RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27 > #028, 2013-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013



Տեղադրվել է` 2013-02-25 23:35:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1530, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 59

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ` ՉԳԻՏԵՆՔ, ԲԱՅՑ ԸՆԴԴԻՄԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՎ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Չգիտենք` ո՞վ է առաջինն ասել «ընդդիմափոխություն» բառը, սակայն դա ամենից ճշգրիտ է արտացոլում այն, ինչ տեղի ունեցավ այս նախագահական ընտրությունների հետեւանքով: Ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններից 1 շաբաթ առաջ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում բոլորովին այլ քարտեզ էր առկա, իսկ այժմ, նախագահական ընտրություններից 1 շաբաթ հետո հետո բոլորովին այլ պատկեր ունենք: Այն ժամանակ ամեն ինչ պտտվում էր ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի շուրջը, այսօր ընդդիմադիր հատվածում թելադրող են Րաֆֆի Հովհաննիսյանն ու բոլոր նրանք, ովքեր նրա կողքին են կանգնելու, իսկ ԲՀԿ-ին սպառնում է քաղաքական գործընթացներից դուրս մղվելու ճակատագիրը: Անգամ այն, որ ՀԱԿ-ը հայտարարեց կուսակցություն դառնալու մասին, եւ ՀՀՇ-ն անցած շաբաթ օրը իր վերջին, բավական հակասական համագումարում լուծարվեց եւ միացավ ՀԱԿ կուսակցությանը, բոլորովին չփրկեց ՀԱԿ-ի գլխին կախված` դեպի անհայտություն գնալու դամոկլյան սրից:

Իսկ թե Րաֆֆին հանրահավաքներում հայտարարում է, թե ինքն է հաղթել` դա իրավական ճանապարհով լուծելիք հարց է, թարսի պես էլ երեկ ԿԸՀ-ն վերահաստատեց նախագահական ընտրությունների վերջնական պատկերը, ըստ որի ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը` ստանալով ընտրողների ձայների 58,64 տոկոսը կամ 861 373 ձայն: Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 539 693 քվե կամ ընտրողների ձայների 36,75 տոկոսը, չնայած ԿԸՀ վերջնական արձանագրությունը հաստատելու պահին ԿԸՀ-ի դիմաց ցույց էին անում Րաֆֆու երիտասարդ կողմնակիցները մի շարք կարգախոսներով` «Ամոթ», «Կեղծված ընտրություններին` ոչ» եւ այլն:

Ի՞նչ պետք է լինի Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր կողմնակիցների հաջորդ քայլը. «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին ասաց, որ արդյունքները վիճարկող հայցով Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցը (քանի որ ՍԴ-ից արդարացի որոշման սպասում չունեն) կքննարկվի շտաբի նիստում եւ որոշում կկայացվի: Նույն բանն ասաց երեկ Ր. Հովհաննիսյանը` մինչեւ մարտի 2-ը ժամանակ կա, կորոշեն:

Արդեն իսկ Ր. Հովհաննիսյանը փետրվարի 28-ին եւ մարտի 2-ին Ազատության հրապարակում արտոնված հանրահավաք է անում, իսկ մարտի 1-ին այստեղ հանրահավաք են անելու ՀԱԿ-ական շրջանակները: Քաղաքապետարանը քննարկում է նաեւ մարտի 3-25-ը անընդմեջ հանրահավաքներ ներկայացնելու «Ժառանգության» հայտը: Կոչեր են արվում դասադուլի եւ գործադուլի: Այսինքն` անընդմեջ ճնշում գործադրելու եղանակը, որ անցյալում փորձարկել են այլ ուժեր, այժմ փորձարկում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն նա տարբեր ելույթների մեջ չի բացառել, որ մեկ անգամ եւս կհանդիպի նախագահ Սարգսյանին, չի բացառվում, որ, այնուամենայնիվ, այս իրավիճակից ելքեր ի վերջո գտնվեն:

Հետաքրքրական է, որ երեկ Ազգային ժողովում, չնայած բուռն եւ հակամարտ հռետորաբանությանն, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանի առանձնասենյակում ի վերջո «ժառանգության», ՀՅԴ-ի եւ ՀՀԿ -ի ներկայացուցիչները քննարկեցին ընտրությունների եւ ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հնարավորության հարցը: Հերթականությամբ ներկայացնենք խորհրդարանի տրամադրությունն այս հարցի հետ կապված: Երեկ սկսված ԱԺ հերթական քառօրյայի սկզբում կանոնակարգի տարբեր հնարավորություններն օգտագործելով «Ժառանգության» պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Զարուհի Փոստանջյանը շնորհավորում էին լսողներին եւ ներկաներին Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ ընտվելու կապակցությամբ, նշելով, որ սահմանադրության եւ օրենքների շրջանակում ամեն ինչ արվելու է դե ֆակտո ընտրված նախագահին դե յուրե նախագահ դարձնելու համար: Ի պատասխան նրանց հանդես եկան ՀՀԿ-ականները` Մանվել Բադալյանն ու Խոսրով Հարությունյանը . առաջինն ասում էր, որ սա նմանվում է քաղաքական շառլատանության, երկրորդը դիտարկում արեց, թե ամենավտանգավորը ճշմարտանման կեղծիքն է.«Ես հասկանում եմ մեր գործընկերներին, բայց ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը. չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք», շխկացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը : Իսկ ՀԱԿ խմբակցությունից նիստին միայնակ ներկայացած Նիկոլ Փաշինյանն էր հենց, նշելով նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամի մասին, ստեղծված իրավիճակն Ազգային ժողովում քննարկել էր առաջարկել: Նա առաջարկում էր նաեւ ԿԸՀ-ին հրավիրել ԱԺ եւ լսել նրա պարզաբանումները, քանի որ «արդյունքները շատ պայթյունավտանգ են եւ չեն արտահայտում ժողովրդի իսկական տրամադրությունները»:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դահլիճում հայտնած պատրաստակամությունը` քննարկելու արտահերթ նիստ հրավիրելու հարցը, իրականություն դարձրեց անմիջապես, ԱԺ նիստի ընդմիջմանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանի հետ ուղղվելով իր աշխատասենյակ, որոնց մի փոքր ուշ միացավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ռուբեն Հակոբյանը քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նորմալ համարեց, որ Ազգային ժողովի պատերից դուրս տրամադրություններին անդրադառնա խորհրդարանը:

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, թե եթե իրավիճակից ելքեր չգտնվեն` իր տեղում չէ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, քանի որ երկրում առկա է շատ լուրջ դժգոհություն: Արտահերթ նիստն էլ, եթե գումարվի, ինչ-որ որոշում կընդունի, որը հաջորդաբար կարող է նշել ճգնաժամից դուրս գալու ելքերը: Արդյո՞ք աշխատասենյակներ տեղափոխելով քննարկումները` ժողովրդի ընդվզումը չի մարի. ամեն ինչ մեկ օրում չի լուծվի, երկարատեւ եւ ստեղծագործ աշխատանք պահանջող ճանապարհ է, նկատեց Ռուստամյանը` հավելելով, թե ջայլամի քաղաքականությամբ զբաղվելն ու խնդիրները կուտակելը հղի է մեծ պայթյունով մոտ ապագայում:

Գալուստ Սահակյանը նշեց, թե ՀՀԿ-ն կողմ է` քննարկելու հետընտրական իրավիճակը, այնպես որ առաջարկը կքննարկեն եւ երկու օրվա մեջ դիրքորոշում կհայտնեն: Ի՞նչ են քննարկելու, եթե ՀՀԿ-ն ընտրված նախագահ է անվանում Սերժ Սարգսյանին: Այս հարցին ի պատասխան` Գ. Սահակյանը նշեց, թե Ազգային ժողովը նախագական ընտրությունների արդյունքները չի քննարկում, իրավասու չէ դա անել, այլ միայն` հետընտրական գործընթացները եւ ելքի որոնումը իրավիճակից: Իսկ ընդհանրապես` համախմբված ընդդիմություն ունենալը կարեւոր է երկրի համար, իսկ ընդդիմությունը փոխվել է այս ընթացքում:

Իսկ նախագահ Սարգսյանը (արդեն իսկ նրա վերջին շրջանի պահվածքն ու նախընտրական ելույթների շատ պահեր են դա վկայում) հազիվ թե գնա կոշտ առճակատման կամ հակազդեցության ճանապարհով: Հավանաբար նա կգտնի տեխնոլոգիաներ` հետընտրական իրավիճակի լարվածությունը թուլացնելու համար, ինչպես որ դա արել է շատ անգամներ, իսկ սկսված պաշտոնանկությունները ցույց են տալիս, որ, հավանաբար, նա բոլորից լավ է պատկերացնում կուտակված ողջ խնդիրները:

Ի դեպ, խորհրդարանի դահլիճում ընտրությունների վերաբերյալ տեսակետ չհայտնեց ԲՀԿ-ն, իսկ ԱԺ նախագահի մոտ արտահերթ նիստի վերաբերյալ քննարկմանը չմասնակցելը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բացատրել էր տեխնիկական պատճառով: Ավելի ուշ ԲՀԿ-ն հայտարարություն տարածեց, որտեղ կողմերի հանդեպ կարծես մրցավարի դեր է ստանձնում, թեեւ նշվում է նաեւ, թե ԲՀԿ-ն միշտ ժողովրդի կողքին է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 26-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ