ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ. «ԱՅԺՄ ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ Է «ՍՊԱՐՏԱԿԻՆ» Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր Մոսկվայի «Սպարտակի» հետ կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ կմասնակցի թիմի ուսումնամարզական առաջին հավաքին: Հունվարի 31-ին «Սպարտակը» ստուգողական խաղ կանցկացնի Ուզբեկստանի քառակի չեմպիոն եւ եռակի գավաթակիր «Բունյոդկորի» հետ, իսկ փետրվարի 4-ին կմրցի արաբական «Ալ Վահդի» հետ: Յուրա Մովսիսյանը հարցազրույց է ունեցել Sportbox.ru-ի թղթակցի հետ, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը: - Յուրա, քո տունն ու ընտանիքը Կալիֆոռնիայում են, որտեղ մշտապես հիանալի եղանակ է եւ խաղադաշտերն էլ լավ վիճակում են: Սակայն դու Մոսկվայում ես, որտեղ -20 աստիճան ցուրտ է, ֆուտբոլի համար պայմաններն էլ բարվոք չեն: - Իհարկե, նորմալ մարդը կյանքի եւ ֆուտբոլի համար ավելի լավ պայմաններ կընտրեր: Սակայն... - Դու ասացիր նորմա՞լ: Մի՞թե քեզ այդպիսին չես համարում: - Նորմալն այն մարդիկ են, որոնք ֆուտբոլ չեն խաղում: Իհարկե, այստեղ շատ ցուրտ է, մրսում եմ: Երբեմն թվում է, թե Ռուսաստանը մոլորակի ամենացուրտ տեղն է: Սակայն այդ ամենը ոչինչ է, եթե նպատակադրված է: Իսկ ես մշտապես ցանկացել եմ բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել: Ուստի ուրախ եմ դառնալու Ռուսաստանի լավագույն ակումբի մի մասնիկը: - Այն փաստը, որ «Սպարտակը» սեփական հարկի տակ նշանակված հանդիպումներն անցկացնում է արհեստական խոտածածկով խաղադաշտում, քեզ չի՞ անհանգստացնում: - Դա խնդիր չէ, մանավանդ որ քիչ ժամանակ է մնացել այնտեղ հանդես գալու: Ամռանը «Լուժնիկին» փակվելու է եւ «Սպարտակը» կխաղա բնական խոտածածկով խաղադաշտում: - Քեզանով հետաքրքրվում էին «Էվերտոնը», ԲԿՄԱ-ն, եվրոպական մի շարք թիմեր: Ինչո՞ւ ընտրեցիր «Սպարտակը»: - Պարզապես «Սպարտակը» լավագույն ռուսական ակումբն է իր լավագույն երկրպագուներով: - Ամենայն հավանականությամբ, «Սպարտակը» մեծ թվով երկրպագուներ կունենա նաեւ քո հայրենիքում: - «Սպարտակը» մշտապես շատ սիրված թիմ է եղել Հայաստանում: Ինձ համար կրկնակի հաճելի է գիտակցել, որ իմ հայրենակիցներն այսուհետ սպարտակցիներին ավելի շատ կերկրպագեն, կցանկանան, որ նրանք ավելի շատ հաղթանակներ տոնեն: Այժմ ողջ Հայաստանը երկրպագելու է «Սպարտակին»: Հուսով եմ, որ «Սպարտակի» ռուսաստանցի ֆուտբոլասերներն էլ կհետեւեն Հայաստանի հավաքականի ելույթներին ու հաղթանակներ կմաղթեն մեր ընտրանուն: |