RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-02-25 23:35:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2417, Տպվել է` 121, Ուղարկվել է էլ.փոստով` 103

ՄԵԿ ՇԻՇ ՄԱԾՈՒՆՆ ՈՒ «ԲԱՐԵՎԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանրապետության ողջ տարածքում շրջող «սիրո պայքարից» առաջացած «բարեւի հեղափոխության» շրջանակներում, մայրաքաղաքի մի շարք բուհերի ուսանողներ երեկ դասադուլ հայտարարեցին: Նախագահի անցած ընտրություններում, ըստ պաշտոնական նախնական տվյալների, երկրորդ տեղ զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը որոշ ժամանակով այցելել էր երիտասարդներին ու ասել. «Դուք շարունակեք ձեր հավաքը, իսկ ես պետք է գնամ...»: Հավաքը շարունակվել էր, իսկ հավաքին միացել էին երիտասարդներ, որոնք իսկապես մի բան ցանկանում են փոխել երկրում, ովքեր իսկապես քաղաքացիական ընդգծված դիրքորոշում ունեն, ինչը, անկախ նրանից, թե դեպի ուր է ուղղված, հարգանքի արժանի է, բայց դասադուլին մասնակցել են նաեւ այնպիսի երիտասարդներ, որոնք պարզապես հաճույք են ստանում դաս չանելուց... Մի խոսքով, «բարեւի հեղափոխությունն» իր ընթացքի մեջ է...:

Սա իր հերթին, այժմ խոսենք մի շիշ մածունից: Ասենք, մի շատ չքավոր հայ մարդ առավոտվանից ցանկանում է սպաս ուտել, բայց արի ու տես, որ իրենց տանը մածուն չկա: Կինը շատ մեծ հաճույքով սպաս կպատրաստեր, մանավանդ ինքն էլ ախորժակով կվայելեր, բայց, ինչպես վերը նշեցինք, այս տանը մածուն չի լինում: Հենց այստեղ ամուսինները սկսում են մտածել, թե ինչ անեն, որ մածուն ունենան: Առաջարկվում է երկու տարբերակ, երկուսն էլ, ի դեպ, կնոջ կողմից: Ըստ առաջին տարբերակի, ամուսինը պետք է գնար քիչ թե շատ նորմալ ապրող հարեւանի տուն, մտներ վերջինիս նկուղը ու այնտեղից վերցներ (ինչը նշանակում է` գողանար) մածունի շշերից մեկը: Երկրորդ տարբերակի համաձայնՙ ամուսինը պետք է դուրս գար ու իրենց տան դիմաց գտնվող մթերքի` «Իզաբելլա եւ Արտյոմիկ» խանութի ցուցափեղկը ջարդեր, այնտեղից վերցներ (ինչը եւս գողություն է) մեկ շիշ մածուն: Տղամարդը դուրս է գալիս տնից` այս երկու գաղափարները գլխում ծանր ու թեթեւ անելով... Ի վերջո, էությունը թույլ չի տալիս ոչ մեկն անել, ոչ էլ մյուսը, ու նա որոշում է հարմարվել իրողությանը, ինչպես միշտ է արել: Սակայն քանի որ սպաս շատ է ցանկանում ուտել... տուն է վերադառնում մեկ շիշ մածունով: Պարզվում է, որ մածունի շիշը տղամարդը վերցրել էր հարեւանի նկուղից` ծածուկ, որ ոչ ոք չտեսնի, որ աղմուկ դուրս չգա:

Հիմաՙ մածունի շշի ու «բարեւի հեղափոխության» կապի մասին: Մենք պարզապես այնպիսի ժողովուրդ ենք, որ եթե խիստ ընտրության առջեւ կանգնենք, ոչ թե խանութի ցուցափեղկը կամ այլ որեւէ բան կջարդենք, ինչն արդեն իսկ ոչ միայն գողություն է, այլեւ հեղափոխություն, այլ պարզապես ծածուկ, որ ոչ ոք չնկատի, առանց աղմուկի կվերցնենք մեզ հարկավորը` հարեւանից, ինչը, եթե անգամ գողություն է, ապա երբեք հեղափոխություն չէ... Ի դեպ, եթե մեր ձայներն իրոք վերցրել են (ինչը նաեւ գողություն է), ապա դա արել են ծածուկ, առանց աղմուկի, որ ոչ ոք չնկատի, ոչ թե ջարդելով ու հրապարակային... Եվ վերջապես, եթե մեր ձայները վերցրել են, ուրեմն վերցրել են միշտ, իսկ մենք ոչինչ չենք ջարդել, պարզապես հարմարվել ենք, կամ ինքներս վերցրել այն, ինչ մեզ հարկավոր է, հաճախ սեփական էությանը դավաճանելով, հաճախ էլ նոր էություն ձեռք բերելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ