RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2847, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 106

ՎԼԱԴԻՄԻՐ ԱԲԱՋՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Երեւան

Մի պայծառ աստղ էլ թռավ մեր թատերական աշխարհի երկնակամարից... Վլադիմիր Աբաջյանն էր, որ թռավ իր ժամանակակիցների, կուրսակիցների, մտերիմների ու հարազատների անվերադարձ հավաքատեղին: Մեր ծանոթությունն ու մտերմությունն սկսվել էր 1947-ի օգոստոսից, երբ ընդունելության քննություններ էինք հանձնում Թատերական ինստիտուտ ընդունվելու համար: Դեռ այն օրերից Աբաջյանը մի քիչ միամիտ, բայց խելացի, խորապես ռոմանտիկ հոգու տեր երիտասարդ, տատանվում էրՙ թատերագիտական ֆակուլտետ ընդունվի, թե՞ դերասանական: Դպրոցում զբաղվել էր արտասանությամբ («Գիքոր» եւ այլն), ուներ հուժկու դրամատիկ ձայն, որ մինչեւ վերջ էլ մնաց նրա մենաշնորհը, որը եւ վճռեց ընտրության հարցը:

Վլադիմիր Համբարձումի Աբաջյանը ծնվել է 1927 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ Դուզքենդի շրջանի Ղոնախղռան (այժմՙ Շիրակի մարզի Շիրակ) գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել էր Լենինականում (այժմՙ Գյումրի), իսկ բարձրագույն մասնագիտականըՙ Երեւանի Թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, Արմեն Գուլակյանի կուրսում (1947-1951 թթ.): Գուլակյանի պես հմուտ, միաժամանակ խիստ ու պահանջկոտ ռեժիսորի ձեռքի տակ Աբաջյանն սկսեց բացվել, ազատվել ավելորդ լարվածությունից ու դարձավ ակնառու դերասան: Դրա շնորհիվ էր, որ դեռ ուսանող Աբաջյանին Գուլակյանը տարել էր Սունդուկյանի անվան թատրոն, մասնակից դարձրել Պոպովի «Ընտանիք» պիեսի բեմադրության փորձերին Գեւորգ Աշուղյանի հետ պատանի Ուլյանովի դերը խաղալու համար:

Ինստիտուտում Գուլակյանը երեք պիես էր բեմադրելՙ Սունդուկյանի «Քանդած օջախ», Աֆինոգենովի «Մաշենկա», Շեքսպիրի «Վերոնայի երկու ազնվականները» պիեսները, որոնցում Աբաջյանը կատարում էր Օսեփի եւ Օկայոմովի դրամատիկ եւ Պրոտեոսի-սիրահարիՙ մեկը մյուսից խիստ տարբեր դերերը: Նրա նախասիրությունը դրամատիկ, մարդկային հարուստ հոգեբանության տեր կերպարների մարմնավորումն էր:

Որոշ առարկաներ մերՙ թատերագիտական կուրսը դերասանականի հետ էինք անցնում եւ գրեթե կուրսակից էինք: Երրորդ կուրսում ես նույնիսկ զեկուցում էի պատրաստել «Քանդած օջախի» եւ մեզ զուգահեռ երկրորդ դերասանական կուրսի «Պատվի համարի» մասին, բարձր գնահատելով հատկապես Գուլակյանի բեմադրության դերակատարներին:

Ուսման դասընթացն ավարտելուց հետո Գուլակյանն իր կուրսի լավագույն ուժերինՙ Խորեն Աբրահամյանին, Արմեն Խոստիկյանին, Վլադիմիր Աբաջյանին եւ Նինել Դալլաքյանին տարավ Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ նրանք գերազանցորեն արդարացրին իրենց հետ կապված հույսերըՙ բոլորն էլ դարձան ժողովրդական արտիստներ թե՛ կոչումով եւ թե՛ ճանաչողությամբ:

Ինչպես կյանքում, այնպես էլ թատրոնում, Աբաջյանն իր շրջապատի դերասանների մեջ ամենառոմանտիկն էր, պարզ, մարդամոտ, անկեղծ բնավորության տեր անձնավորություն: Նրա այդ ռոմանտիզմն առավել ցայտուն դրսեւորվեց մի շարք բեմական կերպարներում, ոչ պակաս ռոմանտիկ դերասանուհիներ Մետաքսյա Սիմոնյանի եւ Մարգո Մուրադյանի Սուսանների հետ մարմնավորեց Սեյրանի («Նամուս») դերը Վարդան Աճեմյանի ամենափայլուն բեմադրություններից մեկում: Այնուհետեւ հանդես եկավ Արամանյակի («Արա Գեղեցիկ»), Գնելի («Ավերված քաղաքի առասպելը»), Ալեքսանդր («Ժայռ»), Բենվոլիոյի («Ռոմեո եւ Ջուլիետ»), Բանաստեղծի («Մհերի դուռը»), Միքայել Աբելյանի («Խաչմերուկ»), Նեզնամովի («Անմեղ մեղավորներ»), Օսեփի («Քանդած օջախ»), Սինիցիոս Վելուտոսի («Կորիոլան») եւ շատ այլ դերերում: Աբաջյանը խաղացել է նաեւ մի շարք ռադիոբեմադրություններում, շատ քիչՙ կինոյում: Սունդուկյանի անվան թատրոնի հյուրախաղերի ժամանակ եղել է Վրաստանի, Ադրբեջանի, Սիրիայի, Լիբանանի, Բուլղարիայի, Չեխոսլովակիայի մի շարք քաղաքներում, հանդես եկել նաեւ ասմունքով:

Հաճախ չէ, որ Վլադիմիր Աբաջյանին նոր դերեր են տրվել: Բեմի կարոտը նրան նորից մղել է դեպի էստրադաՙ ասմունքի: Դա նրա ստեղծագործական կյանքի երկրորդ, ոչ պակաս ուշադրության արժանի աշխարհն էր: Նա մեկն է իր սերնդակիցների եւ հետեւորդների շրջանում, որ իր ահռելի հիշողությամբ հանդիսատեսին էր հասցնում հայ դասական պոեզիան Նարեկացուց մինչեւ մեր օրերըՙ Քուչակին, Սայաթ-Նովային, Թումանյանին, Տերյանին, Չարենցին, Շիրազին, Սահյանին, Սեւակին եւ էլի ուրիշների: Եվ ի՜նչ հիշողություններ ուներ Շիրազի, Սահյանի, Սեւակի եւ ուրիշների հետ հանդիպումներից, որոնց ժամանակ նուրբ հումորով պատմում էր դեպքեր նրանց կյանքից (հիշենք թեկուզ Շիրազի կանաչ փողկապի պատմությունը Հայաստանի գրողների տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ):

Աբաջյանը Սուրեն Քոչարյանի դպրոցի ասմունքող էր եւ ոչ թե արտասանող: Նա աշխատում էր իր ներկայացրած գործերը դինամիկ եւ պատկերավոր դարձնել եւ դա նրան հաջողվում էր: Նա գիտեր ո՞ր բառը հատու շեշտով ընդգծել, ո՞րըՙ հարցականով ներկայացնել. շեշտե՞լ ասելիքի իմաստը, դիմախաղով արտահայտել զավեշտականն ու զայրույթը, ձեռքի թեթեւ թափահարումով բանի տեղ չդնել անկարեւորը: Ո՞վ կարող է մոռանալ նրա ներկայացրած Խմբապետ Շավարշը, որին նա այնպես է ներկայացնում-նկարագրում, ասես այդ րոպեին դու տեսնում ես նրան, իբրեւ կենդանի անձնավորություն աչքիդ առաջ:

Վլադիմիր Աբաջյանը բացի թեմատիկ կամ խմբական ելույթներից ունեցել է նաեւ անհատական ելույթներ, որտեղ ներկայացրել է անցյալի եւ ժամանակակից հեղինակների գործերը: Եթե հրաշքով Հյուսիսային կամ Հարավային բեւեռներում հայկական դպրոց լիներ ու հայ գրականության դասագիրք չունենային, Աբաջյանին հրավիրեին, նա կարող էր մի ամբողջ դասագիրք հուշել նրանց:

Վլադիմիր Աբաջյանը եղել է սփյուռքահայ բազմաթիվ համայնքներում եւ ամենուրեք մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն կատարողական արվեստով, այլեւ հայ գրականության ընտրանին հանդիսատեսին հասցնելով ու գնահատվել ինչպես հարկն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ