ԱԴՐԲԵՋԱՆԸ` ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ԻՐԱՎԱԶՈՒՐԿ Վ. Պ. Ժամանակին, երբ հայտարարվեց Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասին, Ադրբեջանը սպառնալիքներ տեղաց` հիստերիան սառեցնելով, երբ միջազգային հանրությունը դեմ արտահայտվեց քաղաքացիական ինքնաթիռները խփելու այդ հայտարարություններին: Ամերիկյան մամուլում Ջոշուա Կուչերան անդրադարձել է ադրբեջանական սպառնալիքներին, որոնք կրկին հնչեցվում են, երբ օդանավակայանի բացումը մոտ է: Կուչերոն մեջ է բերում ադրբեջանական մամուլից հատվածներ, ըստ որոնց ինչ-որ անանուն աղբյուր հայտարարել է, թե իբր ադրբեջանական օդուժը վերահսկում է ողջ օդային տարածքը, ներառյալ նաեւ «գրավյալ տարածքները»: Ավելին, իբր ադրբեջանական բանակը պատրաստ է հակադարձելու «հակառակորդի յուրաքանչյուր փորձ»: Այս ամենի ֆոնին ադրբեջանական անանուն աղբյուրները հայտարարում են, թե կկասեցնեն յուրաքանչյուր «չթույլատրված թռիչք»: Կուչերան ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նախկին` «կկործանենք, կոչնչացնենք» բառերի փոխարեն ադրբեջանական այդպես էլ անանուն մնացող աղբյուրները այժմ ավելի զգույշ են արտահայտվում` օգտագործելով «կասեցնել, խափանել» բառը: «Եվ ավելի կարեւոր է, որ այդ հայտարարությունները չեն արվում հրապարակային կերպով, ինչին նույն կարգի միջազգային արձագանք չի լինում», նշում է հոդվածագիրը: Հոդվածագրի կարծիքով, ակնհայտ է, որ քաղաքացիական ինքնաթիռներ խփելը Բաքվի հեղինակության համար աղետալի կլինի` հենց Ադրբեջանը դարձնելով միջազգայնորեն իրավազուրկ: «Ուստի հստակ չէ, թե ինչի են ուզում նրանք հասնել անգամ թաքնված սպառնալիքներով», եզրակացնում է Ջոշուա Կուչերան: |