Վիճակը գյուղում նորմալ է, տարածքների հետ կապված կարող եք ՊՆ-ից հարցնել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք ադրբեջանցիների կողմից դիրքային նոր առաջախաղացումներ արձանագրվել են և շարունակվում են ինժեներական աշխատանքներ իրականացվել։
Հաջորդ հարցին՝ գյուղացիները բնականոն հունով գարնանացան իրականացնո՞ւմ են՝ հաշվի առնելով, որ վերջին օրերին ադրբեջանցիների առաջխաղացման պայմաններում հոգագործները հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ, Դավիթ Ղուլունցը նախ ասաց, որ ժողովի է, հարցերին ավելի ուշ կպատասխանի, այնուհետ հավելեց.
«Թողեք՝ մի քիչ հանգստանանք էլի, էդքան զանգում եք էլի (նկատի ունի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների զանգերը)։ Գյուղատնտեսական աշխատանքներ, իհարկե, կատարվում են»։
Իսկ մարդիկ չե՞ն վախենում, որ ադրբեջանցիները կկրակեն իրենց ուղղությամբ, հետաքրքրվեցինք, ինչին ի պատասխան՝ Տեղի համայնքապետն ասաց.
«Ինչի՞ց վախենան։ Հարցերին հետո կպատասխանեմ»։
Հիշեցնենք, որ ըստ օրեր առաջ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Տեղ համայնքի ավագանու անդամներ Արգամ Հովսեփյանը և Մասիս Զեյնալյանը, սակայն, հակառակն են պնդում՝ հայտարարելով, որ ադրբեջանիցների կողմից անդադար ամրակայման աշխատանքներ են իրականացվում, գյուղի մերձակայքում11 հենակետ է տեղակայվել. դիրքերից մի քանիսը տեղակայվել են մինչև անգամ Մասիս Զեյնալյանի ցորենի և այլ գյուղացիների գարու արտերում։