RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1583, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՏԱԴԻՄԵԼ Է ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

179 երկրների մեջ նա զբաղեցնում է 154-րդ հորիզոնականը

«Ազգի» նախորդ համարում, վկայակոչելով թուրքական «Էվրենսել» կայքէջը, անդրադարձել էինք Մարդու իրավունքների միության Դիարբեքիրի մասնաճյուղի «Արեւելյան եւ Հարավարեւելյան Անատոլիայում մարդու իրավունքների ոտնահարման» 2012 թ. զեկուցագրին, ըստ որի, ոտնահարումները 21 հազար 107 են:

Երեկ odatv.com կայքէջն էլ անդրադարձել է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության հունվարի 30-ին Փարիզում հրապարակած «2013-ին աշխարհում խոսքի ազատության» վերաբերյալ զեկուցագրին, որտեղ Թուրքիան 179 երկրների մեջ զբաղեցնում է 154-րդ հորիզոնականը: Ընդ որումՙ զեկուցագրում Թուրքիայի բաժինը ներկայացվել է «հիասթափություն գարնանային հույսերից հետո», «տարածաշրջանային անպատշաճ մոդել» արտահայտություններով, որտեղ նաեւ ընդգծվել է. «Թուրքիան մխրճվել է իր իսկ որդեգրած «տարածաշրջանային մոդելի» դերին անհարիր ընթացքի մեջ»:

«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը, պարզաբանումներ տալով կազմակերպության տարեկան զեկուցագրի մասին, ըստ թուրքական կայքէջի, ասել է. «Բռնապետություններում լրագրողների հետ ահավոր ճնշումների թիրախ են դառնում նաեւ վերջիններիս ընտանիքի անդամները: Ժողովրդավարական երկրներում լրագրողներին սպառնում է մամուլին սասանող տնտեսական ճգնաժամն ու շահադիտական կռիվները»:

Մամուլի ազատության չափանիշներով, 2013-ին Թուրքիան 2012-ի համեմատ 6 աստիճան հետադիմել է: 2002-ին 179 երկրների մեջ նա 148-րդ հորիզոնականում էր: Ի դեպ, Թուրքիայի հետադիմությունը նոր չէ, դեռեւս 2005-ին է սկսել: 2005-ին Թուրքիան զբաղեցրել էր մամուլի ազատության ցուցակի 98-րդ, 2006-ինՙ 100-րդ, 2007-ինՙ 101-րդ, 2008-ինՙ 103-րդ, 2009-ինՙ 123-րդ եւ 2010-ինՙ 138-րդ հորիզոնականները:

Այս հետադիմությունը զեկուցագրում հետեւյալ կերպ է բացատրել «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը. «Ներկայումս Թուրքիայի ժողովրդավարությունը «հանուն ահաբեկչության դեմ պայքարի» դարձել է աշխարհի խոշորագույն կալանավայրը լրագրողների համար: Յուրաքանչյուր քննադատություն ընդհատակյա կազմակերպությունների դավադրությունը համարող պետության անվտանգության խելացնորությունը երկրում քրդական հարցի ակտիվացմանը զուգընթաց նախորդ վերջին տարում վերստին մոլեգնեց: Ահաբեկչության դեմ պայքարի օրենքում մատնանշված, բայց հետաձգված բարեփոխումներն ու PKK-ի հետ իշխանությունների բանակցությունները որքանո՞վ կնպաստեն իրավիճակի բարելավմանը, ցույց կտա ժամանակը»:

Մամուլի ազատության վարկանիշով հետադիմել են նաեւ Թուրքիայի արեւմտյան հարեւաններ Հունաստանն ու Բուլղարիան, համապատասխանաբար զբաղեցնելով 84-րդ եւ 87-րդ հորիզոնականները: Հակառակ այս երկրների, Վրաստանը առաջադիմել է 4 աստիճան եւ 100-րդ տեղում է, Ադրբեջանը 6 աստիճանՙ 156-րդ, իսկ Հայաստանըՙ 3 աստիճան առաջադիմությամբՙ 74-րդ տեղում: Հատկանշական է, որ հաջորդաբար մեկ եւ երկու աստիճանով առաջադիմել են նաեւ 174-րդ տեղն զբաղեցնող Իրանն ու 150-րդ տեղը զբաղեցնող Իրաքը: Սիրիան մնացել է միեւնույնՙ 176-րդ հորիզոնականում:

Թուրքական կայքէջը մխիթարանք է համարում, որ մամուլի ազատության ցուցանիշներով Թուրքիան գոնե գերազանցում է սանդղակի 159-րդ հորիզոնականում հայտնված Պակիստանին, ինչպես նաեւ Սոմալիին, որը զբաղեցնում է 175-րդ հորիզոնականը: Ի դեպ, հետադիմել են նաեւ այս երկրները, որոնցից առաջինը 11, երկրորդըՙ 8 աստիճանով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ