RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013



Տեղադրվել է` 2013-02-12 01:44:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1501, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 70

ԶԱՐԱՔՈԼՈՒՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆԸ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Կանխելու համար ադրբեջանցի գրող Այլիսլիի հնարավոր սպանությունը

Հայտնի թուրք մտավորական, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի կոչը փետրվարի 10-ին հրապարակվել է Ստամբուլի «Հայթերթ» կայքէջում: Կոչն արվել է ի պաշտպանություն Աքրամ Այլիսլիի: Վերջին շրջանում ադրբեջանցի գրողի անունը, ինչպես նաեւ նրա «Քարե երազներ» վիպակը հաճախ են հիշատակվել մեր թերթում: Ուստի եւ նպատակահարմար ենք գտնում առանց նախաբանի որոշ կրճատումներով ներկայացնել Զարաքոլուի «Անհետաձգելի կոչը»:

Ահա թե ինչ է ասում մեր հասարակությանը քաջ հայտնի թուրք մտավորականը.

«Խիղճը մարդկության ամենակարեւոր արժանիքներից է: Ինչպես էլ անվանելու լինենք խղճմտանքի տեր մարդկանցՙ ազնիվ կամ ճշմարտախոս, օրերից մի օր նրանք են դառնալու ժողովրդի ու երկրի արժանապատվությունը, այլ ոչ թե կացնահարողները: Այս պահին մահվան լուրջ սպառնալիքի տակ է մի գրող, որն իրականում Ադրբեջանի արժանապատվությունը պիտի համարվեր:

Հատկանշական է, որ սպառնալիքի աղբյուրը հենց հետխորհրդային ավտորիտար նախագահն է: Հետ են վերցնում գրողի «ժողովրդական» կոչումն ու պետական մրցանակը, նրան զրկում են պետության հոգածությունից ու թոշակից, գործից են ազատում նաեւ նրա տիկնոջն ու որդուն: Աքրամ Այլիսլին այն գրողներից է, որը ժողովուրդների եղբայրության փիլիսոփայությունը յուրացրել է Մոսկվայի «Մաքսիմ Գորկի» ինստիտուտում, սցենարիստ է եւ դրամատուրգ: Նա 75 տարեկան է: 2005-ին ընտրվել էր պատգամավոր: Գրականության ասպարեզ է իջել 1959-ին, եւ նրա պիեսները բեմադրվել են խորհրդային երկրի բազմաթիվ քաղաքներումՙ Երեւանը ներառյալ:

Հիմա նրա տան առջեւ մոբիլիզացրել են Լինչի դատաստան տեսնելու պատրաստ զանգվածներին, որոնց ժամանակին մենք տեսել էինք Մարաշում եւ Սվազում: Հիմա նրանք «Կացինդ վերցրու ու արի» կարգախոսով կանչում են Ռամիլ Սաֆարովին, որը 2004-ին Բուդապեշտում կացնով գլխատել էր ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Ինչ վերաբերում է պատգամավոր Մելահատ Իբրահիմգիզիին, որը 2009-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, շտապելով Անկարա, կարողացել էր սաբոտաժի ենթարկել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը, Ադրբեջանի խորհրդարանում ունեցած ագրեսիվ ելույթով, թե Այլիսլին անարգում է ոչ միայն ադրբեջանցիներին, այլեւ թյուրքական ողջ ժողովուրդներին, ջանում է Թուրքիա փոխադրել Լինչի դատաստանի այդ արշավը: Նույնիսկ Ադրբեջանի խորհրդարանը կարողանում է քննարկել գրողին քաղաքացիությունից զրկելու, նրան ԴՆԹ թեստ անելու հարցը:

Այս ամենի պատճառը Այլիսլիի վերջին վիպակի հրապարակումն է ռուսական «Դրուժբա նարոդով»-ում: Վիպակը ադրբեջաներեն չի հրապարակվել, սակայն վիպակին մամուլի արձագանքները բավական էին, որ Բաքվում զայրացած ամբոխը հավաքվի Այլիսլիի տան առջեւ «դավաճան», «անամոթ» բացականչություններով այրի նրա լուսանկարներն ու գրքերը:

Նա վիպակում պատմում է հայ հարեւաններին էթնիկ բռնությունից փրկելու փորձ անող երկու ադրբեջանցիների մասին, որտեղ խղճմտանքով, ինքնաքննադատության շրջանակում, անդրադառնում է նաեւ Սումգայիթի ու Բաքվի հայերի ջարդերին: Հեղինակը 2007-ին էր ավարտել վիպակը, սակայն հրատարակեց 5 տարի ուշացումով միայն, այն էլՙ ռուսերեն:

Գրեթե նույն թվին հայ գրողներից մեկն էլ խղճմտանքի տեսանկյունից անդրադարձել էր հայ-ադրբեջանական բախումներին եւ արժանացել Ադրբեջանի Հանրապետության մրցանակին: Նա այդ մրցանակը ստանալու, այլ ոչ թե պատմվածքը գրելու համարՙ բախվել էր Հայաստանի գրողների միության հակազդեցությանը, եւ ի նշան բողոքի, հրաժարվել էր անդամակցությունից: Բայց եւ այնպես նրա դեմ ատելության արշավներ, ինչպես ներկայումս Բաքվում է կազմակերպվում, չեն կազմակերպվել:

Ես Թուրքիայի եւ Ադրբեջանի ժողովրդավարական հասարակություններին Այլիսլիի հետ համերաշխության կոչ եմ անում, որպեսզի հնարավոր լինի կանխել նմանատիպ սպանությունը, որի զոհը դարձավ Հրանտ Դինքը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 12-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ