RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 19-02-2013



Կրթաբարեգործական ծրագրեր

Տեղադրվել է` 2013-02-19 00:34:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2813, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 94

«ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՄ ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԽՈՍՔՈՎ»

Հարցազրույցը վարեց ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Ասում է Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչը

Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) շուրջ 23 երկրներում օժանդակում է հայ համայնքներին: 1988 թվականից օժանդակում է նաեւ Հայաստանին, հետագայում` նաեւ Լեռնային Ղարաբաղին:

Հայաստանում ընկերակցության ծրագրերի ու հեռանկարների շուրջը զրուցեցինք ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանի հետ:


- Պարոն Ներսեսյան, Հայ ավետարանչական ընկերակցությունն ինչպիսի՞ գործունեություն է ծավալում Հայաստանում:

- Անցյալ տարվանից կազմակերպության շեշտադրումն ավելի շատ երկու ոլորտների վրա է: Նախ ստեղծել աշխատատեղեր ու մարդուն օգնել, որպեսզի նյութական աջակցությունը ձեռք բերի իր աշխատանքով: Եվ երկրորդ շեշտադրումը կրթական ոլորտի վրա է, քանի որ երեխային ամենալավ պարգեւը, որը կարող ես տալ, իմ համոզմամբ, լավ կրթությունն ու դաստիարակությունն են:

- Ի՞նչ է արվում աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ:

- Աշխատատեղերի ու եկամուտ ապահովելու ուղղությամբ անցյալում շատ ծրագրեր ենք ունեցել, սակայն նշեմ երկուսը, որոնք շատ ավելի ծավալուն են: Մեկը գյուղատնտեսական պիլոտային ծրագիր էր եւ իրականացվեց ամերիկյան «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ համագործակցությամբ: Այս ծրագրով մենք գյուղացուն տալիս ենք կով, տրամադրում նաեւ անասնաբուժական ու արհեստական բեղմնավորման ծառայություններ, սակայն պայմանով, որ կովից ծնված հորթը մեծացնելուց հետո գյուղացին պետք է փոխանցի մեկ այլ կարիքավոր ընտանիքի: «Հեյֆեր» կազմակերպության այս ծրագիրը, որը, ինչպես տեսանք, արդյունավետ է, լինելու է շարունակական: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ծրագրի շնորհիվ գյուղացիների եկամուտը 30-40 տոկոսով աճեց: Ծրագիրը սկսեցինք երկու տարի առաջ եւ արդեն օգնել ենք Լոռու, Տավուշի եւ Արագածոտնի մարզի շուրջ 150 գյուղացու:

- Իսկ ինչպե՞ս եք ընտրում համայնքները, որտեղ իրականացնում եք ծրագրեր:

- Համայնքներն ընտրում ենք «Հեյֆերի» հետ համագործակցելով, այդ համայնքներում մենք գրասենյակներ ու աշխատակազմ ունենք, որոնք հսկում են ծրագրի իրականացումը: Լինում են նաեւ դեպքեր, երբ համագործակցելու համար մենք դիմում ենք մարզպետարաններ, կամ մարզպետարաններն են դիմում մեզ: Ընդհանրապես տարբեր ծրագրերով մենք համագործակցում ենք տեղական իշխանությունների հետ:

- Ո՞րն է աշխատատեղերին առնչվող երկրորդ ծրագիրը:

- Դա էլ նոր ավարտած շրջանավարտների համար էր, որոնք աշխատանք չեն գտնում: Ծրագիրն իրականացրինք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) հետ, եւ սա շրջանավարտներին աշխատանքային փորձի համար ապահովում է աշխատատեղերով: Ծրագրի համաձայն` սկզբում տրվում է հայտարարություն, ապա գործատուները ներկայացնում են դիմում, որ պրակտիկանտների կարիք ունեն, իսկ շրջանավարտները դիմում են որպես պրակտիկանտ աշխատելու համար: Ներկայումս շուրջ 60 երիտասարդներ ներառված են ծրագրում, եւ յուրաքանչյուրին իր աշխատանքի դիմաց ոչ աշխատավարձ, սակայն որոշակի քանակությամբ գումար տրվում է: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ փորձից հետո երիտասարդների 53 տոկոսը նույն տեղում մնում է աշխատանքի:

- Իսկ ի՞նչ աշխատանքներ են տարվել կրթության ոլորտում:

- Պատմականորեն ավետարանականները մեծ շեշտադրում են անում կրթության վրա: Օրինակ` Աղջկանց առաջին դպրոցը հայ ժողովրդի մեջ եղել է ավետարանական: Այն ժամանակ, երբ Արեւմտյան Հայաստանում ընդունված չէր, որ աղջիկները դպրոց գնային, դրան հայ ավետարանականները դեմ էին` ասելով, որ պետք է կիրթ լինեն նաեւ կանայք: Հայ ավետարանչական ընկերակցությունը, լինելով ավետարանական կազմակերպություն, նույնպես մեծապես կարեւորում է կրթությունը: Մենք համոզված ենք, որ հայ ազգի հաջողության ու ապագայի համար ամենակարեւոր գործոնը կրթությունն է: Այսօր ես ցավ եմ ապրում, որ Հայաստանում կրթության ոլորտը լուրջ խնդիրներ ունի թե՛ դպրոցական, թե՛ համալսարանական կրթության մեջ:

- Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը հիմնել ու ֆինանսավորում է Խորեն ու Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրը, որի նոր շենքի հիմնարկեքին ասացիք, թե կրթահամալիրի դպրոցը Հայաստանում լինելու է լավագույնը: Կրթության որակի առումով ինչո՞վ է այն տարբերվելու մյուս դպրոցներից:

- Նախ ասեմ, որ Ավետիսյան կրթահամալիր երեխաները հաճախում են 3 տարեկանից` սկզբում մանկապարտեզ, իսկ 6 տարեկանից տեղափոխվում են դպրոց: 2014 թվականից, երբ նոր շենքը պատրաստ կլինի, կունենանք նաեւ ավագ դպրոց: Եվ մեր դպրոցը պետք է լինի այնպիսին, որ 10-12-րդ դասարանների աշակերտները կարիք չունենան լրացուցիչ պարապելու համար իրենց տուն ուսուցիչ հրավիրելու: Մենք պետք է սովորեցնենք այն, ինչը նրանց պետք է համալսարան ընդունվելու համար: Մեր ուսուցիչները վճարվում են, հետեւաբար իրենք էլ պետք է սովորեցնեն: Իսկ աշակերտների համար դպրոցն անվճար է:

- Բարձրագույն կրթությանն առնչվող ի՞նչ հեռանկարներ ունի ընկերակցությունը:

- Անձամբ իմ նպատակն է, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համաձայնության գանք, որ մեր շրջանավարտները, եթե ցանկություն ունենան, դպրոցից հետո կրթությունը կարողանան շարունակել Հայաստանի ամերիկյան համալսարանում: Իհարկե, դրա համար եւս պետք է պատրաստենք մեր աշակերտներին` շեշտը դնելով նաեւ անգլերենի ուսուցման վրա:

- Առողջապահական ու բարեգործական ուրիշ ինչպիսի՞ ծրագրեր ունեք Հայաստանում:

- Ընկերակցության` Երեւանի, Վանաձորի ու Սպիտակի բուժկենտրոններում մատուցում ենք ատամնաբուժական ու մանկաբուժական ծառայություններ, կատարում ուլտրաձայնային ախտորոշում ու մանկական սննդի բաշխում: Ու բոլոր այս ծառայությունները մատուցվում են անվճար:

- Եվ ի՞նչ սկզբունքով են արվում բարեգործությունները:

- Հայ ավետարանչական ընկերակցությունը ավետարանական, քրիստոնյա կազմակերպություն է, եւ մենք հավատում ենք, որ Աստված մեզ կանչել է մեր հնարավորության սահմաններում կարիքավորին օգնության ձեռք մեկնելու համար:

- Ներկայումս Հայաստանում կան քրիստոնեական սկզբունքներից շեղումներ ունեցող աղանդավորական տարբեր կազմակերպություններ: Ի՞նչ վերաբերմունք ունի Ձեր կազմակերպությունը դրանց հանդեպ, եւ ԱՀԱԸ-ն արդյոք պայքարո՞ւմ է դրանց դեմ:

- Աղանդավորների դեմ մենք պայքարում ենք խոսքով: Եհովայի վկաների ու մորմոնների մասին մի բրոշյուր տպագրել ենք, հիմա էլ ընդդեմ Եհովայի վկաների տպագրում ենք մի գիրք, որը տպարանում է: Ե՛վ մորմոնների, ե՛ւ Եհովայի վկաների աստվածաբանությունը շեղված է, սխալ է նրանց աստվածաբանական վարդապետությունը, ու նրանց դեմ պետք է պայքարել խոսքով: Սովորաբար նրանք, ովքեր մոտենում են աղանդներին, ունեն հոգեւոր կարիքներ, որոնք բավարարված չեն, ու աղանդների դեմ պայքարելու լավագույն ձեւը եկեղեցու կողմից ժողովրդի հոգեւոր կարիքները հոգալն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 19-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ