ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ՄՈԼՈՐՎԱԾ «ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ» Վ.ՊՈՂՈՍՅԱՆ Հայերս առաջին հայացքից տարօրինակ շատ ասացվածքներն ունենք, բայց ավելի հաճախ դրանք, թեկուզ դառը, բայց իրականություն են: Օրինակՙ ասում ենք, թե «փողը մութ տեղը լույս կտա»: Սա բավականին խոսուն է, երբ վերաբերում է հատկապես ադրբեջանական ակտիվ գործունեությանը` այսուայնտեղ սեփական «հարցերը» լուծելու համատեքստում: Մեքսիկայում շարունակվում են բուռն քննարկումները մայրաքաղաքի կենտրոնական երկու զբոսայգիներում Հեյդար Ալիեւի արձանի եւ Խոջալուի «ցեղասպանության» հուշակոթողի վերաբերյալ: Ու չնայած նախկին քաղաքապետի ստեղծած հանձնաժողովի` ադրբեջանական արձանները հեռացնելուն ուղղված դրական որոշմանը, Մեքսիկայի նախորդ վարչակազմը եւ քաղաքապետը թողեցին իրենց պաշտոնները առանց գործնականում լուծում տալու հուշարձանների խնդրին: Բնականաբար, երբ հայտնվել էր Մեքսիկայի մայրաքաղաքի նոր քաղաքապետը, ադրբեջանական կողմը գործի էր անցել` փորձելով ճնշմամբ հասնել արձանները հեռացնելու մասին արդեն իսկ ընդունված որոշումը չկատարելուն: Մասնավորապես, Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանը դատական հայց էր ներկայացրել Մեխիկոյի քաղաքապետարանի դեմ, դատական գործընթացում պարտվելուց հետո սպառնացել էր խզել դիվանագիտական կապերը Մեքսիկայի հետ, փակել դեսպանությունը եւ դիմել միջազգային դատարան: Ադրբեջանի դեսպանի այսօրինակ գործողություններին անդրադարձել է Մեխիկոյի քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովի երեք անդամներից մեկըՙ Գաբրիել Գուեռան, որը նշել է, որ ադրբեջանական կողմի նման պահվածքը կարող է վերջնականապես փչացնել ադրբեջանա-մեքսիկական հարաբերությունները, իսկ դեսպանը բռնել է Մեքսիկայում անցանկանալի անձ (persona non-grata) հայտարարվելու ճանապարհը: Մեքսիկական մի շարք լրատվամիջոցներ դեկտեմբեր-հունվար ամիսներին հերթական ծավալուն անդրադարձները կատարեցին հուշահամալիրների խնդրին: Հունվարի 20-ին Հեյդար Ալիեւի արձանի դիմաց մարդու իրավունքների հարցերով մեքսիկացի հիսունից ավելի ակտիվիստներՙ մարդու իրավունքների հանրահայտ պաշտպաններ Դանիել Գերշենսոնի եւ Հոմերո Արիդյիսի գլխավորությամբ բողոքի ցույց կազմակերպեցին ընդդեմ Խոջալուի հուշահամալիրի եւ Ալիեւի արձանի: Վերջին զարգացումների համատեքստում հունվարի 22-ին պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Մեխիկոյի քաղաքապետարանը, համաձայն որի վերջնական որոշում է կայացվել Հեյդար Ալիեւի արձանը հանելու քաղաքի կենտրոնական Paseo de la Reforma զբոսայգուց եւ տեղափոխելու որեւէ մասնավոր տարածք: Քաղաքապետ Միգել Անխել Մանսերան հայտարարել է, որ ստալինյան ոճի Հեյդար Ալիեւի արձանը տեղափոխվելու է այլ վայր: Քաղաքապետարանը հայտարարել է նաեւ, որ որոշվել է փոխել Մեխիկոյի մեկ այլՙ Tlaxcoaque կոչվող հրապարակում տեղակայված «Խոջալուի» հուշահամալիրի ցուցանակի եւ բուն հուշահամալիրի վրա գրված տեքստըՙ այնտեղից հանելով ցեղասպանություն բառը: |