RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013



Տեղադրվել է` 2013-02-16 00:08:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2944, Տպվել է` 133, Ուղարկվել է էլ.փոստով` 125

«ԱՄԵՆ ՏԱՐԻ ԱՊՐԻԼԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՇԸ ԵՓՈՒՄ ԵՎ ՄԵԶ ԵՆ ՀՐԱՄՑՆՈՒՄ»

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Հայտարարել է Ֆաթիհի քաղաքապետըՙ մեկնաբանելով Ստամբուլում հայ կանանց դեմ հարձակումները

Հունվարին «Ազգը» մի քանի անգամ անդրադարձավ Ստամբուլի հայաշատ թաղամասերում զառամյալ հայ կանանց դեմ վայրենաբար իրականացված հարձակումներին: Դրանց ընդհանուր թիվը 5 է, թիրախներից երկուսին դաժան ծեծի ենթարկելուց, դաշունահարելուց հետո կոկորդը կտրելով սպանել էին եւ կուրացրել երկուսի աչքը:

Առաջին սպանությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 28-ին Շիշլիի Ֆերիքյոյ թաղամասում, մյուսներըՙ Ֆաթիհ շրջանի մաս կազմող Սամաթիայում: Չնայած դրան, հարձակումներին Ստամբուլի նահանգապետը արձագանքել էր հունվարի 26-ին, իսկ Ֆաթիհի քաղաքապետըՙ հունվարի 27-ին միայն, այն էլ գողության սովորական միջադեպի հանգեցնելու նկրտումով: Մինչդեռ նախքան նահանգապետի ու քաղաքապետի արձագանքը իրավապահ մարմինները մամուլին տեղեկացնում էին, որ սպանված կանանց բնակարանից որեւէ իր չի կորել, ոչ էլ կողոպտվել են հարձակման թիրախները:

Ըստ երեւույթին, ընդունված համարելով ազդանշանը, որն ուղղված էր ինչպես հայերին, այնպես էլ Թուրքիայում ցեղասպանության ճանաչման համար պայքարող մտավորականներին, Ստամբուլի քաղաքային իշխանությունները հարձակումներում շրջանառության մեջ դրեցին կողոպուտի վարկածը, առանց բացառելու ապրիլի 24-ի եւ հայկական բանաձեւերի հնարավոր ազդեցությունը այս կողոպուտի վրա:

Այդ առումով հատկանշական են Ֆաթիհի քաղաքապետ Մուստաֆա Դեմիրի պարզաբանումները: Նա դրանք արել է «Սամանյոլու» հեռուստաալիքի էկրանից, չմոռանալով հարձակումների թիվը 5-ից կրճատել 3-ի:

Ինչպես երեկ նշված էր հեռուստաալիքի կայքէջում, քաղաքապետն ասել է, որ իրականացված 4 հարձակումներից 3-ի թիրախը «հայկական ծագումով քաղաքացիներն» են, տարեց եւ միայնակ ապրող կանայք, որոնք ոստիկանության տվյալներով ծեծի են ենթարկվել իրենց բնակարանի մուտքի մոտ, ապա հանցագործները, ներխուժելով բնակարան, կողոպտել են թանկարժեք իրերը, քաղաքում կողոպուտի միջադեպեր հաճախակի են լինում, ուստի դրանք չեն կարող առնչվել հայ եւ մահմեդական քաղաքացիների միջեւ սեպ խրելու դրսեւորումներին:

Քաղաքապետ Դեմիրը միաժամանակ նշել է, որ այս դրսեւորումների մասին լուրերն Ամերիկայից են տարածում, ապա եւ ավելացրել. «Ամեն տարի մեր առջեւ հայկական հարցեր եւ ցեղասպանության խնդիրներ են դնում: Դա ինչ-որ կերպ օգտագործում են: Մինչդեռ 560 տարի մենք համատեղ գոյակցել ենք, հարեւանություն ենք արել: Ապրիլին նորից օրակարգ է մտնելու հայկական բանաձեւը: Թուրքիան աշխարհում բարձրացող արժեք է: Մինչ նրա ազդեցությունը տարածվում է սահմաններից դուրս, այդ հարցը ճաշի պես ամեն տարի եփում եւ մեզ են հրամցնում: Իրավապահ մարմիններն աշխատում են: Տա Աստվածՙ հայտնաբերվեն հանցագործները, որ փարատվեն հարձակումների էթնիկ բնույթի մասին պնդումները»:

Քաղաքապետի խոսքերը մեկնաբանության կարիք չեն զգում, քանի որ ժողովուրդն արդեն ասել էՙ «գող, սիրտը դող»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 16-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ