RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2013-02-06 > #013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013



Տեղադրվել է` 2013-02-07 23:49:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2401, Տպվել է` 183, Ուղարկվել է էլ.փոստով` 109

O yes, «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ...

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ուրախացած բացականչել է ամերիկացի սեւամորթ մաքսավորը

«Գրանդ հոլդինգի» հիմնադիր եւ ղեկավար Հրանտ Վարդանյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «մի փոքրիկ պատմություն» պատմեց «Գրանդ Քենդիի» արտադրանքի ճանաչվածության մասին: Նրա ծանոթներից մեկը ԱՄՆ մեկնելիս իր հետ տարել է նաեւ «Գրանդ Քենդիի» կոնֆետները: Քանի որ ԱՄՆ մուտք գործելիս չի թույլատրվում սննդամթերք վերցնել, սեւամորթ մաքսավորը նախ ցանկացել է տեսնել կոնֆետները, ապա, տեսնելով «Գրանդ Քենդի» գրածը, ուրախ բացականչել է, կանչել իր գործընկերներին, հյուրասիրել նրանց եւ թույլ տվել, որ կոնֆետները երկիր մտցնեն:

Քանի երկի՞ր է արտահանվում «Գրանդ Քենդիի» արտադրանքը` «Ազգի» հարցին Հրանտ Վարդանյանը պատասխանեց` 12 երկիր, ավելացնելով, որ եթե «Գրանդ Տոբակոյի» արտադրանքը արտանահանող տասնյակից ավելի կազմակերպություններ կան, ապա «Գրանդ Քենդիի» համար դրանք բազմաթիվ են: «Պարզապես մեր հզորությունները չեն բավարարում ամբողջ պահանջարկն ապահովելու համար: Մեծ ներդրումներ ենք կատարել ծխախոտագործության եւ ծխախոտի արտադրության մեջ, այժմ արդեն կանենք «Գրանդ Քենդիում», ասաց նա: Ըստ «Գրանդ hոլդինիգի» հիմնադրի, «Գրանդ Քենդին» 3 անգամ ավելացրել է արտահանման ծավալներըՙ հասնելով 2 մլն դոլարի եւ 642 հազար կգ-ի: «Ես կարող եմ ասել, որ «Գրանդ Քենդին» դարձել է ազգային բրենդ», ավելացրեց նա:

Մամուլի ասուլիսը, սակայն, Հրանտ Վարդանյանը սկսեց «Գրանդ հոլդինգի» 2012-ի գործունեության արդյունքները ներկայացնելով, որոնք վկայում էին հոլդինգի մեջ մտնող ընկերությունների լուրջ հաջողությունների մասին:

Այսպես, «Գրանդ Տոբակո» եւ «Ինտենեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների կողմից անցյալ տարի արտահանվել է գրեթե 378 հազար արկղ ծխախոտ` 40 մլն 585 հազար դոլար արժողությամբ, ինչը նախորդող տարվա արտահանման ծավալները գերազանցել է դարձյալ մոտ 3 անգամ:

Առաջին անգամը լինելով, դրական տարբերություն է արձանագրվել արտահանվող եւ ներմուծվող սիգարետների հարաբերակցության մեջ` արտահանված 378 հազար արկղի դիմաց ներմուծվել է 272 հազար արկղ: Հայկական ծխախոտն արտահանվել է 22 երկիր: Հրանտ Վարդանյանը խոստացավ, որ այս տարի արտահանման ծավալները կավելանան կրկնակի` հասցնելով 35 մլրդ հատ սիգարետի: Դրա գերակշիռ մեծամասնությունը` 30 մլրդ հատիկը, արտահանվելու է, իսկ մնացածը վաճառվելու է ներքին շուկայում:

«Գրանդ հոլդինգի» կողմից մեծ ներդրումներ են արվել ծխախոտագործության զարգացման համար: Ընկերության ղեկավարը նշեց, որ ծխախոտի մշակման հիմնական տարածաշրջաններն իրենց համար Տավուշի մարզն ու Լեռնային Ղարաբաղն են: Ընդհանուր առմամբ, 2012-ին Հայաստանում եւ ԼՂՀ-ում 20 տոկոսով ավելացել է ծխախոտի մշակումը, իսկ այս տարի կավելանա եւս 30 տոկոսով:

Խոսելով ներդրումների մասինՙ Հրանտ Վարդանյանը հայտնեց, որ վերջին 5 տարիների ընացքում արտադրական հզորությունների զարգացման համար կատարվել են 51,5 մլն դոլարի ներդրումներ, գնվել ամենաարդիական սարքավորումներ, որոնք կաշխատեն 30-40 տարի:

Ընկերությունների խումբը նկատելիորեն ավելացրել է նաեւ հարկային վճարումները: «Գրանդ հոլդինգի» մեջ մտնող 11 ընկերություններ միասին վերցրած վճարել են 18,5 մլրդ դրամ հարկեր, ինչը մոտ 3 մլրդ դրամով ավելի է 2011-ին վճարածից: Այսպիսով, վճարած հարկերի մեծությամբ «Գրանդ հոլդինիգի» ընկերությունները, միասին վերցրած, 4-րդ ցուցանիշն ունեն խոշոր հարկատուների ցանկում: Վերոնշյալ ընկերություններում, միասին վերցրած, աշխատում են 6300 մարդ` 170 հազար դրամ միջին աշխատավարձով: Հրանտ Վարդանյանը նշեց, որ արտադրության եւ արտահանման ավելացմանը զուգահեռ աճում են նաեւ աշխատատեղերը:

Առաջիկա ծրագրերը Հրանտ Վարդանյանը շատ չմանրամասնեց, տեղեկացնելով միայն մեկի` Տավուշի մարզում եւ Լեռնային Ղարաբաղում ցորենի մշակման մասին: Շուտով ալրաղաց կգործարկվի, իսկ «3 տարի հետո Լեռնային Ղարաբաղում կստանանք միջազգային ստանդարտից բարձր ցորեն»:

«Գրանդ Սան» ընկերությունը` նախկին լամպերի գործարանը աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, մեր մյուս հարցին հոլդինգի հիմնադիրը պատասխանեց, որ գործարանն աշխատում է եւ զբաղված է միայն ռազմական լամպերի արտադրությամբ:

«Ինչպե՞ս է վերաբերվում ծխախոտ արտադրողը հակածխախոտային արշավներին» հարցի առնչությամբ Հրանտ Վարդանյան ասաց. «Ես կողմ եմ հակածխախոտային արշավին եւ կոչ եմ անում մեր ժողովրդին` մի ծխեք»: Նա նաեւ հիշեցրեց, որ հայկական ծխախոտի գերակշիռ մասն արտահանվում է:

Կառավարությանն ուղղված քննադատութան եւ Հայաստանից արտագաղթելու խոսակցությունների վերաբերյալ հարցին «Գրանդ հոլդինգի» հիմնադիրը պատասխանեց, որ ինքը միշտ էլ քննադատում է կառավարությանը, վարչապետին կամ նախարարին, բայց դա չի նշանակում, թե Հրանտ Վարդանյանը արտագաղթում է Հայաստանից: «Աշխատող մարդը չի կարող չսխալվել, ես էլ եմ սխալվում, վարչապետն էլ, նախարարն էլ, բայց գալիս ենք ընդհանուր եզրակացության», նշեց նա: Միաժամանակ, Հրանտ Վարդանյանը հայտնեց, որ իր բիզնեսն ընդլայնելու նպատակ ունի Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Կանադայում, արդեն գործարաններ ունի Պյատիգորսկում եւ Թբիլիսիում:

Մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցին նաեւ քաղաքական հարցեր: Ընտրական, ինչպես նաեւ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի թեմաներին անդրադառնալովՙ Հրանտ Վարդանյանը նախ բարձր գնահատեց Պարույր Հայրիկյանին: Նրա կարծիքովՙ Հայրիկյանի նման անկախության զինվորներ շատ երկրներ կցանկանային ունենալ, իսկ նրա դեմ մահափորձն ուղղված էր մեր պետության եւ ժողովրդի դեմ: Միաժամանակ, Հրանտ Վարդանյանը նշեց, որ ինքն իր ձայնը տալու է գործող նախագահին: «Ընտանիքիս անդամները, հարազատներս, մտերիմներս, գործընկերներս, կարծում եմՙ նաեւ կոլեկտիվի անդամները իրենց ձայնը տալու են գործող նախագահին», փաստեց նա, ավելացնելով, որ նրանք բոլորը ականատես են վերջին տարիների զարգացումներին, նաեւ որոնց շնորհիվ են «Գրանդ հոլդինգի» հաջողությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 08-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ