ԱՌԱՋԱՏԱՐ ԵՌՅԱԿԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԴԻՐՔԵՐԸ Սերգեյ Մովսիսյանը գլխավորեց B խմբի մրցաշարի աղյուսակը Մեկօրյա հանգստից հետո շախմատի Վեյք Ան Զեեի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջն` անցկացնելով 9-րդ տուրի հանդիպումները, որոնք չսասանեցին առաջատար եռյակի դիրքերը: Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց Էրվին Լ Ամիի հետ: 66-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Ընդհանրապես 9-րդ տուրն առատ էր ոչ-ոքիներով: Հաշտություն կնքեցին նաեւ Պետեր Լեկոն ու Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինն ու Պենտալա Հարիկրիշնան, Հիկարու Նակամուրան ու Անիշ Գիրին, Վան Հաոն ու Ֆաբիանո Կարուանան: Արդյունավետ 2 պարտիաներից մեկն իր օգտին գրանցեց մրցաշարի միանձնյա առաջատար Մագնուս Կառլսենը, որը սեւերով պարտության մատնեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Հոու Յիֆանին: Այս հաղթանակից հետո Կառլսենը վաստակեց 7 միավոր ու ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը: 6 միավորով նրան հետապնդում է Վիշվանաթան Անանդը, որին հաջորդում են 5,5-ական միավոր ունեցող Լեւոն Արոնյանը եւ Հիկարու Նակամուրան: Տուրի մյուս հաղթանակը գրանցվեց Լյուկ վան Վելիի օգտին Իվան Սոկոլովի հետ մրցախաղում: Այսօր կայանալիք 10-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Վան Հաոյի հետ, իսկ Կառլսենի մրցակիցը կլինի Լ Ամին: B խմբի մրցաշարում հաջող է հանդես գալիս Սերգեյ Մովսիսյանը: 9-րդ տուրում հայ շախմատիստը սեւերով 46-րդ քայլին պարտության մատնելով Մաքսիմ Տուրովին, 6,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 6-ական միավորով Մովսիսյանին հետապնդում են Ռիխարդ Ռապորտն ու Արկադի Նայդիչը: Ռապորտը ոչ-ոքի խաղաց Նիլս Գրանդելիուսի հետ, իսկ Նայդիչը հաղթեց Յան Թիմանին: 10-րդ տուրում Մովսիսյանը կխաղա Դանիլ Դուբովի հետ, որն ունի 5,5 միավոր: Վերջինս հաղթեց Սիպկե Էռնստին: C խմբի մրցաշարում բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաղթեց Լիզա Շութին ու վաստակեց 5 միավոր: Աղյուսակը 7,5 միավորով գլխավորում է Սաբինո Բրունելոն, որը հաղթեց Սթեյն Գրեթարսոնին: |