RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2013-01-30 > #008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013



Տեղադրվել է` 2013-02-01 00:10:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1727, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ» ՍԿՍՎԵ՞Լ Է

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հարեւան երկրից լրատվությունը գնալով ավելի է հիշեցնում «ռազմաճակատային հաղորդագրություն». միայն երեկ Ադրբեջանում արձանագրվել է հրկիզման երկու, զանգվածային գործադուլի եւ քաղաքացիական բողոքի մեկական դեպք: Հունվարի 31-ի գիշերը խոշոր «հրդեհ է բռնկվել «Բինա» առեւտրի կենտրոնում»: Նույնիսկ իշխանամետ լրատվամիջոցները չեն թաքցնում, որ դա «ամենայն հավանականությամբ կապ ունի մեկ շաբաթ առաջ առեւտրի կենտրոնի վարձակալների բողոքի հետ»: Հիշեցնենք, որ «Բինա» առեւտրի կենտրոնի շուրջ 500 վարձակալներ ավելի վաղ բողոքել էին սեփականատիրոջ կողմից վարձակալության գները կտրուկ բարձրացնելու, կրպակներում ՀԴՄ տեղադրելու մասին հարկային մարմինների որոշման դեմ: Նրանք ենթարկվել են ոստիկանական հարձակումների, մեկ տասնյակից ավելի մարդու դեմ քրեական գործ է հարուցվել: Երեկ գիշեր «բռնկված հրդեհը», այսպիսով, ըստ էության հրկիզում է, որով տարածքի վարձակալները վրեժխնդիր են եղել սեփականատիրոջից եւ իշխանություններից:

Հրկիզման երկրորդ դեքն ավելի ողբերգական է. Բաքվից 374 կմ հեռու Շամքորի շրջանում հրդեհին զոհ է գնացել երկու բանվոր, որ աշխատելիս են եղել ինչ-որ շինարարությունում: Հավելյալ տեղեկություններ չեն հայտնվում: Սակայն բացառված չէ, որ բանվորները պարզապես զոհ են գնացել տեղի իշխանություններից վրեժխնդրության քայլին: Ինչպես երեւում է, Ադրբեջանում իշխանության տեղական մարմինների ներկայացուցիչների դեմ բողոքները սկսվում են նրանց սեփականության հրկիզումներով: Մեկ տարի առաջ այդպես եղավ Ղուբայում, իսկ հունվարի 24-ին ցուցարարները հրկիզեցին Իսմայիլիի «Չիրաղ» հյուրանոցը եւ գործադիր իշխանության ղեկավարի «առանձնատան հանգստի գոտին` բակում կայանած 5 մեքենայի եւ 2 քառանիվ մոտոցիկլետի հետ»:

«Թուրան» գործակալությունը տեղեկացրել է, որ Բաքվի «խորհրդանիշ հանդիսացող» Baku Flame Towers-ի 150 բանվորներ երեկվանից անժամկետ գործադուլ են հայտարարել: Մի քանի օր առաջ նրանք փորձել էին արգելափակել Միլլի մեջլիսի փողոցը, սակայն ոստիկանությունը դաժանորեն ցրել էր ակցիան: Ըստ «Թուրանի»ՙ բանվորները «հիմնականում Թուրքիայի քաղաքացիներ են, որոնք Բաքվում աշխատում են առանց դրա համար օրինական հիմքի»:

Շինարարության կապալառուի մասին պատկան մարմինները տեղեկություններ չեն տրամադրում: Մինչդեռ իրավապաշտպաններին հայտնի է դարձել, որ բանվորներն «ապրում են անտանելի պայմաններում, իրենց աշխատավարձի հաշվին սնվում հիմնականում ժամկետանց մթերքներով, ինչի հետեւանքով նրանցից շատերը սննդային թունավորում են ստացել»: Հայտնի է դարձել, որ բանվորներն անցյալ տարեվերջից աշխատավարձ չեն ստացել:

Երեկ «մի քանի հարյուր ցուցարարների խումբը արգելափակել է Իմիշլի շրջկենտրոնի կենտրոնական փողոցը»: Մարդկանց դժգոհության պատճառը «սոցիալական անտանելի պայմաններն են, ինչպես նաեւ` նախանցյալ գարնան հեղեղումների հետեւանքները վերացնելու համար իշխանությունների խոստացած գումարների չտրամադրումը»: Այս տողերը գրելու պահի դրությամբ Իմիշլիում ոստիկանության գործողությունների մասին տեղեկություններ չկան: Բայց գրեթե կատարյալ վստահությամբ կարելի է ասել, որ իշխող վարչախումբն այնտեղ էլ հավատարիմ կմնա իր ձեռագրին, կգործադրի կոպիտ ուժ:

Այդուհանդերձ, 2013-ն Ադրբեջանում սկսվել է ակնհայտ հեղափոխական տրամադրություններով: Բողոքի ակցիաների աշխարհագրությունը վկայում է, որ խնդիրները համակարգային են: Եվ որեւէ շրջանում գործադիր իշխանության ղեկավարի փոփոխությամբ, եթե նույնիսկ Իլհամ Ալիեւը նման քայլերի գնալու լինի, իրավիճակը չի շտկվելու: Լարվածությունն այնքան մեծ է, որ խոսվում է ուժային կառույցների ղեկավարների հնարավոր պաշտոնանկության մասին: Մասնավորապես, պահեստի սպաներն ստորագրահավաք են սկսել պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին «ծառայությունների դիմաց գնահատելու եւ նրան պատվավոր թոշակի ուղարկելու» խնդրագրի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 01-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ