RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013



Կուսակցական

Տեղադրվել է` 2013-02-16 00:08:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2513, Տպվել է` 104, Ուղարկվել է էլ.փոստով` 103

«ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՄՆԱՑ, ՀԱԿ-Ն ԷԼ ՉԿԱ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Թե ի՞նչ խնդիր լուծեց 5-6 տարի առաջ ստեղծված Հայ ազգային կոնգրեսը, կխոսենք դեռ, բայց թե ինչո՞ւ, ի՞նչ հիմքով որեւէ ազգային, ավանդական կուսակցության (օրինակ) իր ներսում չներառած դաշինքը կոչվեց հենց «Հայ ազգային» կոնգրես, չգիտենք, հավանաբար ոչ ոք չգիտի: Իսկ թե ինչո՞ւ ենք ՀԱԿ-ի մասին խոսում անցյալ ժամանակով, կարծում ենք, բոլորին է պարզ. ՀԱԿ-ն այլեւս չկա... որովհետեւ Տեր-Պետրոսյանն արդեն 68 տարեկա՞ն է, գուցե:

Փորձենք, այդուհանդերձ հասկանալ: ՀԱԿ-ն ստեղծվեց, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ վերադառնալ, ՀԱԿ-ը փլուզվեց կամ դադարեց որպես մեկ ամբողջություն գոյություն ունենալուց, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ հեռանալ: Հետեւաբար, այս գուցե խիստ պատահական կապակցվածությունը հիմնավորում է, որ ՀԱԿ-ն ստեղծվեց, որպեսզի Տեր-Պետրոսյանը հենարան ունենա` սեփական կամ իր առաջարկած խնդիրները լուծելու համար, գոնե որոշ ժամանակով, մինչեւ ուժերի ավելի լայն կոնսոլիդացիան, ինչի ակնկալիքն առաջին նախագահը, ՀԱԿ ստեղծելով, իհարկե ուներ: Ստեղծման հենց առաջին օրերից ՀԱԿ-ը հայտարարեց, որ երկրում իշխանությունը «ավազակապետություն է», «քրեաօլիգարխիկ տարրեր», եւ կոչվեց, ինքն իրեն առաքելություն տվեց` պայքարել այդ «ավազակապետության», «քրեաօլիգարխիկ տարրերի» դեմ մինչեւ հաղթական ավարտ, ինչն ըստ էության ՀԱԿ-ի, անձամբ Տեր-Պետորսյանի հաղթանակը լինելով, ներկայացվում էր որպես «ժողովրդի հաղթանակ»: Պետք է նկատենք, որ ժողովուրդը, համենայն դեպսՙ դրա հոծ խմբեր գոնե 5-6 տարի առաջ այս երկու հաղթանակներն իրապես նույնականացնում էին, քանի որ ժողովրդի հոծ խմբեր սպասում էին Տեր-Պետրոսյանի վերադարձին, մոտավորապես այնպես, ինչպես այսօր շատերը, գուցե ոմանք, սպասում են Վանո Սիրադեղյանի վերադարձին:

Ինչեւէ, ՀԱԿ-ը լծվեց պայքարի, բնականաբար անմիջապես առաջ եկավ հին ու բարի կարգախոսը` «Պայքար, պայքար մինչեւ վերջ» (չնայած անհասկանալի է մնում, թե ի՞նչ բարի բան կա պայքար երեւույթի մեջ), սակայն ավանդական շեփորը մեջտեղ եկավ միայն սկզբնական շրջանում, աստիճանաբար ՀԱԿ-ի հանրահավաքներում շեփորային երաժշտությունն իր տեղը զիջեց ժամանակակից ռիթմերի` ՀԱԿ-ի այս կամ այն գործչի, հիմնականում Նիկոլ Փաշինյանի ձայնային ուղեկցությամբ, որով տեղեկանում էինք, թե` «այս հրապարակում դավաճան չկա, այս հրապարակում ուրացող կամ սրիկա չկա», «այս հրապարակը» Ազատության հրապարակն էր` ՀԱԿ-ի հանրահավաքով լեցուն: Ստանալով նման հենասյունՙ Տեր-Պետրոսյանը, բնականաբար, առաջադրվեց 2008-ի նախագահական ընտրություններում... ՀԱԿ-ը եւ բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե ՀԱԿ-ի հաղթանակն իրենց հաղթանակն է, հետեւաբար ՀԱԿ-ի «հավերժ պայքարը» իրենց պայքարն է, հայտնվեցին փողոցում, մարդիկ, ի տարբերություն ՀԱԿ-ի առաջնորդների, կոնկրետ Տեր-Պետրոսյանի, ուղղակի տուն չէին գնում: Նախագահական ընտրություններն ավարտվեցին... կրակոցներով, ինչպես ՀԱԿ-ի առաջնորդների ղեկավարման տարիներին` 96-ին, բանակը մտավ մայրաքաղաք, այնպես էլ ՀԱԿ-ի ընդդիմության տարիներից 2008-ին բանակը մտավ մայրաքաղաք, այն տարբերությամբ, որ վերջին անգամ բանակը կրակեց, զոհվեցին մարդիկ... Տեր-Պետրոսյանը իր տանն էր մինչ ողբերգությունը, դրանից առաջ այդ մասին անշուշտ իմանալով, նա որեւէ հայտարարության, կոչ-հորդորի անհրաժեշտությունը չտեսավ եւ չբացեց իր տան դռներն անգամ Վեհափառի առջեւ: Անազատության մեջ հայտնվեցին քաղաքացիներ իրենց քաղաքական հայացքների համար. ստեղծման առաջին իսկ տարում ՀԱԿ-ը եւ դրա պայքարը տվեցին 10 զոհ, բազմաթիվ կալանավորվածներ, պառակտման եզրին կանգնած պետական համակարգ, վախեցած հասարակություն եւ արտակարգ դրության մի քանի հայտարարված օրեր Հայաստանում:

Նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ը, անձամբ Տեր-Պետրոսյանը հայտարարեցին, որ իրենք աննկուն են, որ պայքարը «ավազակապետության» դեմ նոր թափ է ստանում, որ շուտով ամեն ինչ ավարտվելու է, որ հաղթելու է... բնականաբար ժողովուրդը: ՀԱԿ-ն էլի ունենում էր բազմամարդ հանրահավաքներ, բայց Ազատության հրապարակը դաշինքի առջեւ փակվեց...

Եվ բացվեցՙ ներկայացվելով որպես գալիք, սպասված հաղթանակի առաջին քայլ: Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցների անդադար ու համառ բղավոցներին, թե` հիմա, հիմա... արձագանքեց` սկսել ա..., ի՞նչը, «ավազակապետության դեմ պայքարի վճռորոշ փուլը», Լեւոն Զուրաբյանը հռչակագիր ընդունեց` «համընդհանուր բացօթյա քվեարկությամբ» սկսելու գործընթաց Սերժ Սարգսյանի իմպիչմենտին հասնելու ուղղությամբ: Չգիտենք, գործընթացը սկսվեց, թե ոչ, բայց արագորեն մոռացվեց. ՀԱԿ-ը մասնակցեց «ավազակապետության» կազմակերպած խորհրդարանական ընտրություններին, 7 տեղ ստացավ խորհրդարանում` խոստանալով չհեռանալ փողոցից, որտեղ վաղուց արդեն մասսայականություն չէր վայելում... ՀԱԿ-ի հանրահավաքներն էլ շուտով մոռացվեցին: Մինչ այդ ՀԱԿ-ը, Տեր-Պետրոսյանի առնվազն գիտությամբ, երկխոսության սեղանի մոտ նստեց «ավազակապետության» հետ, եւ անձամբ Տեր-Պետրոսյանը, անտեսելով հարցի շուրջը ՀԱԿ-ում կոնսենսուսի բացակայությունը, «խորհելու նյութ» տվեց ԲՀԿ-ին: Հենց այդ ժամանակ սկսվեց ՀԱԿ-ի փլուզման գործընթացը, դաշինքը լքեց Արամ Զավենի Սարգսյանը իր «Հանրապետություն» կուսակցությունով, որը ՀԱԿ-ի առանցքային դեմքերից էր, մի շարք կուսակցություններ եւ հասարակական խմբեր, ակտիվիստներ, որոնք սկսեցին հրապարակայնորեն արտահայտել իրենց չհամաձայնությունը ՀԱԿ-ի որդեգրած ռազմավարությանը, նոր մարտավարությանը, գործելակերպին, իսկ «այս ամենը» համակարգող Զուրաբյանը շարունակ պնդում էր, թե «ՀԱԿ-ն ամուր է, քան երբեւէ»:

Այդ ընթացքում «ավազակապետությունը» էլ ավելի հիմնավորվեց խորհրդարանում, Գագիկ Ծառուկյանը մտածեց-մտածեց ու որոշում կայացրեց, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին եւ ոչ մեկին էլ չի սատարելու, որից անմիջապես հետո Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքն արդեն 68 տարեկան է, եւ ժամանակն է ճանապարհը զիջելու երիտասարդներին: Վերջիններից Հրանտ Բագրատյանը, սառեցնելով հարաբերությունները ՀԱԿ-ի հետ, սեփական «Ազատություն» հրապարակում... ներողությունՙ կուսակցությունում, համագումար անցկացրեց, որտեղ էլ առաջադրվեց նախագահի թեկնածու, մի ընտրություններում, որոնց, ըստ ՀԱԿ-ի համակարգող Զուրաբյանի, ՀԱԿ-ը չի մասնակցելու եւ բոյկոտելու է: Այս համապատկերում, կրկին հայտարարություն արեց Տեր-Պետրոսյանը, մասնավորաբար նշելով. «Թաքցնելու բան չկա: Կոնգրեսի ներսում իսկապես խմորումներ կան: Որոշ ուժեր եւ անհատներ դե յուրե, իսկ ոմանք դե ֆակտո դուրս են եկել դաշինքից: Ես սա շատ բնական եմ համարում, որովհետեւ փոխվել են ոմանց մոտեցումներն ու ակնկալիքները, փոխվել է քաղաքական օրակարգը, փոխվել են մեր առջեւ կանգնած խնդիրները, ինչը կազմակերպական նոր լուծումներ է պահանջում: Հասկանալի է, որ Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: Որպես տարբեր քաղաքական ուժերի եւ անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք, Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու եւ պայքարը մինչեւ հաղթական ավարտ հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության: ...Ուստի, նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որ Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»: Փաստորեն ՀԱԿ-ն արդեն փլուզվեց, ու նկատենք` ներսում առկա խմորումների պատճառով: Ինչ վերաբերում է դաշինքի վերակազմակերպմանը` որպես կուսակցության, ապա, օրինակ, Հրանտ Բագրատյանն ասել է. «Է, թող ստեղծեն, ինձ ի՞նչ»: ՍԴՀԿ-ի այդ թեւից հնչել է հայտարարություն, որ ՍԴՀԿ-ն երբեք մաս չի կազմի ՀԱԿ կուսակցությանը, նույն տրամադրություններն են Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ում, Նիկոլ Փաշինյանն իր հերթին, սեփական կուսակցությունը ստեղծելու հովերով տարված, այսօր կոչ է արել բոյկոտել գալիք ընտրությունները, որոնց մասնակցում է, հիշեցնենք, ոչ վաղ անցյալի ՀԱԿ-ի հենասյուներից Հրանտ Բագրատյանը, որը հակառակ կոչն է անում «ՀՀ հպարտ քաղաքացիներին»: Ընդ որում, Նիկոլը «ստեղծված աննախադեպ իրավիճակի համար» մեղադրում է ոչ միայն «նախագահի նստավայրը զավթած մարդուն», այլեւ իրենց` ընդդիմությանը... «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանն էլ նշում է, թե «փորձելու ենք պահել Կոնգրես» ասվածը, կտրականապես դեմ լինելով ՀԱԿ-ի «բազայի վրա» կուսակցություն ստեղծելու առաջարկին, նկատենք, Տեր-Պետրոսյանի առաջարկին, եւ հարց է առաջանումՙ եթե Կոնգրեսում այսօր ներառված «կարեւոր կուսակցությունները», նրանք, ովքեր այսօր դեռ Կոնգրեսում են, դեմ են կուսակցություն դառնալու տերպետրոսյանական առաջարկին, ապա ո՞ւմ է սա ձեռնտու: ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը ողջունել է ՀԱԿ-ից կուսակցություն ստեղծելու առաջարկը` ընդգծելով, որ ինքը կուզենար, որ ՀՀՇ-ն այդ գործընթացում չլուծարվեր, այլ վերակազմավորվեր: Հետեւաբար ՀԱԿ-ից կուսակցությունՙ նշանակում է ՀՀՇ-ի վերակազմավորում. բնականաբար, այս առաջարկը ձեռնտու է միայն Արամ Մանուկյանին` որպես Կոնգրեսի ներսում մնացած կուսակցապետի:

Եվ վերջապես, եթե ՀԱԿ-ն իր ստեղծմամբ կոչված էր լուծելու երկու խնդիր, այն է` ապահովել Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն եւ հետագայում ընդլայնել, վերակազմավորել ՀՀՇ-ն, ապա ՀԱԿ-ն այս խնդիրները լուծեց եւ կարծես թե լուծում է, սակայն եթե ՀԱԿ-ն ուներ նպատակ` «վերջ տալու ավազակապետությանն ու քրեաօլիգարխիկ համակարգին», ապա նկատենք, որ «ավազակապետությունը» դեռ կա, այ ՀԱԿ-ը` արդեն ոչ: Իսկ թե էլ ի՞նչ խնդիրներ լուծեց կամ առաջացրեց ՀԱԿ-ն իր 5-6 տարվա գոյության ընթացքում, թողնում ենք ձեր եզրակացությանը, այսպես ասած` որպես «խորհելու նյութ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ