտրություններում լիովին խախտվեց անգիր արված կարգը: Ծնունդով ամերիկացի Հովհաննիսյանն ասաց, որ պաշտոնական տվյալները չեն արտացոլում ընտրությունների արդյունքները, տեղի են ունեցել անօրինականություններ, հետեւաբար հաղթողն ինքն է: Նա վերընտրության կոչ արեց: Այս տողերը շարադրելու պահին հազարավոր մարդիկ Երեւանի Ազատության հրապարակում հավաքվում էին Հովհաննիսյանին լսելու համար: Ծիրանագույն թեւկապով ցուցարարները (ծիրանի հեղաշրջում արտահայտությունն այս թեւկապից է ծնվել) հակակառավարական կարգախոսներ էին հնչեցնում: Այլ կերպ, չնայած ոստիկանների հոծ բազմությանը, բնակչությունը չէր վախենում զայրույթն արտահայտելուց: Մինչդեռ արեւմտյան դիտորդները, մատնացույց անելով իրական մրցակցության բացակայությունն ընտրություններում, այդուհանդերձ դրանք նախորդ 2008-ի ընտրություններից ավելի ժողովրդավարական են համարել:

Հայաստանի առաջնակարգ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Սալբի Ղազարյանի կարծիքով, Հովհաննիսյանի վերելքը ոչ այնքան անձնական հաջողության, որքան իշխանությունների դեմ բնակչության հակազդեցության հետեւանքն է: Հայկական սփյուռքի կարեւոր դեմքերից Ռիչարդ Հովհաննիսյանի որդինՙ Րաֆֆին եւ նրա գեղեցկուհի կինըՙ Արմինեն, թողնելով Ամերիկայում իրենց բարեկեցիկ կյանքը, հայրենիքին ծառայելու մղումով անկախության առաջին իսկ օրվանից վերադարձան Հայաստան: Նրանք կյանք ու որակ հաղորդեցին խորհրդային համակարգում գորշացած Հայաստանին: Ղազարյանի դիտարկմամբ, Րաֆֆին, բառիս բուն իմաստով իդեալիստ է, այդ իսկ պատճառով էլ չի կարողանում քաղաքականություն խաղալ: Թեեւ նրան սիրում եւ հարգում էին, բայց նրա հաղթանակին լրջորեն չէին հավատում: Ինչպես երեւում է, նախագահ Սերժ Սարգսյանը լրջորեն հավատացել է, որ փետրվարի 21-ին հանդիպեց Հովհաննիսյանի հետ: Ըստ ամենայնի, այսօրվա հանրահավաքում Հովհաննիսյանը պարզաբանումներ կտա հանդիպման մասին: Լայնորեն շահարկվում է Սարգսյանի հետ Հովհաննիսյանի սակարկության խնդիրը: Քանի որ Հովհաննիսյանի կողմն են թեքվել դաշնակցականները, կնշանակիՙ նրանք եւս ձգտում են բաժին հանել այդ սակարկություններից:

Խոսակցություններ են տարածվում, թե Հովհաննիսյանը վարչապետի պաշտոնն է ուզում, սակայն կբավարարվի նաեւ արտգործնախարարի պաշտոնով, իսկ Սարգսյանը նրան առաջարկում է սփյուռքի նախարարությունը: Եթե դա տեղի ունենա, ապա Հովհաննիսյանի առջեւ կծառանա Սիրիայից փախած 7 հազար հայերի խնդիրը: Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտությունն ընդգծող եւ Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունները մերժող Հովհաննիսյանն արտգործնախարարի պաշտոնն ստանձնելու դեպքում ավելի շուտ կմերձենա Արեւմուտքին, քան Մոսկվային: Գուցե չփոխվի նրա դիրքորոշումը Թուրքիայի ու Ղարաբաղի հարցերում, սակայն ձեւակերպումները կփոխվեն:

Եթե իսկապես Սարգսյանն ու Հովհաննիսյանը միմյանց հետ սակարկում են, այդ դեպքում հարց է ծագում, թե սակարկությունները ինչպե՞ս կանդրադառնան Հովհաննիսյանի ժողովրդականության վրա: Հարցի պատասխանը հնարավոր չէ կռահել: Բայց որ ձմեռվա ցրտին բողբոջած «ծիրանի հեղափոխության» համար ամեն դեպքում անհրաժեշտ է լինելու սպասել հաջորդ գարուններին, ակնհայտ է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ