RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 20:01:52Փորձարկվեց Իլոն Մասկի Starship-ը
2020-08-05 18:22:58Հացահատիկի պաշարները Լիբանանում կբավականացնեն մեկ ամսից քիչ
2020-08-05 17:09:56Բեյրութի Վահան Թեքեյան վարժարանը պայթյունից հետո (տեսանյութ)
2020-08-05 15:04:13Լիբանանի նախկին վարչապետի օգնության կոչ Բեյրութում տուժածների համար
2020-08-05 14:42:23Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



Մամուլ

Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1203, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՙ ՄԱՄՈՒԼԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՄՈՒԼՆ ԱՐԺԵԶՐԿԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, «Հետք»

Հետազոտության արդյունքները

1998 թ.-ին լրագրողական կազմակերպություններն ու տպագիր լրատվամիջոցների ներկայացուցիչները դիմեցին ՀՀ կառավարությանըՙ ֆինանսապես ծանր վիճակում հայտնված մամուլին ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատելու խնդրանքով: Կառավարությունն ընդառաջեց խնդրանքինՙ միայն թերթերի իրացման մասով ազատեց ավելացված արժեքի հարկից, բայց ոչ գովազդը, այլ որոշեց ԱԱՀ-ն լրատվամիջոցներին փոխհատուցել սուբսիդավորման եղանակով: Կառավարության որոշումով փոխհատուցման ենթակա լրատվամիջոցների ցանկում ընդգրկվեց մարզային, գրական, մանկապատանեկան եւ ազգային փոքրամասնությունների մամուլը: Մանկական մամուլ հրատարակողների դիմումների հիման վրա որոշ ժամանակ հետո ցանկից առանձնացվեց մանկական մամուլը եւ ֆինանսավորվեց առանձին տողով: Պետական աջակցության ցանկում մնաց միայն մարզային, գրական եւ ազգային փոքրամասնությունների մամուլը:

Կառավարության աջակցության քաղաքականությունը, որը կոչվում է «Աջակցություն ոչ պետական մամուլին», անփոփոխ է արդեն 15 տարի, միայն մի բացառությամբ, որ անցնող տարիների ընթացքում ընդլայնվել է սուբսիդավորվողների ցանկը: Ինչպես ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը նշեց այդ թեմայով հրավիրված քննարկման (http://hetq.am/arm/multimedia/videos/98/) ժամանակ, «այդ աջակցությունն ստանալու ճանապարհներ գտան զանազան նորահայտ ամսագրեր, գերատեսչական թերթեր»: Ներկայումս ոչ պետական մամուլի հրատարակման եւ տպագրման աշխատանքների համար պետական աջակցություն տրամադրվում է ավելի քան 70 անուն տպագիր հրատարակություններիՙ հետեւյալ ուղղություններով.

1. գրական-մշակութային մամուլ,

2. գիտական-հանրամատչելի մամուլ,

3. ՀՀ մարզերում հրատարակվող մամուլ,

4. մարզական մամուլ,

5. ազգային փոքամասնությունների լեզուներով հրատարակվող մամուլ:

Կառավարության աջակցության քաղաքականությունն իրականացնողը ՀՀ մշակույթի նախարարությունն է` հանձին նախարարության ենթակայությամբ գործող «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության: Սուբսիդավորման դիմող լրատվամիջոցներից հայտերի ընդունումը կազմակերպում եւ իրականացնում է «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ըստ ընդունված աշխատանքային կարգիՙ ներկայացված հայտերը քննարկում է մշակույթի նախարարին կից գործող «Պետական աջակցությամբ հրատարակվող ոչ պետական մամուլի անվանումների ցանկը ձեւավորող խորհուրդը» եւ առաջարկություն է ներկայացնում նախարարին: Նախարարը ներկայացված առաջարկությունների հիման վրա հաստատում է դրական եզրակացություն ստացած հայտատուների վերջնական ցանկը եւ ներկայացնում է կառավարության հաստատմանը:

ՀՀ մշակույթի նախարարին կից պետական աջակցությամբ հրատարկվող ոչ պետական մամուլի անվանումների ցանկը ձեւավորող խորհուրդն ստեղծվում է մշակույթի նախարարի հրամանով եւ հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է: Խորհրդի կազմում լրագրողական միջավայրը ներկայացնող ընդամենը երկու անձ է ներգրավված` ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Խորհրդի մյուս անդամները մշակույթի նախարարության աշխատակիցներն են:

Խորհուրդը հետեւյալ գործառույթն է իրականացնումՙ նախարարին առաջարկություններ է ներկայացնում.

ա) պետական աջակցությամբ հրատարակվող ոչ պետական մամուլի անվանացանկի մասինՙ ըստ կազմակերպությունների,

բ) պետական աջակցությամբ հրատարակվող ոչ պետական մամուլին հատկացվող գումարների չափի մասին:

Սուբսիդիա ստանալու համար ընդամենը երկու չափանիշ է սահմանված.

1. թերթի համար նվազագույնը ամսական 1, իսկ տարեկան առնվազն 12 համարի հրատարակումՙ 1 մամուլ ծավալով եւ 500 օրինակ տպաքանակով,

2. ամսագրի համար 3 ամիսը մեկ, իսկ տարեկան 4 համարի հրատարակումՙ 5 մամուլ ծավալով եւ 500 օրինակ տպաքանակով:

ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ սուբսիդիայի տրամադրման հիմնական նպատակը բնակչությանը տեղեկատվությամբ ապահովելն է: «Տրամադրվող սուբսիդիայի միջոցով լրատվամիջոցները կարողանում են ապահովել իրենց լրատվամիջոցի հրատարակման պարբերականությունը, ինչպես նաեւ լուծել ծառացած տնտեսական, հրատարակչական եւ տպագրական խնդիրները»:

Վերջին միտքը գուցե ընդունելի է մանկական մամուլի համարՙ ելնելով դրանց տրամադրվող գումարների չափից, սակայն մարզերում տպագրվող թերթերի համար այն միանգամայն չափազանցված է: Յուրաքանչյուր մարզում սուբսիդավորվում է մինչեւ 5-6 անուն մամուլ, որոնց հատկացված գումարային չափից ելնելով` տարեկան 300-500 հազար դրամ, կարող ենք ասել, որ դա չի արվում բնակչությանը տեղեկատվությունը մատչելի դարձնելու նպատակով եւ հատկապես տնտեսական, հրատարակչական եւ տպագրական խնդիրները լուծելու համար, ինչպես վերնագրված է փաստաթուղթը: Այդ թերթերի հիմնական մասը դերակատարություն չունի հասարակական կյանքում, եղանակ չի ստեղծում, սպառող չունի, խմբագրություն եւ խմբագրակազմ չունի, եւ վաղուց է բնակչությունը մոռացել դրանց գոյության մասին: Այս ոլորտում մեր իրականացրած ուսումնասիրությունը պարզեց, որ կառավարության օժանդակության ցանկում ընդգրկված շատ լրատվամիջոցներ մարդ-խմբագրություններ ենՙ մեկհոգանոց «աշխատակազմով»: Խմբագիրը նաեւ լրագրող է, սրբագրիչ, տնտեսվար, համակարգչային օպերատոր, առաքիչ:

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքովՙ աջակցության ընդունելի միակ ձեւը հարկային արտոնությունը կարող է լինել. որեւէ ուղղությամբ, հարկային վերադարձը կամ փոխհատուցումը, ինչպես օրինակՙ «պետությունից թերթերին հատկացվող գումարի չափով համամասնորեն հարկերի զիջումը թերթերին»:

ԶԼՄ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նշում է, որ ճիշտ կլինի «սուբսիդավորումը կախման մեջ դնել տվյալ թերթի` նախորդ տարի վճարած հարկերից: Այսինքն` ըստ էության նրա վճարած հարկերը վերադարձնել իրեն, ինչը խթան կլինի, որ լրատվամիջոցը ե՛ւ վաճառքը ավելացնի, ե՛ւ գովազդային մուտքերը, այսինքն` ինչքան լավ աշխատես ու եկամուտ ապահովես, այնքան շատ հարկեր կվճարես, հետեւաբար հաջորդ տարի շատ ֆինանսավորում կստանաս»:

Ծրագրի իրականացման ընթացքում ուսումնասիրվեց մարզերում հրատարակվող թերթերի գերակշիռ մասը, եւ պարզվեց, որ մարզային հիմնախնդիրները տեղ չունեն թերթերի էջերում: Չնայած յուրաքանչյուր մարզում մինչեւ հինգ անուն թերթ է հրատարակվում, սակայն հաճախակի են մարզպետները խոստովանում, որ մարզային բազմաթիվ խնդիրների մասին հանրապետական մամուլից են տեղեկացել: Այսինքնՙ մարզային մամուլը մի շարք օբյեկտիվ եւ սուբեկտիվ պատճառներով շեղվել է իր բուն նպատակից եւ մամուլի արագ վերափոխման մեր ժամանակներում մնացել է նախորդ հասարակարգումՙ իր հետաքրքրություններով, թեմատիկայի ընտրությամբ, տեխնիկական հնարավորություններով եւ այլն:

Այս առումով ծրագրի շրջանակներում կազմակերպված թիրախային խմբերի քննարկումների մասնակիցների մի մասի կարծիքովՙ «համայնքային թերթերը հրատարակվում են ամիսը մեկ անգամ եւ ժամանակավրեպ են», մյուսները նշում են, որ յուրաքանչյուր մարզի բնակիչ ուզում է տեղեկանալ իր մարզի լուրերին, նրան ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ է կատարվում իր մարզում:

Խոսելով մարզային մամուլի բովանդակային սահմանափակումների եւ ընթերցողների թվի կրճատման մասին, մասնակիցների խոսքովՙ տպագիր մամուլի ազդեցության նվազումը պայմանավորված է էլեկտրոնային լրատվամիջոցների հաղթարշավով: Ոմանց կարծիքովՙ չնայած, որ մարդիկ ավելի հաճախ տեղեկատվություն ստանում են համացանցի միջոցով, այնուամենայնիվ, նախընտրում են վերլուծական նյութերը կարդալ տպագիր մամուլում:

Մարզային թերթերի խմբագիրների տեղեկացմամբՙ սուբսիդիան թերթերի կայացման սկզբնական շրջանում մեծապես նպաստել է ֆինանսական դժվարությունների հաղթահարմանը: Հետագայում հատկացված գումարն ամեն տարի կրճատվել է սուբսիդավորման ցանկը նոր անուններով համալրվելու պատճառով: Ցանկում ընդգրկվել են մասնագիտական շատ նեղ շրջանակի ուղղված ամսագրեր, որոնց հրատարակիչը կամ հիմնադիրը ՀԿ-ներն են կամ պետական կառույցները, մարզական կազմակերպությունները, ստեղծագործական եւ հայրենակցական միությունները («ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ», «Օրենք եւ իրականություն» ՍՊԸ, «Գարդմանահայերի հայրենակցական միավորում» ՀԿ, «Համշեն» հայրենակցական-բարեգործական» ՀԿ, «Զորավիգ-Մերհով» ՍՊԸ եւ այլն): Անվանացանկում կրկնվում են գրական-մշակութային նույնաբնույթ թերթերը, ամսագրերն ու հանդեսները: «Նովոյե վրեմյա» եւ «Գոլոս Արմենիի» թերթերը նորովի են ներկայացված ընթերցողին, նրանք ֆինանսավորվում են ոչ թե որպես ռուսալեզու թերթեր, այլՙ ազգային փոքրամասնության:

Ցուցակն ընդլայնվել է, սակայն ոչ պետական մամուլին հատկացվող գումարը չի ավելացել, եղածը կիսվել է ցանկը համալրածների միջեւ: Հայաստանի կառավարությունն այս քաղաքանակությամբ միայն կարող է ընդգծել, որ պետությունը մոռացության չի մատնել մամուլը, բայց ֆինանսական աջակցություն համարելը դժվար է: Հատկացվող գումարի չափերը եթե նկատի ունենանք, դա ավելի շատ բարոյական աջակցություն է, քան ֆինանսական:

«500 հազար դրամով, որը տրվում է մեր թերթին,- ասում է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը , չենք կարող որեւէ կոնկրետ հարց լուծել: Երկու տպագրական մամուլ ծավալով թերթ տպագրելու դեպքում կհերիքի (լրագրային թուղթ, սեւ-սպիտակ տպագրություն) յոթ համարի տպարանային ծախսը հոգալուն (2000 տպաքանակի պարագայում)»: Նրա կարծիքովՙ մարզային թերթը պետք է կարողանա սեփական նյութերով ու պարբերաբար լուսաբանել տվյալ տարածաշրջանի առօրյան, ինչը մեծ ջանք է պահանջում, ինչպես նաեւ հաշվի չի առնվում դրամի արժեզրկումը եւ տպագրական ու մյուս ծախսերի աննկատ, բայց եւ հետեւողական բարձրացումը»:

Նոր ժամանակները նոր մարտահրավեր են նետել տպագիր մամուլին, այսօր մամուլի աջակցության պետական քաղաքականությունն այլեւս չի կարող մնալ ԱԱՀ-ն փոխհատուցելու շրջանակում: Փոխատեղումներ են տեղի ունեցել լրատվամիջոցների միջավայրում, նախկին ամենաազդեցիկ թերթերն իրենց տեղը զիջել են նորերին, կրճատվել է հանրապետական թերթերի տպաքանակըՙ երբեմն հավասարվելով մարզային թերթերին: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեր դարաշրջանում, երբ «թղթի» հոտն արդեն ընթերցողին չի գրավում, եւ տպագիր մամուլի տպաքանակը կրճատվում է ամբողջ աշխարհում, ՀՀ կառավարության որդեգրած 15 տարվա վաղեմության աջակցութան քաղաքականությունն այլեւս արդիական չի կարող համարվել:

Պետության աջակցության ձեւական քաղաքականությունը վաղուց ոչինչ չի տալիս այն ստացողներին, չնայած սուբսիդիայից օգտվող լրատվամիջոցների ղեկավարներից ոմանք, փոքրիկ աջակցությունը կորցնելու մտավախությունիցՙ հավաստիացնում են, որ այդ գումարով են հրատարակում թերթը: Ի՞նչ խնդիր կարող են լուծել մեկ տպագրական մամուլով տարեկան մի քանի համար հրատարակվող թերթերը կամ տարեկան 3-4 համար հրատարակվող ամսագրերը, ո՞րն է նրանց դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում կամ համայնքի ներսում:

Կառավարությունն իր որդեգրած աջակցության քաղաքականությամբ արժեզրկել է մամուլը: Դա նպաստել է, որ սուբսիդավորվող լրատվամիջոցները բավարարվեն գոյատեւելու քաղաքականությամբՙ պահպանել են անունը եւ չեն մտահոգվել լրատվամիջոցի կայացումով: Պատահական չէ, որ ավանդական լրատվությունն ու նոր տեխնոլոգիաները պետական աջակցությամբ հրատարակվող լրատվամիջոցների դեպքում չեն համատեղվել: Մարզային թերթերից մեկ-երկուսն ունեն էլեկտրոնային կայքեր, երբ տարածման այս ձեւը վաղուց արդիական է դարձել:

Սուբսիդավորման գործող կարգը խթան չէ մամուլի համար, որպեսզի բարելավի իր գործունությունը, մրցակցի թեկուզ մարզային մակարդակով, զարգացման հեռանկարներ ունենաՙ ապահովելով որոշակի տպաքանակ, որը նաեւ թերթին ֆինանսական մուտքեր կապահովի: Տեղական ինքնակառավարման մարմինների հայտարարությունների հրատարակումն այդ դեպքում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի մենաշնորհը չէր դառնա եւ ֆինանսական մուտքեր կապահովեր առաջին հերթին տեղական թերթերի համար:

Ամփոփելով մեր ուսումնասիրությունը, ինչպես նաեւ տպագիր մամուլի զարգացումը խթանելու նպատակով կառավարության որդեգրած քաղաքականության վերաբերյալ լրատվամիջոցների ղեկավարների ու մամուլի փորձագետների շրջանում իրականացված հարցման արդյունքներըՙ ՀՀ մշակույթի նախարարի քննարկմանն ենք ներկայացնում հետեւյալ առաջարկները.

1. ՀՀ մշակույթի նախարարին կից պետական աջակցությամբ հրատարակվող ոչ պետական մամուլի անվանումների ցանկը ձեւավորող խորհրդում պետք է գերակշռեն լրատվական գործունեությանը խիստ իրազեկ անձինք,

2. «Աջակցություն ոչ պետական մամուլին» պետական բյուջեից հատկացվող դրամական օժանդակությունը հատկացնել մրցութային կարգով, ներկայացված հայտ-նախագծերի հիման վրա,

3. տեխնիկական պահանջներից բացի կարեւորել լուսաբանվող թեմաները, ազգային փոքրամասնությունների դեպքումՙ ազգային լեզվով հրապարակումները պետք է կազմեն 80%-ը,

4. ավելացնել սուբսիդիայի չափըՙ լրատվամիջոցին լիարժեք գործունեություն ծավալելու հնարավորություն տալով, կամՙ հարկային արտոնություններ սահմանել տպագիր լրատվամիջոցների համար. դրամական աջակցության փոխարեն հարկերի համամասնորեն վերադարձի քաղաքականություն կիրառել: Այսինքնՙ թերթերին զիջել հարկերըՙ պետությունից հատկացվող գումարի չափին համամասնորեն,

5. հավասար մրցակցային դաշտ ապահովել բոլորի համարՙ վերացնելով պետական եւ ոչ պետական մամուլի միջեւ եղած անհավասար իրավիճակը,

6. մշակել պետական ֆինանսական աջակցության տրամադրման չափորոշիչների համակարգՙ տպաքանակից եւ հրատարակման թվաքանակից բացի պարտադիր համարել խմբագրական գործունեություն ծավալելու համար նվազագույն պահանջներըՙ խմբագրակազմ, գործունեության տարածք, տեխնիկա, 3 տարուց ոչ պակաս գործունեություն, հանրային կարծիքի ձեւավորման վրա ունեցած ազդեցությունը, զարգացման ռազմավարությունը, մասնագիտական որակի ապահովում եւ այլն,

7. Ազգային փոքրամասնությունների հրատարակությունների համար գումար տրամադրել, եթե տվյալ փոքրամասնությունը երկրի բնակչության թվի 0,5%-ն է կազմում,

8. Իրականացնել աուդիտՙ տրամադրվող ֆինանսական միջոցների նպատակային ծախսումները վերահսկելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ