ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ Ըստ մոլդովական լրատվամիջոցների, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, «Շերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովն ընդգրկվել է Մոլդովայի ազգային հավաքականի ընդլայնված կազմում, որը նախապատրաստվելու է Ղազախստանի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը: Հայկական ծագում ունեցող Արտյոմ Խաչատուրովը Մոլդովայի քաղաքացի է ու հանդես է եկել երկրի երիտասարդական հավաքականում: Անցած տարվա աշնանը նա ցանկություն էր հայտնել հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում, ուստի դիմել էր ՖԻՖԱ թույլտվություն ստանալու: ՖԻՖԱ-ից առայժմ այդ հարցով որեւէ պատասխան չի ստացվել: Moldfootball. com կայքին Խաչատուրովի գործակալ Խորեն Քալաշյանը հայտնել է, որ ֆուտբոլիստը չի կարող հրավիրվել Մոլդովայի հավաքական: Ըստ ՖԻՖԱ-ի գործող կարգի, եթե ֆուտբոլիստը դիմում է այլ երկրի հավաքականում հանդես գալու խնդրանքով, ապա մինչեւ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի որոշումը նա իրավունք չունի խաղալու որեւէ հավաքականում: ՖԻՖԱ-ն դեռեւս քննում է Խաչատուրովի հարցը եւ մոտ օրերս պետք է որոշում կայացնի: Հիշեցնենք, որ նոյեմբերին ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Խաչատուրովին հրավիրել էր մասնակցելու Երեւանում Լիտվայի ընտրանու հետ կայացած խաղին: Սակայն փաստաթղթերի ձեւակերպման հետ կապված խնդիրների պատճառով ֆուտբոլիստը Երեւան չէր ժամանել: |