RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013



Հադրութ-25-ամյակ

Տեղադրվել է` 2013-02-12 01:44:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1537, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 66

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ, ԲԱՑԻ ՄԻ ԲԱՆԻՑ` ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մեզ հաճախ են կոչում անկախության սերունդ, չնայած մեզանից շատերը չեն էլ հասկանում, թե այդ ի՞նչ է «անկախության սերունդը» կամ առհասարակ` անկախությունը: Ոմանք էլ բոլորովին այլ սերունդ են մեզ կոչում, օրինակ` պատերազմի, երկրաշարժի, սովի-ցրտի-մթի... Մի բան է հստակ, մենք այս ամենի միջով անցած սերունդն ենք, ու սա ոչ մեր ուժն է, ոչ մեր դժբախտությունը, ուղղակի` մենք ծնվել ենք այն ժամանակ, երբ ծնվել ենք:

Ղարաբաղյան առաջին գծում կռվող Ավետիսի կինը` տիկին Մարոն, էլի կարտոֆիլ էր խաշել, թթուն, ինչպես միշտ, կար, ու ամբողջ շենքի կանայք իրենց երեխաների հետ տիկին Մարոյի տանն էին (շատերը, որովհետեւ իրենց տներում ուտելիք չունեին). կարտոֆիլը շատ էր, թթուն էլ: Ոչ ոք երբեք այս կնոջն արտասվելիս չէր տեսել, բայց նա ամեն առավոտ, չգիտես ինչու, ուռած աչքերով էր, ոմանք պնդում էին, թե ցրտից է, ոմանք ճնշման տատանումներ էին տեսնում, եւ միայն մի օր, բակում, երբ «մեծ մարդկանց պես», սահնակով փայտ էինք բերում, Ավետիսի ու տիկին Մարոյի որդին` Ռուբենը, ասաց. «Գիտե՞ս, մամաս ամբողջ գիշեր լացում է...», զարմանալի էր, այդպես ուղղակի չէր կարող լինել, տիկին Մարոն միշտ ժպտում էր, անգամ, երբ թթուն այնքան էր թթվել, որ ուտվում էր միայն այն պատճառով, որ միակ ուտելիքն էր` կարտոֆիլի հետ, անշուշտ:

... Մի առավոտ, շատ շուտ, Ռուբենի ձայնը տարածվել էր շենքում, պարզվեցՙ «մերոնք Լաչինը գրավել են», հասկացողները ուրախացան, երեխաները, անկախության սերունդը` եւս, բայց չհասկանալով, թե այդ ի՞նչ է Լաչինը...

Պատերազմն ավարտվեց, Ավետիսը վերադարձավ: Կարճ ժամանակ անց, նրանք իրենց տունը շքեղ վերանորոգեցին, Ռուբենն ու քույրը` Արմինեն, նոր ու շատ զգեստներ սկսեցին հագնել, տիկին Մարոն էլ ամբողջ շենքին թթվով խաշած կարտոֆիլի չէր կանչում, քանի որ կարտոֆիլ ու թթու նրանք էլ չէին ուտում. տիկին Մարոյի աչքերն էլ ուռած չէին...

... 25 տարի առաջ, նախքան փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը կդիմեր Հայաստանի ու Ադրբեջանի ՍՍՀՄ-ի Գերագույն խորհուրդներին` լուծելու ղարաբաղյան հարցը, այն էՙ դուրս գալ Ադրբեջանի կազմից` մտնելով Հայկական ԽՍՀ, փետրվարի 12-ին, Հադրութի շրջանում տեղի ունեցավ առաջին ապստամբությունը... Այս օրերին լրանում է արցախյան շարժման 25-ամյակը... (Ի դեպ, «Ազգ»-ը այդ կապակցությամբ հատուկ համար է պատրաստում: Ծ. խ.):

Հավանաբար յուրաքանչյուր բառ կլինի ավելորդություն, բոլորս ենք հասկանում, թե ի՞նչ հաղթանակ էր սա, որքա՞ն էր կարեւոր... Բայց Ավետիսը, պատերազմից մեկ-երկու ամիս անց, չունենալով աշխատանք, թանկարժեք մեքենա գնեց, Ռուբենն էլ բակ` խաղալու չէր իջնում, Ավետիսը որոշել էր, որ որդին պետք է զինվորական դառնա, Ռուբենն ընդունվեց ռազմական ուսումնարան: Միանգամից ասենք, ուսումնարանը Ռուբենը չավարտեց, ինչպես ինքն էր ասում` «Ինչի՞ս է պետք զինվորական կյանքը, որ ամբողջ օրը սրա-նրա հրամաննե՞րը կատարեմ»: Ռուբենը պարբերաբար փախչում էր ուսումնարանից, Ավետիսը պարբերաբար ազատամարտիկ-զինվորական ընկերներին էր տեսնում, խնդրում, հյուրասիրում... Ի վերջո, Ռուբենը դուրս եկավ ուսումնարանից, սակայն Ավետիսն անդրդվելի էր. Ռուբենը ռազմական ոստիկան դարձավ, ամուսնացավ... Ավելի վաղ ամուսնացել ու Ռուսաստան մշտական բնակության էր մեկնել Արմինեն, հայրենիք ազատագրած Ավետիսի դուստրը...

Ի վերջո, ի՞նչ է փոխվել Ադրբեջանում 25 տարի անց: Ոչինչ, բացարձակապես ոչինչ: Եթե 25 տարի առաջ Ադրբեջանում հայն ատելի էր, այսօր Ադրբեջանում նախագահական ներման, պարգեւների, աշխատավարձի, բնակարանի են արժանացնում հային կացնով սպանողին ու զուգահեռաբար, պետական պարգեւներից ու հովանավորությունից զրկում իրականությունը պատմելու ընդամենը փորձ կատարած գրողին: Ուրեմն ինչպես 25 տարի առաջ, այսօր էլ Ադրբեջանում ճիշտն ասողը «դուշման» է, հայ սպանողը` «ղուրբան»...

... Ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում, հերթապահություն իրականացնելիս, հանդիպեցի իմ մանկության ընկեր Ռուբենին` համազգեստով: Մոտեցա, ճանաչեց, բարեւեցինք, շատ քիչ` բայց զրուցեցինք: Ռուբենը ժամերն էր հաշվում. «... մի ժամ բան մնաց, շուտ հանձնեմ հերթափոխս, գնամ... էսօր ուզում եմ նոր ավտո առնեմ...», ասաց հայրենիք ազատագրած Ավետիսի որդի Ռուբենը Ծիծեռնակաբերդի բարձունքում հերթափոխ իրականացնելիս... Ռուբենի մասին մեկ էլ լսեցի մի քանի օր առաջ, նա համազգեստը հանել էր, հրաժարվել էր ծառայությունից ու մեկնել Ռուսաստան, քույրն էր կանչել, շուտով ընտանիքին էլ կտանի «իր մոտ», ասաց տիկին Մարոն, ում պատահաբար հանդիպել էի փողոցում: Իմացա նաեւ, որ Ավետիսի գործերն էլ շատ հաջող չեն, առողջական խնդիրներ ունի... Տիկին Մարոյի աչքերն ինձ ուռած թվացին, նա ձեռքին տոպրակ ուներ` կարտոֆիլով լի...

Հայաստանում էլ, 25 տարի անց, կարծես թե ոչինչ չի փոխվել... Մինչդեռ Լաչինը վաղուց արդեն ազատագրված է, իսկ մեզ անվանում են «անկախության սերունդ»: Գուցե խնդիրն այն է, որ մենք միայն ուրախանում ենք հաղթանակով` չզգալով ամեն մի հաղթանակից բխող պատասխանատվությունը:

25 տարի առաջ Արցախում շարժում սկսվեց, այսօր Արցախն անկախ պետություն է, ու սա է թերեւս միակ փոփոխությունը, ուրեմն ուրախության հետ` նաեւ պատասխանատվություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ