RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



ԻՐԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2429, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 96

«ԻՐԱՆԻ ՄՆԱՅՈՒՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ» «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԶԱՎԹԵՑ ԹԱՌԸ»

ԹՂԹԱԿԻՑ, Իրանական «Դոնյայե Էղթեսադ» («Տնտեսական աշխարհ») օրաթերթ

Այս վերնագրերի ներքո իրանական «Դոնյայե Էղթեսադ» («Տնտեսական աշխարհ») օրաթերթը 2012 թ. դեկտեմբերի 11 եւ 12 հաջորդական համարներում անդրադարձել է Ադրբեջանի նոր քյալլագոզությանըՙ թառ երաժշտական գործիքի յուրացմանը: Թեհրանի մեր աշխատակցի թարգմանությամբ ներկայացնելով նյութը, հրավիրում ենք մեր մասնագետներին ըստ էության արձագանքելու միջազգային արժեքների ադրբեջանական այս նորագույն յուրացման փաստին:

ԽՄԲ.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հանձնախմբի յոթերորդ նիստում թառի ավանդական գործիքաշինական ու նաեւ նվագելուՙ կատարողական զանազան ձեւերը գրանցվեցին Ադրբեջանի Հանրապետության անունով:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության հանձնախումբը Փարիզում տեղի ունեցած իր յոթերորդ նիստում չորս պարագաներ ավելացրեց աշխարհի մշակութային ժառանգության իր ցանկին, որտեղ թառ երաժշտական գործիքի շինությունն ու նվագելը գրանցվեց Ադրբեջանի Հանրապետության անունով:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնախմբի զեկույցում, ազերիների կողմից ներկայացված, թառի արտադրության եւ նվագելու ավանդական ձեւերը գրանցվեցին նրանց անունով:

Մինչդեռ թառը ավելի շատ որպես իրանական գործիք է ճանաչված աշխարհում եւ դարերի անցյալ ունի Իրանում:

Ինչպես հաղորդել է Իրանի մշակութային ժառանգություն լրատվական կազմակերպությունը, Իրանը ոչ մի մասնակցություն չի ունեցել այս գործարքի մշակման եւ առաջարկման քայլերում, մինչդեռ թառը աշխարհով մեկ ճանաչված է որպես ամենահին եւ տարածված իրանական նվագարան:

Ադրբեջանի Հանրապետությունը, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին աշուղներին էր իր անունով գրանցել տվել, այս անգամ էլ թառ նվագարանն է իր անունով հռչակել:

Ըստ այդ զեկույցիՙ թառը լարային նվագարան է, որ պատրաստվում է թթի ծառի փայտից: Այն երկար կոթ ունի, որի վրա էլ լարերն են ամրացված, որն էլ պատրաստվում է Ադրբեջանի գյուղերում եւ քաղաքներում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում ասվում է նաեւ, որ թառը ավանդաբար նվագվում է հարսանյաց եւ այլ խնջույքներում, զանազան տոնակատարությունների, հյուրասիրությունների եւ նիստերի ժամանակ:

Զեկույցում ասված է նաեւ, որ թառաշինությունը դարեր եւ տարիներ շարունակ ավանդաբար փոխանցվել է սերնդեսերունդ եւ հասել է մինչեւ մեր օրերը, նույնպես այդ նվագարանի օգտագործումն է վարպետ կատարողների կողմից ավանդաբար փոխանցվել ձեռքից ձեռք եւ հասել մեզ:

Այս նվագարանը, որը կազմված է մեջը դատարկ գլխից եւ երկար կոթից, 8-ի նման է եւ 6 լար ունի, նվագվում է կնտնտոցի միջոցով:

Թառը տարածված նվագարան է Միջին Արեւելքի երկրներում, Ադրբեջանում, Հայաստանում ու Վրաստանումՙ ժողովրդական երաժշտությունը ներկայացնելու համար: Անցյալում իրանական թառը 5 լար է ունեցել, որին Ղոլամհոսեյն Դարվիշը ավելացրել է նաեւ 6-րդը, որը եւ գործ է ածվում մինչեւ այսօր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն թառի գրանցման հետ միաժամանակ գրանցել է նաեւ ալժիրական հարսանքային մի սովորություն, ավստրիական դիմակահանդեսային մի պարագա ու նաեւ ժողովրդական մի էպոս [1] Ալժիրի, Ավստրիայի եւ Հայաստանի անուններով:

Իրանի Երաժշտության տան տնօրենության ղեկավարի հայտարարության համաձայնՙ այս խմբի վերջին նիստում որոշվել է նույն Տան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենի մասնակցությամբ մի հանձնախումբ կյանքի կոչելՙ թառը Ադրբեջանի անունով գրանցելու խնդիրը հետապնդելու համար:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբՙ պարոն Մուհամմադ Սարիրը ասել է. «Երաժշտության տան ուսումնասիրությունների կենտրոնը թառը Ադրբեջանի անունով գրանցելու խնդիրը հետապնդելու համար նիստ է գումարելու, որտեղ քննության է ենթարկելու սույն արձանագրության փաստարկները: Որովհետեւ խնդիրը միջազգային է, եւ չի կարելի առանց ոսումնասիրելու դրան անդրադառնալ: Ուսումնասիրությունների կենտրոնը այս խնդիրը քննելով եւ մանրամասնելովՙ գտնելու է այն մեկնաբանելու եւ փաստելու հնարավորությունը: Որ ասում են, թե թառը իրանական երաժշտության հիմունքների վրա է Ադրբեջանի անունով գրանցվել, բավարար եւ արդարացուցիչ չէ. մենք պետք է մասնագիտորեն ոսումնասիրենք, տեսնենք, թե որոնք են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրենքներն ու սկզբունքները այս առումով:

Ի դեպ, ադրբեջանական մեկմանաթանոց թղթադրամի վրա պատկերված է թառը: Մի բան, որ ապացուցում է, թե այդ երկրի պատասխանատուները նախապես ծրագրել եւ ի կատար են ածել այս նվագարանի գրանցումը իրենց անունով:

(1) Սասունցի Դավթի էպոսը (թարգմանիչ)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ