ՎԱՏԻԿԱՆԸ «ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ» Է ՍՏԵՂԾԵԼ ՄՈՒՍՍՈԼԻՆԻԻ ՓՈՂԵՐՈՎ Լոնդոն այցելող զբոսաշրջիկները դժվար թե կռահեն, որ Նյու Բոնդ Սթրիթում գտնվող Bulgari ընկերության շենքը կապ ունի Հռոմի պապի հետ: Նույնը կարելի է ասել մոտակայքում գտնվող Altium Capital խոշոր ներդրումային բանկի կենտրոնակայանի մասին: Սակայն մայրաքաղաքի շքեղ շրջաններից մեկում կառուցված այդ շենքերը կապված են Վատիկանի առեւտրային անշարժ կայքի գաղտնի կայսրության հետ: Վատիկանը դրանք տնօրինում է դրածո ընկերությունների միջոցով: Դրանք ձեռք են բերվել 2006 թ. 15 մլն ֆունտով (24 մլն դոլարով): Իրավաբանական վերահսկողությունն իրականացնում է շվեյցարական ընկերություններից մեկը, որի սեփականատերը Վատիկանն է: Նման գնումների համար Վատիկանը փող ձեռք բերեց Իտալիայում դեռ ֆաշիստական վարչակարգի տարիներին, գրում է Լոնդոնի «Գարդիան» թերթը: 1929 թ. Բենիտո Մուսսոլինին եկեղեցուն խոշոր գումար փոխանցեց նրա աջակցությունը վայելելու ակնկալիքով: Վատիկանի խնայողությունները գնահատվում են 500 մլն ֆունտ (գրեթե 800 մլն դոլար): «Գարդիանի» տվյալներով, Վատիկանն այդ փողերով սեփականություն է ձեռք բերել ոչ միայն Լոնդոնի կենտրոնում, այլեւ Փարիզում եւ Շվեյցարիայում: Altium Capital-ի շենքը պաշտոնապես համարվում է British Grolux Investments Ltd ընկերության սեփականությունը, որը Մեծ Բրիտանիայում ուրիշ անշարժ կայք եւս ունի: Իրական սեփականատիրոջ անունը որեւէ ձեւով չի հիշատակվում: Սակայն լրագրողները պարզել են, որ բաժնետերերից երկուսը հայտնի բանկատերեր են, կաթոլիկներ, Barclays Bank-ի եւ Leopold Joseph mercant bank-ի ներկայացուցիչներ: Արխիվների ուսումնասիրությունից հայտնի է դարձել, որ British Grolux Investments Ltd ընկերությունը 1999-ին իր սեփականությունը փոխանցել է British Grolux Ltd-ին եւ Cheylesmore Estates-ին: Այդ երկուսի բաժնետոմսերը Նյու Յորքի JP Morgan Bank-ում են: Դրանք վերահսկում է շվեյցարական Profina ՍՊԸ-ն, որը իր հերթին պատկանում է Վատիկանին: Profina ընկերությունը Ֆրանսիայում, Շվեյցարիայում եւ Մեծ Բրիտանիայում ունի ակտիվներ, որոնք գնահատվում են 792 մլն դոլար: |