ԱԲԲԱՍ. «ՍԻՈՆԻՍՏՆԵՐԸ ՆԱՑԻՍՏՆԵՐԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԳՐԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ» Պաղեստինյան վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասը լիբանանյան «Ալ Միադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ սիոնիստական շարժման առաջնորդները 2-րդ աշխարհամարտից առաջ կապեր են պահպանել գերմանացի նացիստների հետ: Մահմուդ Աբբասը ընդգծել է, որ սիոնիստները նացիստներին հորդորում էին սպանել հրեաներին, քանի որ դա իրենց առիթ էր տալիս Պաղեստինը զավթելու համար: Բացի դրանից, Աբբասը հայտարարել է, որ ինքը սիոնիստների եւ նացիստների կապերի վերաբերյալ բավականաչափ նյութեր ունի 70 գիրք գրելու համար: Նա կրկնել է անցյալում իր արած այն պնդումը, որ Հոլոքոսթի տարիներին սպանված հրեաների թիվը չի անցնում 600 հազարից: Աբբասը նաեւ հայտնել է, որ Իսրայելը փորձել է եւ դեռեւս փորձում է սպանել իրեն: The Times of Israel թերթը այս կապակցությամբ մեջբերում է հարցազրույցի այն մասը, որ Իսրայելը համաձայնել է Սիրիայից պաղեստինցի 150 հազար փախստականների գալստյանը: Սակայն, Աբբասի խոսքերով, իսրայելական կողմը պահանջել է, որ նրանք գրավոր կերպով հրաժարվեն «կանաչ գոտի» վերադառնալու իրավունքից, ինչին պաղեստինցիները չէին կարող համաձայնել: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատունը նշում է, որ Աբբասի հարցազրույցում շատ են անճշտությունները եւ որ Սիրիայից պաղեստինցի փախստականների գալստյան վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չի եղել: «Խոսվել է միայն հարցի նախնական քննարկման մասին», ասվում է դիվանատան մեկնաբանության մեջ: Մահմուդ Աբբասը ավարտել է Դամասկոսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան համալսարանի ասպիրանտուրան: 1982-ին ԽՍՀՄ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտում թեկնածուական թեզ է պաշտպանել «Նացիզմի եւ սիոնիզմի գաղտնի կապը» թեմայով: Դրա հիման վրա գրել է «Ուրիշ դեմք. նացիստների եւ սիոնիստական շարժման ղեկավարության գաղտնի կապերը» մենագրությունը: |