RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-02-25 23:35:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1947, Տպվել է` 99, Ուղարկվել է էլ.փոստով` 99

ԲԱRevolution

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Րաֆֆին հավաստիացնում է, որ կլինի իշխանափոխությունՙ բայց առանց ցնցումների եւ արյան

«Ես այնքան համեստ ու հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացին հավատաց ինձ: Կարեւոր չէ, որ երկու ամիս առաջ չէր հավատում, կարեւորն այն է, որ երկու ամիս անց բոլորն են հավատում: Սա համազգային, համապետական շարժում է, սա «Ժառանգության» եւ Հանրապետականի մենամարտը չէ, սա Րաֆֆու պայքարը չէ», երեկ «Նոյյան տապան» ակումբում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ՙ հավելելով, որ այսուհետեւ պետք է նայել ոչ թե անցյալին, այլՙ ապագային: Նա կոչ արեցՙ հայ ժողովրդին երկրորդ սորտի, կանխորոշված եւ սեփական շահը չգիտակցող կատեգորիայի չդասել: «Ես չեմ դասում, դուք էլ մի դասեք»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանըՙ Րաֆֆին ասաց, որ եթե, իրոք, հանդիպման ձայնագրությունը կա, թող հրապարակեն: «Եթե նախկին նախագահի հետ հանդիպման ձայնագրությունը կա, ապա ես կոչ եմ անում հրապարակել, իսկ եթե չկա, ես ասում եմ ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ այդ ձայնագրությամբ»:

«Ես Սերժին ասացի, որ հաջորդ օրըՙ ժամը 5-ին, հանրահավաքի ժամանակ հրապարակելու եմ մեր զրույցի քաղաքական հատվածի մանրամասները: Սերժ Սարգսյանն ասաց, որ մենք երկուսով ենք, եւ եթե հիմա ինչ-որ մարդիկ հեռակա կարգով ասում են, որ ձայնագրություն կա, նշանակում էՙ Սերժ Սարգսյանը սուտ է խոսել: Եթե ձեր մեջ կա Նժդեհի գոնե մեկ հյուլե, ապա բացե՚ք այդ ձայնագրությունները, սակայն բացե՚ք նաեւ այն ձայնագրությունները, որտեղ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանըՙ որպես իր շտաբի պետ, մարզպետներն ու քաղաքապետները քննարկում են, թե ինչպես պետք է կեղծեն ընտրությունները»:

Րաֆֆու բնութագրմամբՙ հանդիպումը եղել է շատ սիրալիր եւ հարգալից մթնոլոտում: «Տղամարդկային զրույց է տեղի ունեցել: Ես ասացի, որ նա չի հաղթել ընտրություններում, բայց ես հարգում եմ իր ավանդը Արցախյան ազատամարտում: Ես ասացի, որ շամպայնը ժամանակից շուտ եք խմել, եւ դա սխալ է: Ես անգամ քննարկեցի խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու հարցը, բայց նա մերժեց: Մեր կողմից չկար պաշտոն ստանձնելու կամ կոալիցիոն կառավարություն ստեղծելու առաջարկ: Նա ինձ ասաց, որ ես թիվ երկու քաղաքական դեմքն եմ եւ պետք է պատրաստվեմ 2018-ի նախագահական ընտրություններին, սակայն ես ասացի, որ ես ընտրված նախագահ եմ, որ մեր երկիրը չպետք է հետ գնա, որ առաջիկա հինգ տարին ես պետք է նվիրվեմ եւ ծառայեմ հայ ժողովրդին, իսկ ինչ վերաբերում է 2018-ի նախագահական ընտրություններին, ապա ես չեմ առաջադրվելու եւ կլինեմ որեւէ երիտասարդի, ցանկալի էՙ կնոջ կողքին եւ նրան կզորակցեմ»: Հովհաննիսյանն ասաց, որ ավելի քան մեկուկես ժամ տեւած հանդիպմանը Սարգսյանին է ներկայացրել նաեւ լցոնումների, խախտումների, սպառնալիքների ու ընտրակաշառք բաժանելու բազմաթիվ փաստեր: «Դրանց ի պատասխան նախագահն ասել է. «ես կողմ եմ նրանց պատժելուն»:

Ինչ վերաբերում է Սարգսյանի հայտարարությանըՙ «Մի տեսակ տխո՞ւր ես, Րաֆֆի», Հովհաննիսյանն ասաց, որ ինքը տխուր չէր, հոգնած էր: Նա վստահ է, որ Սարգսյանին դա հուշել էին, որ մուտքը այդպիսին լիներ, իրեն ոչ ոք ոչինչ չէր հուշել ու իր պատասխանն էրՙ իրավազոր եմ, իրավատեր եմ:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ մինչեւ ապրիլի 9, երբ պետք է տեղի ունենա Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, նա պատրաստ է լսել որեւէ նոր առաջարկՙ համազգային ճգնաժամից դուրս գալու համար

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքներին, Րաֆֆին ասաց, որ Պուտինը, Օլանդը եւ գուցե այսօր-վաղը նաեւ ԱՄՆ-ն ՀՀ 3-րդ, բայց ժողովրդի կողմից նախկին նախագահ համարվողին կշնորհավորեն: «Յուրաքանչյուր երկիր ունի իր շահը, սակայն հայ ժողովուրդն էլ ունի իր շահը: Ով ժողովրդի կողմից եւ անունից չխոսեցՙ պատասխան է տալու: Ով շամպայնը շուտ խմեց եւ շնորհավորեց, ինքը սխալվել է, մեր զույգ վեհափառներն էլ չեն հարգում ժողովրդի շահն ու պատասխան են տալու»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներինՙ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Հովհաննիսյանն ասաց, որ այդ երկրները ճանաչում են Կոսովոն, Աբխազիան եւ Օսիան, բայց չեն ճանաչում Արցախը, միաժամանակ այդ երկրները ճանաչում են ոչ լեգիտիմ իշխանություններին: Հետեւաբար համանախագահները պետք է ինքնաբացարկ ներկայացնեն:

«ԿԸՀ որոշումն ընդունելուց հետո Սերժ Սարգսյանն էլ պետք է գնա նույն ճանապարհով եւ ինքնաբացարկ հայտնի»:

Ինչ վերաբերում է ԿԸՀ-ին, ապա այդ կառույցի անդամները պետք է պատասխանատվության ենթարկվեն, որովհետեւ նրանք տեղյակ են եղել բազմաթիվ խախտումների եւ լցոնումների վերաբերյալ, սակայն հակաօրինական եւ հակահայկական որոշում են կայացրել:

Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ անելու է ամեն ինչ, որպեսզի ժողովրդի հավատը չկրոցնի: Մարտի մեկի սցենարը չի կրկնվի, ինքն ամենից քիչ է ցանկանում, որ արյուն թափվի եւ ողբերգություն լինի, հետեւաբար իշխանափոխության կհասնեն առանց ցնցումների:

«Հինգ օր ունենք ընտրությունների արդյունքները բողոքարկելու եւ Սահմանադրական դատարան դիմելու»: Մինչ այդ, առաջիկա օրերին Հովհաննիսյանը կլինի հանրապետության բազմաթիվ քաղաքներում, կբարեւի ու շնորհակալություն կհայտնի իրեն ձայն տալու եւ վստահելու համար:

Փետրվարի 28-ին Հովհաննիսյանը Հանրապետության հրապարակում հանրահավաք կկազմակերպի, իսկ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ կհարգի մարտի 1-ի զոհերի հիշատակը: Մարտի 2-ին Րաֆֆին կրկին Ազատության հրապարակում հանրահավաք կկազմակերպի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ