«ԻՆՔՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԻՆ Է ՊԵՏՔ» Հ. Չ. Հունվարի 19-ին լրացավ մեր հայրենակից Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարին: Տարելիցի առթիվ թուրքական «Բուգյուն» հեռուստատեսությունը հրավիրել էր «Ակօսի» ներկա խմբագրապետ Ռոբեր Քոփթաշին ՙ մասնակցելու Էրքամ Թուֆանի «Վերլուծություն» ծրագրին: Ինչպես հունվարի 21-ին վկայել էր Rotahaber.com-ը, հաղորդմանը Թուֆանի հարցերին պատասխանելիս Քոփթաշն ասել է. «Իմ կարծիքով, ինքնաքննադատությունը հարկավոր է բոլորին: Դա միայն թուրքերին չի վերաբերում: Ճիշտ չէ զուտ թուրքական կողմից սպասելը: Ճշմարտության բացահայտումը բոլորի պարտքն է: Եթե դուք ճիշտ եք ապրել, իսկ ձեր դիմացինը, լինելով դրա պատասխանատուն, շարունակ մերժում է իր արարքը, այդ դեպքում ակամա դիմացինին մեղադրող հոգեվիճակում ես հայտնվում, եւ ինքդ քեզ «որտե՞ղ եմ սխալ գործել» հարցն ուղղելու կարիքը շատ չես զգում: Ես ամեն անգամ ե՛ւ հայերին, ե՛ւ թուրքերին ասում եմ, որ հարկավոր է համբերատար լինել: Հետեւաբար թուրքերն էլ հայերի հանդեպ պետք է համբերատարություն դրսեւորեն: Քանի որ թուրքերը դեռեւս եզրակացության չեն եկել 1915-ի առնչությամբ, ուստի հայերը չեն փոխում իրենց դիրքորոշումը: Նրանք տուժող կողմի կարգավիճակից բխող իրավացիության զգացումով մտածում են, որ ինքնաքննադատության կարիքը չունեն, ինչը չպետք է այդպես լինի, որովհետեւ կարող են սխալներ գործել նաեւ տուժածները»: |