RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-02-07 23:49:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1665, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 61

ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋԸ, ԻՐԱՆԻ ՀԵՏ, ԻՐԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Փետրվարի 6-ին Նկարիչների տանը բացվեց «Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության օրեր» ցուցահանդեսը` նվիրված Իրանում Իսլամական հեղափոխության 34-րդ ամյակին: Ցուցահանդեսի բացումից մեկ օր առաջ ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի հարցերով համակարգող Ուիլյամ Լահուան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի զորքը Աֆղանստանից վերադառնալու ճանապարհին մտադիր է օգտագործել Ադրբեջանի տարածքը, որը «կարող է անչափ կարեւոր օղակ լինել զորքն Աֆղանստանից դուրս բերելու ճանապարհին»: Ու եթե Իրանի համար հարեւան Հայաստանում սեփական երկրի մշակույթի օրերը կարող են միայն խոսել հայ-իրանական բարեկամության մասին, ապա հարեւան Ադրբեջանում արեւմտյան զորքի թեկուզ ժամանակավոր գոյացումը ամենեւին չի խոսում Իրանի հանդեպ Ադրբեջանում բարեկամական տրամադրությունների դոմինանտության մասին, ճիշտ հակառակը:

«Համայն աշխարհի ադրբեջանցիների նախագահը, կործանված իսրայելական ինքնաթիռն ու... ՀԷԿ-երը»

Ադրբեջանա-իրանական հարաբերություններին փայլուն, բարեկամական գնահատական հնարավոր չէր տալ, անգամ 2011-ի դեկտեմբերի 31-ից առաջ: Հիշեցնենք, որ հենց այդ օրը Իլհամ Ալիեւն իր ամանորյա ուղերձում ինքն իրեն հռչակեց «համայն աշխարհի ադրբեջանցիների նախագահ», այն պարագայում, երբ դրանից հետո Իրանի Մեջլիսում որոշ ազգությամբ ադրբեջանցի պատգամավորներ հայտարարեցին, որ իրենք ունեն երկու առաջնորդ` Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդն ու հարգարժան նախագահը, խոսքը, բնականաբար, Մահմուդ Ահմադինեժադի մասին է: Ուրեմն մինչ այս իլհամական հայտարարությունն էլ Իրան-Ադրբեջան հարաբերությունները, մեղմ ասած, փայլուն չէին, չնայած երկու ժողովուրդներն էլ ունեն կրոնական միեւնույն հենք` երկուսն էլ շիա մահմեդական են: Հետեւաբար, հակասությունների մեջ լինելով Իրանի հետ, անգամ վերջինիս «տարբեր մակարդակի խողովակներով» տարածքային սեփական նկրտումները հայտնելով, Ադրբեջանն ապացուցում է, որ հարեւանների հետ ինքը սովորություն ունի վիճել ոչ թե կրոնական դրդապատճառներից ելնելով, ինչպես Բաքվի ագիտատորները պնդում են իսլամական բազմաթիվ կոնֆերանսներում` փորձելով ԼՂ հիմնահարցում հասնել իսլամական համերաշխության, այլ պարզապես սեփական իշխանության էությունից ելնելով:

Հիշեցնենք, որ նախքան Իլհամ Ալիեւի հիշյալ հայտարարությունը Ադրբեջանում արդեն իսկ բառիս բուն իմաստով արշավ էր գնում մոլլաների դեմ, այնուհետեւ դարձավ պայքար` ընդդեմ մահմեդական կանանց գլխաշորերի... Ավելի ուշ անգամ իսրայելական մամուլը գրեց Ադրբեջանում իսրայելական ռազմական ներկայության մասին, ընդ որում, եւ ինչը բնական է, ադրբեջանա-իրանական սահմանին: Իհարկե, հատկապես իրանցի ռազմական բարձր պաշտոնյաների Բաքու կատարած այցելությունների ընթացքում Ադրբեջանում հերքվում էին իսրայելական զենքի, գուցե` զորքի առկայությունը երկրում, սակայն ամեն ինչ փաստարկվեց Արցախի երկնքում, երբ ԼՂՀ սահմանապահները օդում վերացրին Արցախի տարածքն առանց թույլտվության, հետեւաբար թշնամաբար մտած անօդաչու ինքնաթիռը, ինչն արդեն ընկած վիճակում պարզվեց, որ իսրայելական արտադրության է:

Այս համատեքստում խիստ ուշագրավ էր երեկ Հայաստանի ԱԺ-ում քննարկված օրինագծերից մեկը, որով ԱԺ-ն պատրաստվում է վավերացնել հայ-իրանական արձանագրությունը` Արաքս գետի ափամերձ շրջանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, վերջինիս ներդրումների հաշվին, կառուցել երկու ՀԷԿ... Հետեւաբար, այն ժամանակ, երբ Ադրբեջանում կուտակվում է իսրայելական զենքը, հիմա էլ, ահա ՆԱՏՕ-ն է ցանկություն հայտնում «տեղափոխվելու համար» օգտվել Ադրբեջանի տարածքից, Իրանն ու Հայաստանը ընդգրկված են մի շարք տնտեսական ծրագրերում, ինչը, գիտենք, որ քաղաքականության, համենայն դեպս` ռեալպոլիտիկի հիմքն է:

Մեկ այլ ռեալպոլիտիկ

Այդուհանդերձ, Իրանի շուրջը սեղմվող արեւմտյան արտադրության օղակը, Թեհրանի դեմ պարբերական միջազգային պատժամիջոցները կարծես թե բարենպաստ հիմք չեն հայ-իրանական տնտեսական գործակցության խորացման համար: Մասնավորապես, երբ արգելվեց իրանական նավթամթերքի արտահանումը ԵՄ երկրներ, Իրանն իր նավթամթերքը սկսեց արտահանել հիմնականում ասիական երկրներ, ընդ որում` ապրանքաշրջանառությունը կատարվում էր ոչ թե դոլարով, այլ չինական կամ հնդկական արժույթներով (էլ ավելի խորացնելով Արեւմուտքի «զայրույթը»): Սակայն, շուտով Իրանին արգելվեց նաեւ այս շրջանառությունը:

Եթե այսօր ոչ ոքի չի խանգարում կամ ոչ ոք նկատելու չի տալիս, ապա հեռու չէ այն ժամանակը, երբ հայ-իրանական տնտեսական գործակցությունը կդառնա խիստ հետաքրքրական Իրանին «սեղմողների» համար: Ընդ որումՙ չի բացառվում, որ Հայաստանը եւս արեւմտյան գործընկերների կողմից ենթարկվի որոշակի արտաքին ճնշումների` հրաժարվելու Իրանի հետ առավելաբար տնտեսապես հարաբերվելուց:

Մյուս կողմից, սակայն, Հայաստանն այսօր աշխարհում թերեւս միակ երկիրն է, որը Իրանի հետ շփվում է ոչ միայն երկկողմ բարեկամական կապերից ելնելով, այլեւ այլընտրանք չունենալու պատճառով: Հայաստանին արտաքին աշխարհի հետ կապող Վրաստանի հետ սահմանն իր խիստ անհուսությամբ եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմաններն իրենց անհնարինությամբ մեր երկրին աշխարհի հետ ցամաքային կապով շփվելու այլընտրանք ուղղակի չեն թողնում: Կընդունի՞ այս հիմնավոր հայկական փաստարկը կամ բացառությունը միջազգային հանրությունը. սա հնարավոր է ճիշտ այնքանով, որքանով հնարավոր չէ: Չմոռանանք, որ իրադարձությունների այս զարգացումների պարագայում Հայաստանը կարող է եւ Թուրքիայի հետ ունենալ բաց սահման, հետեւաբար արտաքին աշխարհի հետ կապվելու` Արեւմուտքին անհամեմատ ավելի հաճո այլընտրանք:

Կայուն Իրան

Հատկանշական է, որ եթե Իրանի շուրջը տեղի ունեցող իրադարձությունները պարբերաբար զարգանում են, ապա Իրանի ներսում իրադարձությունները խիստ կայուն են, անգամ` հունիսի 14-ին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ: Չնայած նշմարվում են ընտրություններին մասնակից շուրջ 20 թեկնածուներ, սակայն, նրանցից միայն 5-6-ը երկրում ազդեցության ու ճանաչվածության որոշակի մակարդակ ունեն, հետեւաբար նախագահի պաշտոնի իրական հավակնորդներն են: Որպես այդպիսիք նշմարվում են` Մեջլիսի նախագահ Ալիլ Աբիջանը, ազգային անվտանգության խորհրդական Սայիդ Ջալիլին, Թեհրանի քաղաքապետ Վալի Բաֆը, այլք: Ով էլ լինի Իրանի նախագահը, այդ երկրի արտաքին քաղաքական կուրսը փոփոխվել չի կարող, այդ շրջանակներում փոփոխման ենթակա չեն լինի հայ-իրանական բարեկամական հարաբերությունները: Համաձայն Իրանի սահմանադրությանՙ երկրի արտաքին քաղաքականությունը որոշում է գերագույն հոգեւոր առաջնորդը, տվյալ պարագայումՙ այաթոլլահ Խամենեին: Բնականաբար, եթե Իրանի նախագահ է ընտրվում մեկը, ով Խամենեիի մերձավորներից չէ, չի վայելում վերջինիս աջակցությունը, ապա Իրանում հնարավոր է ներքին լարվածություն, սակայն փորձագետների դիրքորոշմամբ Իրանում նախագահ կընտրվի այաթոլահի մերձավորներից, ուշագրավ է, որ հիշյալ թեկնածուներից երեքն էլ կարող են «պարծենալ» Խամենեիի մերձավորը լինելու համար: Սակայն թեկնածու առաջադրվելու ցանկության մասին Իրանում բարձրաձայնել է եւս մեկ քաղաքական գործիչ, որը, չնայած ինքն անձնապես երկրում ազդեցություն ու ճանաչվածություն չունի, սակայն հայտնի քաղաքական գործիչների ընտանիքից է: Մոհամմադ Խարազիի հայրը եղել է Մեջլիսում գերագույն հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչը, իսկ նրա քույրն ամուսնացած է գերագույն հոգեւոր առաջնորդի որդու հետ: Հետեւաբար Խարազիին եւս կարելի է դիտարկել որպես այաթոլլահ Խամենեիի մերձավոր:

Հենց Խարազին օրեր առաջ հայտարարեց, որ իր ընտրվելու պարագայում ինքը Հայաստանը, Ադրբեջանն ու Տաջիկստանը կմիացնի Իրանին` ստեղծելով մեծ Իրան: Ադրբեջանում այս հայտարարությունը, բնականաբար, սրերով ընդունեցին, ճիշտ է` փորձագիտական մակարդակով, Տաջիկստանում մի քաղաքագետ առհասարակ հրաժարվեց խոսել թեմայից` հայտարարությունը անլուրջ որակելով, իսկ Հայաստանում երեկ իրանագետներ Ռուդիկ Յարալյանն ու Մհեր Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ Խարազին Իրանում ազդեցիկ քաղաքական գործիչ չէ, իսկ նրա հիշյալ հայտարարությանը չի անդրադարձել Իրանի ճանաչված ոչ մի լրատվամիջոց: Ավելին, նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Եգիպտոսից անուղղակի կերպով «արձագանքեց» հավանական թեկնածուի հայտարարությանը, ընդգծելով. «Իրանն իր հարեւանների նկատմամբ տարածքային նկրտումներ չունի»:

Այնպես որ, առավելաբար Իրանի ծայրահեղական տրամադրված աննշան խմբերին ուղղված այս հայտարարությունը չի կարող փոխել Իրանի արտաքին քաղաքական կուրսը եւ դրա շրջանակներում` Հայաստանի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների ընթացքը...

Ի դեպ, Երեւանում` Նկարիչների տանը «Իրանի Իսլամական Հանրապետության օրեր» ցուցահանդեսը կավարտվի փետրվարի 10-ին, այցելելու ժամանակ դեռ կա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ