RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1422, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՀԵՆՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Օրերս իր մահկանացուն կնքեց Հայաստանի երկրորդ հանրապետության հայտնի անձերից մեկըՙ կուսակցական եւ պետական ճանաչված գործիչ Հենրիկ Մինասյանը: Որքան էլ զարմանալի թվա, սովետական երկրի անդեմ ու աննկարագիր չինովնիկների հսկա բանակի մեջ այնուամենայնիվ ե՛ւ իսկապես ազնիվ հայրենասերներ կային, ե՛ւ ընդգծված անհատականություններ, ե՛ւ պայծառ անձնավորություններ, ե՛ւ հարուստ նկարագրի ու հետաքրքրական խառնվածքի տեր մարդիկ:

Հենրիկ Մինասյանը հենց այդպիսի անձնավորություններից մեկն էր: Մեծ Աղետից հրաշքով փրկված վանեցի հոր զավակՙ նա աչք էր բացել լեռնային աղքատ եւ կորած մի գյուղում ու, իր սերնդակիցների նման, ապրել էր 1940-ական թվականներին հայ գյուղին բաժին ընկած զրկանքներն ու տառապանքները: Գյուղացու կյանքն ու աշխատանքը նա գիտեր ոչ թե գրքերից, այլ, իր սերնդակից շատ-շատերի նման, կյանքով ու աշխատանքով: Հետո արդենՙ համալսարանական ուսումնառություն եւ ապաՙ կոմերիտական, ապա կուսակցական պատասխանատու աշխատանք, որ պիտի ձգվեր տասնյակ տարիներ: Նրա կյանքի այդ տարիները Վեդու շրջանի պատմությունն էին: Արարատյան դաշտի ժողովուրդը արթնանում է արեւածագի հետ, եւ գյուղատնտեսական աշխատանքների շրջանում շրջկոմի առաջին քարտուղարը արթնանում էր ժողովրդի հետ: Ամեն օր առավոտյան ժամը 7-ին նա արդեն աշխատասենյակում էր: Վեդու շրջանը, եւ ավելի ուշՙ Բաղրամյանի շրջանը նա գիտեր, ինչպես այգեպանն է ճանաչում իր մշակած այգին: Երբ արդեն չէր աշխատում եւ տանն էր, ես ներկա եմ եղել տարբեր գյուղերի մարդկանց հետ իր զրույցներին: Վեդու գյուղերից մի գյուղացու հետ զրուցելիս թվարկեց նրանց մշակած խաղողի սորտերը, հարցրեց, թե այսինչ եւ այնինչ սորտերը մնո՞ւմ են, թե՞ չէ, հարցրեց ինչ-որ ծառերի մասին, հետոՙ թե այգիների համար մի կարեւոր առու կար, հանեցի՞ն, թե՞ չէ: Եվ այսպես շարունակ: Ես շատ զարմացա, ասացիՙ ոնց որ ոչ միայն այդ բոլոր գյուղերում ապրած լինես, այլեւ ոնց որ թե այդ գյուղերի ներքին կյանքին մասնակից եղած լինես: Հասկացա, թե մարդը ինչպես գիտեր եւ ինչպես էր սիրում իր երկիրն ու հայրենիքը: Շատ էր կապված Արարատյան դաշտին, իր շրջանին, սիրտը մղկտում էր ամեն բանի համարՙ ցեմենտի փոշին ուտում է Արարատյան դաշտը, այսպիսի բան կլինի՞, Արարատյան դաշտի այսքան տոկոս հողը չի մշակվում եւ այլն, եւ այլն: Ամեն ինչ սրտին շատ մոտ էր ընդունում, իր աշխատանքի տարիների թվերն ու ցուցանիշները բոլորը գրանցել էր, մեջտեղ էր բերում, թղթերն էր հանում...

Հենրիկ Մինասյանը այն մարդկանցից էր, ովքեր գիտակցում են, որ մարդ արարածը երկրագնդի վրա պարզ նյութափոխանակությունից բացի ա՛յլ առաքելություն էլ ունի, որ մարդու կյանքը, երկրային կյանքը իմաստ եւ նպատակ պետք է ունենա: Մարդը պետք է հետք թողնի երկրի վրա եւ այդ հետքը պետք է թողնի ամենից առաջ իր գործով եւ աշխատանքով: Այդ կարգի մարդիկ բոլորովին այլ նկարագրի ու այլ հոգեբանության տեր մարդիկ էին. նրանցից հետո եկան նրանք, ովքեր եկան:

Հենրիկ Մինասյանը իր կյանքը ապրեց ազնվականի արժանապատվությամբ, չխոնարհվեց ոչ ոքի եւ ոչ մի բանի առաջ: Սովետական երկրի մարդ էր, եղել էր բարձրաստիճան պաշտոնյա, ռեժիմը գիտեր «ներսից» եւ մեզանից հազար անգամ ավելի լավ, եւ այնուամենայնիվ մնաց ինքն իրեն հավատարիմ: Ուրիշները ամիսը մեկ դավանափոխ ու կրոնափոխ եղան, գույն ու մաշկ փոխեցին, ինքը մնաց նույնը: Հենց միայն այս հանգամանքը արդեն ստիպում է իր մասին խոսել խորին հարգանքով:

Նա հետաքրքրական եւ հարուստ խառնվածքի տեր անձնավորություն էր: Մշակույթի հետ կապված, մշակույթով ապրող, բարձր ճաշակի տեր մարդ էր: Դրա շնորհիվ էլ նրբանկատ եւ հոգեպես նրբակիրթ էր: Շատ էր սիրում երգ-երաժշտություն: Երիտասարդ տարիներին հրաշալի երգում էր եւ երգում էր Կոմիտաս, հայ դասական երգեր: Խորշանքով էր վերաբերվում հայ երաժշտությանը խորթ այն ամենին, ինչ այսօր հրամցվում է իբրեւ հայկական երաժշտություն: Նրա համար առանձնակի բավականություն էր Մեծ թատրոնի ներկայացումները դիտելը եւ դրանց շուրջ զրուցել-խոսելը... Միշտ էլ լավ, ճաշակավոր ընթերցող էր, բայց առանձնապես վերջին տարիներին իրեն շրջապատել էր գրքերով, ամսագրերով, մամուլով... Կարդում էր, հետաքրքրական տեղերը ընդգծում կամ նշումներ էր անում, հետո դարձնում էր խոսք ու զրույցի նյութ:

Ես գրականությամբ զբաղվող մարդ եմ, նրա աշխատանքից ու նրա ասպարեզից հեռու մարդ, բայց ինձ համար միշտ էլ հետաքրքրական էին իր վերլուծությունները, բնութագրումները, խոսքը: Հրաշալի կենսափորձ եւ խոր դիտողականություն ունեցող մարդ էր: Եվ միջամառնային երկար օրերի մեր անվերջանալի զրույցները ամենատարբեր նյութերի շուրջ միշտ էլ հետաքրքրական էին, ուսանելի ու իմաստավոր:

Հենրիկ Մինասյանը պատմության գիրկը անցած-անցնող անկրկնելի մի սերնդի վերջին մոհիկաններից մեկն էր:

Հարգանք իր անունին եւ իր հիշատակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ