ԿԱՏԱԼՈՆԻԱՆ ԻՐԵՆ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀՌՉԱԿԵՑ Կատալոնիայի խորհրդարանը երեկ ընդունել է իսպանական այդ տարածքի ինքնիշխանության խորհրդանշական հռչակագիրՙ այդպիսով ուղի հարթելով Իսպանիայից անկախանալու հանրաքվեի անցկացման համար: Լոնդոնի «Գարդիան» թերթի կայքէջը հաղորդում է, որ հռչակագրի օգտին քվեարկել են 85, դեմՙ 41 պատգամավորներ: Երկու պատգամավոր ձեռնպահ է մնացել: Անկախությունը պաշտպանել են տարածաշրջանում կառավարող «Զուգամետություն եւ միություն» դաշինքը եւ Հանրապետական ձախ կուսակցությունը: Դեմ են արտահայտվել կատալոնացի սոցիալիստները եւ ամբողջ Իսպանիայում կառավարող ժողովրդական կուսակցությունը: Հռչակագիրը խորհրդանշական է, բայց սպասվում է, որ կհանգեցնի Բարսելոնի եւ Մադրիդի իշխանությունների դիմակայության սրմանը: Կենտրոնական կառավարությունը խոստացել է շրջափակել Կատալոնիայի անկախական բոլոր նախաձեռնությունները: Հանրային հարցումները վկայում են, որ անկախության հարցում կատալոնացիների ձայները կիսվում են գրեթե հավասարապես: Կատալոնացիները դեմ են այնպիսի անկախությանը, որը կնշանակեր հրաժեշտ Եվրոմիությանը: Կատալոնիայում անջատական տրամադրություններն առկա են արդեն մի քանի դար: Վերջին տարիներին դրանք կապված են ֆինանսական ճգնաժամի հետ: Կատալոնիան ապահովում է Իսպանիայի ՀՆԱ-ի 20 տոկոսը: |