RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013



Տեղադրվել է` 2013-01-23 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1358, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 45

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՈՉ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ադրբեջանում ամերիկյան դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Թրենդին» տված հարցազրույցում խոսելով տարածաշրջանում ու Աֆղանստանի հետ կապված ամերիկյան ծրագրերի մասինՙ հատուկ ընդգծել է. «Ադրբեջանը տարածաշրջանում անվտանգության ապահովման առումով անչափ ուժեղ գործընկեր է ԱՄՆ-ի համար»: Մեկ այլ առիթով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ նովոստիին» ասել է. «Մոսկվան, իհարկե, կշարունակի պատասխանել Վաշինգտոնի ոչ բարեկամական քայլերին, սակայն մեր դիրքորոշման հիմքում ընկած է ռուս-ամերիկյան կապերի զարգացումը` բոլոր ուղղություններով»: Կարո՞ղ ենք արդյոք ասել, թե Ադրբեջանիՙ ԱՄՆ-ի համար «տարածաշրջանային ուժեղ գործընկեր» լինելը Մոսկվայի համար ընկալելի է որպես «ոչ բարեկամական քայլ», պարզվում է, կարող ենք, եւ ահա թե ինչու:

Ո՞ւմ դեմ է պատերազմի պատրաստվում Ադրբեջանը

2012-ի միլիտարիզմացման համաշխարհային ինդեքսի (GMI) համաձայն` Ադրբեջանն աշխարհի ամենառազմականացված երկիրն է: Նավթային եկամուտներից կուտակած միջոցներից եթե 2004-ին հարեւան երկիրը ռազմական նպատակների համար ծախսում էր 174 մլն դոլար, ապա 2012-ին այս ցուցանիշը եղել է 3,2 մլրդ դոլար: Ընդ որումՙ Ադրբեջանը զենք ու զինամթերք է գնում բազմաթիվ երկրներից` Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից եւ իհարկե Թուրքիայից, Իսրայելից: Միայն 2011-ին Ադրբեջանն Իսրայելից գնել է 1,6 մլրդ դոլար արժողությամբ զինամթերք` հատկապես թեւավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, իսկ Ադրբեջանի ռազմածովային ուժերը թարմացվել են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի օգնությամբ: Կա տեղեկություն, որ շուտով Բաքուն սուզանավեր կստանա, որոնք հարմարեցված կլինեն Կասպից ծովում շահագործելու համար: Այսինքն, եթե Ադրբեջանը զինամթերք է կուտակում, հետեւաբար պատերազմի է նախապատրաստվում, ու եթե տրամաբանորեն նրա առաջին թիրախը Լեռնային Ղարաբաղն է` իր հայ բնակչությամբ, ապա հարց է առաջանում, ղարաբաղյան երկրորդ հավանական պատերազմում Բաքվի ինչի՞ն են պետք ռազմածովային ուժերի թարմացումը եւ սուզանավերը, այն էլ, կրկնենք` ամերիկյան: Այս առումով ռուսական «Վոենոյե օբոզրենիե» պարբերականը գրում է. «Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի քաղաքական, ռազմական աջակցությունը, Իսրայելի ու ՆԱՏՕ-ի հետ սերտ հարաբերությունները, ինչպես նաեւ խիստ ագրեսիվ տրամադրված լինելով Իրանի նկատմամբ, պատերազմի է նախապատրաստվում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի դեմ. երկարաժամկետ հեռանկարում հավանական է պատերազմը նաեւ Իրանի ու Ռուսաստանի դեմ»:

Ռուսական պարբերականն իր այս թեզին թերագնահատորեն վերաբերվողներին հիշեցնում է, որ 2008-ին եւս ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Վրաստանը պատերազմ կսկսի Ռուսաստանի դեմ:

Այս համատեքստում հիշեցնենք, որ Ադրբեջանում պարբերաբար կրկնվում են Իրանի հանդեպ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունները, իսկ երկու տարի առաջ Բաքվում մի քանի հարյուր ցուցարարներ հանրահավաք-երթ էին անում` «Ռուսի-փարսի-էրմանի` Ազարբայջան դուշմանի» բովանդակությամբ պաստառներով: Չմոռանանք նաեւ, որ ռուսական կողմի համոզմամբՙ Բաքուն դիտավորյալ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման ժամկետն ավելացնելու դիմաց խիստ բարձր գին պահանջեց Մոսկվայից, հստակ իմանալով, որ Ռուսաստանն այդ գնով կայանը չի վարձակալի: Ի դեպ, Սերգեյ Լավրովը Գաբալայի վերաբերյալ օրերս հայտարարեց. «Այդ թեման փակված է»:

Այս ամենը, մանավանդ այն, որ Արեւմուտքը լրջորեն հետաքրքրված է Կասպից ծովի ռեսուրսներով, Իրանի բոլոր հարեւաններին հակաիրանական ճամբարում ներառելով, ու եթե հաշվի առնենք նաեւ, որ Կասպից ծովի ռեսուրսների տիրելու համար Ադրբեջանը խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, ու բացի սրանիցՙ Ադրբեջանն Իրանի այն հարեւաններից է, որին Իրանի դեմ տրամադրելու խնդիր չկա, հիմք են տալիս Մոսկվային ուժեղացնելու իր քաղաքական, տնտեսական ու հատկապես ռազմական ներկայությունը տարածաշրջանում, իսկ Մոսկվան դա կարող է կատարել միայն իր տարածաշրջանային դաշնակիցների միջոցով:

Օգտագործելով Ստեփանակերտի օդանավակայանը

Բնականաբար առաջին հերթին` Հայաստանի միջոցով: Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` իշխանության բոլոր ճյուղերի առջեւ ունեցած ելույթում ընդգծեց. «Հայ-ռուսական համագործակցությունը Հայաստանի անվտանգության հիմնական բաղադրիչն է»: Այս համապատկերում, նկատենք, Հայաստանում տեղակայված Գյումրու 102-րդ բազան` կապված «Ռուսաստանին ու իր դաշնակիցներին վտանգ սպառնացող աշխարհաքաղաքական հնարավոր փոփոխությունների ու զարգացումների հետ», արագ տեմպերով համալրվում է զինծառայողներով: Ընդ որումՙ ռուսական աղբյուրները, որպես այդ «հավանական վտանգներ», նշում են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակումը, ինչպես նաեւ Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների սկսման հնարավորությունը: Հետեւաբար, եթե ռուսական ռազմական ուժերը տեղափոխվում են Ղարաբաղ, ապա Մոսկվան ստանում է Իրանի հետ սահմանի մի զգալի հատվածի լիակատար վերահսկողություն, մյուս կողմից էլ, Ղարաբաղում ռուսական զորքի առկայությունը հնարավորինս կհետաձգի Բաքվի` հայկական կողմերի հետ պատերազմը: Այս առումով խիստ ուշագրավ է, որ անցյալ տարի ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ին տրամադրեց «խաղաղապահ առաքելություն իրականացնելու թույլտվություն»: Ու ամենեւին էլ պետք չէ բացառել, որ Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանի անվտանգության ապահովումը դառնա ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաջին առաքելությունը, ընդգծենք, որ ռուսական զորքն այս պատրվակով հրաշալի առիթ կստանա մտնելու Ղարաբաղ, ինչի ցանկությունը Մոսկվան երբեք էլ չի թաքցրել: Ընդ որումՙ չի բացառվում, որ Մոսկվան Ստեփանակերտի օդանավակայանն «օգտագործի» այլ պետությունների հետ համատեղ` ճիշտ ռուսական Ուլյանովսկի օդանավակայանի նման, որը, հիշեցնենք, Ռուսաստանն օգտագործում է Աֆղանստանում առաքելություն իրականացնող ՆԱՏՕ-ի հետ համատեղ:

Փաստորեն, որքան Ադրբեջանը մոտենա ՆԱՏՕ-Իսրայել «միությանը»` ընդդեմ առավելաբար Իրանի, այնքան Մոսկվան իր «պատասխան ոչ բարեկամական քայլերին» ծրագրի շրջանակներում կավելացնի ու կամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում, ինչի հնարավորությունը ռազմավարական դաշնակից Հայաստանն ու Իրանի հետ երկար սահմանագիծ ունեցող ԼՂՀ-ն նրան տալիս են: Կրկնենք, կոնկրետ Ղարաբաղում ռուսական ռազմական ներկայությունը վերահսկելի կդարձնի Իրանի հետ սահմանը, ինչպես նաեւ հեռու կպահի հայկական զույգ պետությունների դեմ Բաքվի հավանական պատերազմական նկրտումների իրագործումը, բայց, մյուս կողմից, բավականաչափ սրություն կհաղորդի տարածաշրջանին, ինչից խուսափել կարծես թե ոչ մի սցենարով հնարավոր չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ