ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Շուշվա» ընկերությունը, որի գործունեության ոլորտը հիմնականում զբոսաշրջությունն է, ստեղծված օրվանից ձեռնամուխ է եղել Արցախը տարբեր տեսանկյուններից հանրությանը ներկայացնելու գործին: «Շուշվա» ընկերությունը ցույց է տալիս Արցախի այն կողմերը, որոնք պատերազմի մասին հիշողությունների ու հակամարտության մասին խոսակցությունների ֆոնի վրա մղվել են երկրորդական ու երրորդական պլան: Խոսքը Արցախի մշակութային ժառանգության մասին է, բնության գեղեցկության, արցախցու ավանդույթների, ծեսերի մասին: «Զբոսաշրջության համար Արցախն ունի բավականաչափ ներուժ, հետեւաբար իրավունք չունենք չօգտվելու այդ հնարավորությունից», ասում է «Շուշվա» զբոսաշրջային ընկերության համահիմնադիր, տնօրեն Առնակ Ավետիքյանը (մյուս համահիմնադիրը Գագիկ Մարտիրոսյանն է): «Շուշվա» ՍՊԸ-ն Արցախում զբաղվում է ներգնա զբոսաշրջությամբ ու դրա զարգացմամբ: Թեեւ Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր կա զբոսաշրջության վարչություն, որը զբաղվում է ոլորտի զարգացմամբ, այնուամենայնիվ «Շուշվա» ընկերությունն էլ իր հերթին ձգտում է զբոսաշրջության զարգացման մեջ իր լուման ներդնել: «Շուշվա» ընկերությունը, որը գործում է հենց Շուշիում, հիմնվել է 2012-ի մայիսի 15-ին, եւ արդեն ունի զբոսաշրջային տարբեր փաթեթներ` էկոտուրիզմի, կրոնական-եկեղեցական տուրիզմի համար, ունի գինու տուրերի փաթեթներ: «Ուզում ենք ապագայում կենտրոնանալ նաեւ գեոտուրիզմի վրա», նշում է տնօրենը` բացատրելով, որ գեոտուրիզմն ունի բավականին լայն շրջանակ. «Հետեւաբար ուզում ենք ստեղծել գեոտուրիզմի այնպիսի փաթեթ, որը կառնչվի բնությանը, կենդանական աշխարհին, մշակութային ժառանգությանը, ազգագրությանը եւ այլն»: Նա ընդգծում է նաեւ կարեւոր այն հանգամանքը, որ զբոսաշրջության մի ճյուղի զարգացումը կհանգեցնի մյուս ճյուղերի զարգացմանը, որովհետեւ զբոսաշրջության ճյուղերն իրականում շաղկապված են: Ընկերության հետագա պլաններից մեկն էլ պատրաստումն է այնպիսի փաթեթների, որոնք կառնչվեն հայ դասականների` Արցախի մասին գրած վեպերին: Այսինքն` զբոսաշրջային տուրերի միջոցով Արցախին վերաբերող վեպերը կդառնան ավելի ճանաչելի. ի դեպ, զբոսաշրջային այցերը կկազմակերպվեն այն վայրերում, որոնց մասին հայ դասականները հիշատակել են: Կրկին խոսելով զբոսաշրջության համար անհրաժեշտ ներուժից, որն այսօր ունի Արցախը, զրուցակիցս շեշտում է` ճոխ հյուրանոցներ, շռայլություններ Արցախը զբոսաշրջիկին առայժմ խոստանալ չի կարող, բայց կարող է խոստանալ անմոռանալի էկոտուրիզմ, որը մարդուն հնարավորություն է տալիս մոտենալու բնությանը: «Շուշվայի» էկոտուրերը ընդգրկում են նաեւ Արցախի գյուղական տները, որոնք պատրաստ են հյուրընկալելու զբոսաշրջիկներին: Գյուղական տների միջոցով զբոսաշրջիկները ծանոթանում են Արցախի տոհմական խոհանոցին, ժողովրդի ավանդույթներին, ծեսերին եւ այլն: «Շուշվայի» տնօրենը պատմում է` էկոտուրերին մասնակից զբոսաշրջիկները նույնիսկ զարմանում են, որ Արցախում ներքին կյանքը խաղաղ է, մինչդեռ զանգվածային լրատվամիջոցներից նրանք հիմնականում տեղեկանում են միայն Ղարաբաղյան կոնֆլիկտի ու հակամարտության մասին: Իրականում Արցախի բնակչությունն ապրում է իր առօրյա գործերով, աշխատում է, արարում: Իհարկե, Ադրբեջանի հետ շփման գծում կրակոցներ լինում են, սակայն ժողովրդի ներքին կյանքում անդորր է: Իսկ պատերազմի մասին խոսակցություններն ու Արցախը միայն հակամարտության տեսանկյունից ներկայացնելը խոչընդոտում է զբոսաշրջության զարգացմանը եւ խանգարում, որ օտարերկրացին Արցախի մասին ճիշտ պատկերացում կազմի: Այնուամենայնիվ, ելնելով իր ընկերության փորձից` Առնակ Ավետիքյանը նշում է` որպես զբոսաշրջային վայր Արցախն ավելի հետաքրքրում է օտարերկրացիներին, քան հայաստանցիներին: Օրինակ` միայն ամռան ամիսներին «Շուշվան» ունեցել է զբոսաշրջիկների 4 խումբ` շուրջ 85 հոգի, որոնք բոլորը եղել են բացառապես օտարերկրացիներ: Ընկերության փաթեթներից օգտվողների թիվը դեռեւս շատ չէ, ինչը պայմանավորված է նաեւ «Շուշվայի» դեռ ձեւավորման ընթացքով: Ինչեւէ, տնօրենը հուսով է, որ 2013-ին զբոսաշրջիկները կլինեն ավելի շատ: Մշակութային ծրագրերը Զբոսաշրջությանը զուգահեռ ընկերությունը զբաղվում է նաեւ մշակութային ծրագրերով եւ մշակութային միջոցառումների կազմակերպմամբ: 2012-ին Շուշիում արդեն կազմակերպել է ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի լուսանկարների ցուցահանդեսը եւ նկարիչ Սուքիաս Թորոսյանի` հայոց գրատպության 500-ամյակին նվիրված նկարների ցուցադրությունը: Իսկ առաջիկայում «Շուշվան» պատրաստվում է Արցախում իրականացնել գրաֆիկական վեպերի ծրագիր, որն առաջին հերթին նախատեսում է անցկացնել վարպետության դասեր Արցախի նկարիչների հետ, ապա երբ եկող տարվա մայիսին Երեւանում անցկացվի գրաֆիկական վեպերի միջազգային փառատոնը, դրան կմասնակցեն նկարիչներ նաեւ Արցախից: Արցախի նկարիչներից երկու լավագույն գործերի հեղինակներին կընձեռվի հնարավորություն մեկ տարի աշխատելու Ֆրանսիայում: Լավագույն երկու նկարիչներին նաեւ կտրվի հնարավորություն հրատարակելու իրենց գրաֆիկական վեպերը: Գրաֆիկական վեպը մեզանում լայն տարածում չունի, մինչդեռ եթե ճիշտ օգտագործվեն հնարավորությունները, կարելի է հաջողությունների հասնել տարբեր ոլորտներում` այդ թվում եւ զբոսաշրջության: Գրաֆիկական վեպը նկարների միջոցով ցույց է տալիս որեւէ պատմության դրվագները, նկարներին զուգահեռ կարող է ներառել նաեւ կարճ երկխոսություններ, իսկ թեմաները բազմազան են: «Գրաֆիկական վեպերի շնորհիվ կարող ենք ավելի ճանաչելի դարձնել Արցախը: Կարող ենք վերցնել Արցախի մասին տարբեր պատմություններ ու ներկայացնել դրանք հենց այդ միջոցով: Իսկ հետագայում Շուշիում միգուցե կարողանանք բացել գրաֆիկական վեպերի դպրոց, մի բան, որը Հայաստանում ու շատ երկրներում դեռեւս չկա», հավելում է Ա. Ավետիքյանը: Արցախում գրաֆիկական վեպերի ծրագրի իրականացմանը «Շուշվան» կցուցաբերի իր ֆինանսական աջակցությունը, նաեւ կմասնակցի կազմակերպչական աշխատանքներին: Իսկ ծրագրի ընթացքը կլուսաբանվի ընկերության shushva.com կայքում: |