RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#001, 2013-01-22 > #002, 2013-01-23 > #003, 2013-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013



Տեղադրվել է` 2013-01-22 00:38:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2889, Տպվել է` 135, Ուղարկվել է էլ.փոստով` 116

ԿԱՅԱՑԱԾ ԵՐԿՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ 4 ԱՆԳԱՄ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արտոնագրային վճարների փոփոխությունն ընդդեմ ատամնաբուժարանների

2 տարի առաջ արտոնագրային վճարների համակարգի ներդրումը որոշակի ոլորտներ ներկայացնող փոքր բիզնեսի հոգսը թեթեւացնելու նպատակ ուներ, ինչը իրեն արդարացրեց: Այս ընթացքում հարկման նոր համակարգը զգալիորեն թեթեւացրեց այս դաշտում գործողների վճարած հարկերի չափը եւ վերացրեց հաշվապահական հաշվառում իրականացնելու անհրաժեշտությունը: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ ստոմատոլոգիական ծառայություններ մատուցողների համար արտոնագրային վճարների վերջերս կատարված եւ այս տարվանից ուժի մեջ մտած փոփոխությամբ, ուղղակի հակասեց այն նպատակին, որի համար ստեղծվել էր արտոնագրային վճարների համակարգը:

Համաձայն կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխության, եթե նախկինում ատամնաբույժները վճարում էին ամսական 15-20 հազար դրամ արտոնագրային վճար եւ իրենց գործունեությունն իրականացնում, ապա այժմ այդ վճարը պետք է բարձրանա ոչ ավել, ոչ պակաս` մոտ 4 անգամ, կազմելով մոտ 80 հազար դրամ:

Երեւի ավելորդ է ասել, որ որեւէ հարկային փոփոխություն պետք է հանգամանորեն վերլուծվի, դիտարկվի դրա դրական եւ բացասական ազդեցությունը գործարար միջավայրի եւ պետական բյուջեի եկամուտների վրա: Հարկային տոկոսադրույքի ամենափոքրիկ փոփոխությունն անգամ լայնորեն քննարկվում է տվյալ ոլորտի ներկայացուցիչների հետ, նկատի են առնվում նրանց տեսակետներն ու հիմնավորումները: Ավելորդ է ասել նաեւ, որ որեւէ կայացած երկրում հարկային տոկոսադրույքը 4 անգամ միանգամից չի բարձրացվում: Դա ուղղակի անհասկանալի է եւ անընդունելի: Ատամանաբույժների համար այս փոփոխությունը պատրաստող պետական չինովնիկները վերոնշյալ գործոնները ակնհայտորեն հաշվի չեն առել:

Բացի սրանից, չպետք է մոռանալ, որ ատամնաբուժական ծառայությունը միայն բիզնես չէ, դա առողջապահական ծառայություն է եւ մշտապես պահանջված ծառայություն:

Այն առնչվում է բնակչության առանց բացառության բոլոր շերտերին, եւ որեւէ գնային փոփոխություն կարող է ցավագին անդրադառնալ շատերի վրա: Հարկ է նշել, որ 90-ականների համատարած աղքատության հետեւանք բնակչության զգալի մասի մեջ առաջացած ատամների խնդիները վերջին տասնամյակի ընթացքում որոշ չափով լուծվեցին: Ավելին, արտերկրի մեր հայրենակիցներն էլ են Հայաստան գալիս իրենց ատամները բուժելու համար, քանի որ այս ծառայության գներն այստեղ ավելի էժան են, քան նրանց բնակության երկրներում է: Ի՞նչ տեղի կունենա արտոնագրային վճարների այս փոփոխությունից հետո:

Բնականաբար, նախ եւ առաջ կթանկանան ատամնաբուժական ծառայությունների գները, ապա կփակվեն կամ կսկսեն ստվերում գործել փոքր ատամնաբուժարանները, անգործ կմնան կամ արտերկիր կմեկնեն շատ մասնագետներ, պետական բյուջեի եկամուտներն էլ ոչ թե կավելանան, ինչպես ակնկալում են օրենսդրական փոփոխության հեղինակները, այլ կնվազեն` վերեւում նշված պատճառներով, փոքր բիզնեսում կառաջանա պետության հանդեպ անվստահության եւս մեկ պատճառ:

Եթե ֆինանսների, առողջապահության նախարարություններում կամ պետական եկամուտների կոմիտեում ուսումնասիրություններ ունեն, որ այս ոլորտում մեծ շահույթներ են ստացվում եւ դրանց ոչ համարժեք հարկ են վճարում, կարելի էր որոշակի փոփոխություն կատարել, որոշ չափով բարձրացնել արտոնագրային վճարի չափը, 15-20 հազար դրամը դարձնել, օրինակ, 20-25 հազար դրամ, բայց ոչ 80 հազար դրամ: Սակայն անգամ այս դեպքում ակնհայտ է, որ դա պետական բյուջեի եկամուտների վրա որեւէ էական կամ ոչ էական ազդեցություն չի ունենա` այնքան փոքր են ակնկալվող հավելյալ մուտքերը: Հետեւաբար, լավագույն տարբերակը կլիներ հարկային դրույքաչափ ընդհանրապես չբարձրացնելը: Եթե պետությունը անելիք ունի այս ոլորտում, ապա դա առնչվում է բոլորովին այլ խնդիրներին, որոնց կարգավորման անհրաժեշտության մասին խոսում են հենց այս ոլորտի մասնագետներն ու տնտեսվարողները:

Մասնավորապես, խոսքը անընդհատ ավելացող ատամնաբուժարանների կողմից օգտագործվող նյութերի որակական չափանիշներին եւ ստանդարտներին է վերաբերում: Նման չափանիշներ եւ ստանդարտներ մեր երկրում, կարելի է ասել, գործնականում չկան: Յուրաքանչյուրը գնում կամ ներմուծում, ապա գործածում է այն նյութերը, ինչը կարողանում է, ինչը ավելի ձեռնտու է իր համար: Թե որքա՞ն են կիրառվող նյութերը անվտանգ մարդկանց առողջության համար, ոչ ոքի հայտնի չէ: Առողջապահության նախարարությունը այստեղ բավականին լուրջ անելիք ունի, որպեսզի սահմանվեն եւ պահպանվեն ստոմատոլոգիական ծառայությունների ժամանակ գործածվող նյութերի ստանդարտները:

Իսկ ինչ վերաբերում է արտոնագրային վճարի փոփոխության առնչությամբ ներկայումս ստեղծված վիճակին, ապա հարկ է անմիջապես կասեցնել այդ փոփոխությունը, ապա ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել եւ համաձայնության գալ ինչպես հարկային դրույքաչափերի, այնպես էլ մարդկանց առողջության հետ կապված գործածվող նյութերի որակի եւ ստանդարտների վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 22-01-2013

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ