Ես նայել եմ Սայաթ-Նովայի պողոտայի հատված ծառերի կտրվածքները և փտախտ չեմ տեսել, Azg.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը՝ անդրադառնալով Կասկադից հետո արդեն Սայաթ-Նովայի պողոտայում լայն թափով իրականացվող ծառահատումներին։
«Դեռ մարտի 22-ին գրություն էի ուղարկել քաղաքապետին և խնդրել ինձ տրամադրել ծառերի փոխարինման ամբողջական ծրագիրը՝ քանակներով, ծառատեսակներով, ծառահատումների ծավալների մասին տեղեկություններով և իհարկե՝ այս ամենն իրականացնելու գիտական հիմնավորումները։
Մինչև այսօր, սակայն, ես պաշտոնական որևէ պատասխան չեմ ստացել։ Ես պահանջել էի նաև ծառահատման տոմսերը, որտեղ նշվում է, թե որն է կոնկրետ այս կամ այն ծառի հատման պատճառը։
Բազմիցս ասել եմ, որ տոմսերի վրա համարներ չեն եղել, այսինքն՝ հնարավոր չէ նույնականացում անել։ Ծառահատման տոմսի վրա պետք է թիվ լինի, որ քաղաքացին գա և օրինակի համար հարցնի՝ «Սայաթ-Նովայի պողոտայի 70-րդ ծառն առողջ ծառ է, ինչո՞ւ եք հատում»։ Իսկ հիմա քաղաքացին ի՞նչ պետք է ասի. ասի՝ Տերյան փողոցի կողմից այսինչերորդ ծա՞ռը։ Իդենտիֆիկացիայի բացակայությունն արդեն կոպտագույն խախտում է»,- ասաց մեր զրուցակիցը։
Քրիստինա Վարդանյանը նշեց, որ կտրված ծառերի փոխարեն Սայաթ-Նովայի պողոտայում նախատեսվում է գնդաձև սոսիներ տնկել։
«Իհարկե, այս ծառատեսակը չենք կարող համեմատել Կասկադի հատվածում տնկված սակուրաների հետ։ Գնդաձև սոսիներն անհամեմատ լավ ընտրություն են, քան սակուրաները, բայց, ամեն դեպքում, գնդաձև ծառերը լայն սաղարթ չեն ապահովում։
Գնդաձև ծառերը ֆունկցիոնալ են առավելապես եվրոպական երկրներում. հյուսիսային երկրներում կոնաձև սաղարթներով ծառերը հնարավորինս շատ արևի լույս ապահովելու խնդիր ունեն։ Դրա համար հարավային և հյուսիսային երկրների կանաչապատումները տարբեր խնդիրենր են լուծում. մենք պետք է պաշտպանվենք ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ զերծ մնալու չարորակ նորագոյացություններից, այնինիչ եվրոպական երկրներում ուլտրամանուշակագույն ճառագայթներով վիտամին D-ի սինթեզի հարց է լուծվում»,- ասաց ավագանու անդամը։
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում ծառերի փոխարինման ծրագրի շրջանակներում ավելի վաղ կտրվել էին Կասկադի հատվածի թեղիները։ Դրանց փոխարեն սակուրաներ էին տնկվել։ Այսօր ծառահատումներ են իրականացվել Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում։