RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-02-16 00:08:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2615, Տպվել է` 98, Ուղարկվել է էլ.փոստով` 115

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. 25 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՈԳԻՆ ԵՎ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հնարավոր է»: Սա նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կարգախոսն է: Յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում այս կարգախոսը, ինքը` Րաֆֆին, հայտարարում է, որ այս կերպ ինքն ազդարարում է, որ հնարավոր են արդար ընտրություններ, քաղաքացիական հասարակության լուրջ դերակատարում եւ «Րաֆֆիի Հայաստան»: «Րաֆֆիի Հայաստան» ասելով նա նկատի ունի այն ծրագրերը, որոնք առաջարկում է եւ որոնց լուծմամբ մենք կունենանք այլ Հայաստան, որը նման չի լինի «Սերժի Հայաստանին»:

Թեպետ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ասպարեզում է շուրջ քսան տարի, սակայն նախագահի թեկնածու առաջադրվում է առաջին անգամ: «Մեկ անգամ եւ միասին»: Մինչ նախընտրական արշավը Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախագահական ընտրություններին կառաջադրվի մեկ անգամ եւ այլեւս երբեք, հետեւաբար «հաղթանակի պետք է հասնել միասին«: Քարոզարշավի կեսերին Հովհաննիսյանը ներկայացրեց 5 քայլ, որոնք պետք է մեզ տանեն դեպի նոր Հայաստան: Շատերը մեղադրեցին Հովհաննիսյանին ընդօրինակման մեջՙ «100 քայլ» Բագրատյանն է ներկայացրել, «Ապահով Հայաստան» ցանկանում է ստեղծել Սերժ Սարգսյանը: Սակայն այդ մեղադրանքներին Հովհաննիսյանը չարձագանքեց: Ի տարբերություն նախագահի այլ թեկնածուներիՙ Հովհաննիսյանի քարոզարշավն անհատական էր: Ինչպես նախորդ երկու խորհրդարանական ընտրություններին, փետրվարյան ընտրություններին ընդառաջ Րաֆֆին կրկին ընտրեց մարդկանց հետ հանդիպման այդ տարբերակը: Բակերում, գյուղերում եւ համայնքներում քարոզարշավ անցկացնելուն զուգահեռ Հովհաննիսյանն այցելեց մետրոպոլիտեն, խանութ, եկեղեցի ու վարսավիրանոց: Նախընտրական քարոզարշավի սկզբում Հովհաննիսյանի շտաբից հայտարարություն տարածեցին, որ նրան արգելում են հանդիպել ուսանողության եւ մանկավարժների հետ: Ավելի ուշ արդեն Հովհաննիսյանի շտաբից ԿԸՀ ներկայացրին խախտումների մի ամբողջ տրցակ, որտեղ ժառանգականները ներկայացնում էին, թե ինչպես է իշխող կուսակցությունը` Հանրապետականը, վարչական ռեսուրսն օգտագործում հօգուտ գործող նախագահի: Իսկ ընդհանուր առմամբ, քարոզարշավի ընթացքից Հովհաննիսյանը դժգոհ չէ: Հասարակության հետ հանդիպումներին համոզվել էՙ իրեն շատերն են սիրում եւ համակրում: Սոցիոլոգները նրան 20-25 տոկոս ձայն եւ երկրորդ հորիզոնական են կանխատեսում, մինչդեռ Րաֆֆին վստահ է, որ փետրվարի 18-ին սկիզբ է դրվելու նոր Հայաստանի եւ ինքը լինելու արդար ընտրված նախագահը: 5 տարի անց նա կկանգնի գեղեցիկ եւ խելացի կնոջ կողքին եւ կզորակցի նրան 2018-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

Մինչ գնահատական տալն ու քարոզարշավի ամփոփումը Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնում լրատվամիջոցներին, ովքեր լուսաբանել են իր հանդիպումները: Իր խոսքերովՙ անցնող 25 օրվա ընթացքում Հայաստանում աննկարագրելի փոփոխություններ են տեղի ունեցել, ժողովրդի ոգին եւ գիտակցությունը բարձրացել են: Հովհաննիսյանը վստահ է, որ կատարվածը ոչ թե անձի կամ կուսակցության, այլ հայ մարդու իրավունքի Հայաստան ունենալու պայքարն է: Նախագահի թեկնածուն նշում է, որ «բժիշկների, ուսուցիչների եւ զինվորների ուղղորդում կա, սակայն կան նաեւ փոփոխություններ: «Առաջին անգամ քսան տարվա ընթացքում դե յուրե նախագահ ենք ունենալու, եւ այդ պարագայում էական չէ կաշառքը, թաղային հեղինակությունը, զանգերն ու վախը: Եթե ժողովուրդը հավատա եւ մասնակցի ընտրություններին, ապա փետրվարի 18-ին հաղթանակ կլինի»: Հովհաննիսյանի շտաբը նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել, դրանց որոշակի մասը լուծվել է, սակայն ուշացումով, բազմաթիվ ընտրախախտումներին էլ դեռեւս չեն արձագանքել: «Այսքանով հանդերձ, պայքարից չեմ հրաժարվում, քանի որ վստահ եմ, որ հայ ժողովուրդը կողմնորոշված է, իսկ եթե փողը, որ արդեն սկսում են բաժանել, կամ կրկնակի քվեարկության դեպքեր լինեն, ապա մենք հայտարարում ենք, որ լինելու ենք հետեւողական եւ յուրաքանչյուր խախտում ներկայացնելու ենք իրավապահ մարմիններին, եւ մեղավորները պատասխան են տալու»:

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին համարում է անձնավորություն, որը սովորելու, լսելու եւ հետեւություն անելու ունակություն ունի: «Նա ցույց է տվել այդ հնարավորությունը, հետեւաբար ես հիմա իրեն խորհուրդ եմ տալիս ազատ թողնել մարզպետներին, հրամանատարներին ու հրամայել չկիրառել պաշտոնըՙ ընտրություններին ձայն հավաքելու համար: Պայքարը ոչ թե Սերժի կամ Րաֆֆիի միջեւ է, այլՙ ժողովրդի հաղթանակի, սահմանադրական եւ իրավական երկրի հիմքը դնելու համար: Եթե Սերժ Սարգսյանը նման քայլ կատարի, ապա դա կլինի ավելի մեծ հաղթանակ, քան Արցախում տարած հաղթանակը: Եթե ոչՙ ապա ընտրությունների հեքիաթը կվերջանա»:

Հովհաննիսյանի շտաբը սոցհարցումներ չի կատարել, ասում էՙ իր համար գլխավորը քաղաքացիական զարկերակն է, որ ունի, եւ համոզվել է, որ հասարակությունը Րաֆֆիին սիրում է: «Իմ պատգամը մեկն է, ժողովուրդը պետք է գնա հաղթանակի առանց ինչ-որ մեկ թեկնածուի հաղթանակի կամ պարտության: Սա է Հայաստանի նոր վիճակը»:

Երկու օր առաջ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ, ճարտարապետ ու շինարար ներկայացող Վարդան Սեդրակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա հորըՙ Ռիչարդ Հովհաննիսյանին մեղադրեց մասոնական կազմակերպությանն անդամակցելու եւ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Թեպետ օրենքով չի արգելվում անդամակցությունը մասոնական կազմակերպությանը, սակայն ինքն ու իր հայրը երբեւէ չեն անդամակցել: «Ամեն մեկն իր տեսակետն արտահայտելու իրավունքի ունի, ես դա ընդունում եմ, սակայն ժխտում եմ սուտն ու կեղծիքը: Սուտ վկայության համար Սեդրակյանը պետք է պատասխան տա դատախազությանը», ասաց Հովհաննիսյանըՙ միաժամանակ շեշտելով, որ նման դիմում դատախազությանը չի ներկայացրել: Ավելին, Հովհաննիսյանը հիշեց, որ 2002-ին առաջին անգամ հանդիպել է Սեդրակյանին: Պարզվեց, որ էպոսագետը Անահիտ Բախշյանի աշակերտն է եղել եւ Հովհաննիսյանի հետ հանդիպմանը «Սասնա ծռեր» էպոսն է ներկայացրել ու Հովհաննիսյանին վերագրել էպոսի առանցքային կերպարներից մեկը: Թե ում կերպարըՙ Րաֆֆին չմանրամասնեց, միայն հստակեցրեց. «Ես չափազանց համեստ մարդ եմ, որ կապ ունենամ էպոսի հետ ու ինձ ներկայացնեմ որպես էպոսի մի կերպար»: Իր խոսքերովՙ մայրն էլՙ Վարդիթերը չափազանց համեստ կին է եղել եւ գուցե իր աղոթքներում ցանկացել է, որ որդին դառնա նախագահ, սակայն երբեք այդ ցանկության մասին չի բարձրաձայնել: Իրեն էլ դաստիարակել է որպես քաղաքացու, հայրենասեր մարդու, ոչ որպես նախագահի:

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանդիպումն այսօր էՙ ժամը 5-ին Ազատության հրապարակում: Հովհաննիսյանը խոստացավ փետրվարի 19-ինՙ կրկին նույն ժամին նույն վայրում ամփոփել նախագահական ընտրությունների արդյունքներն ու գնահատական տալ: Նույն օրը Հովհաննիսյանը նաեւ կհստակեցնի, թե ի՞նչ է պատրաստվում անել, եթե իր ակնկալիքները չարդարանան եւ ինքը չընտրվի նախագահ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ