Հնագույն ժողովուրդներն, այդ թվում՝ հայերը, ծառի պաշտամունք են ունեցել, որը մինչ օրս էլ որոշ չափով պահպանվում է: Օրինակ՝ ուխտատեղիներում երազանք են պահում ու ծառի ճյուղերին թաշկինակ կապում: Հայերս ունենք «կենաց ծառ» արտահայտությունը, ծառը եկեղեցական ու ժողովրդական ծեսերի ժամանակ որպես խորհրդանիշ է կիրառվում, օրինակ՝ Ծաղկազարդին ուռենու ճյուղերը, կամ Նոր տարուն՝ զարդարված եղևնին: Հայաստանում կան ծառեր, որոնք առանձնահատուկ կենսագրություն ունեն, պատմության կամ դիպվածի հերոսներ են: Այլ կերպ ասած՝ ծառ-լեգենդներ են:
Վարդան Մամիկոնյանի կաղնին
Իջևանի Ակնաղբյուր գյուղում մի ընկած կաղնի կա: Այդ վայրն ուխտատեղի է: Հայրենական մեծ պատերազմ գնացող զինվորները, իսկ Ղարաբաղյան հերոսամարտի ժամանակ նաև մեր կամավորները ռազմաճակատ մեկնելուց առաջ կաղնու առջև երդվելիս են եղել արյան գնով պաշտպանել հայրենիքը: Նորակոչիկների երդման արարողություններ էլ են կազմակերպվել այնտեղ: Ասում են՝ կաղնին տնկել է Վարդան Մամիկոնյանը: 450 թվականին Խաղխաղի ճակատամարտում պարսիկների դեմ կռվելով ու նրանց հաղթելով՝ տունդարձի ճանապարհին սպարապետն, ի նշան հաղթանակի, խորհրդանշական կաղնի է տնկում: Ծառն ապրում է 1500 տարի: Ժողովրդի մեջ պաշտամունք է ստեղծվել կաղնու նկատմամբ. անգամ «Վարդանանց կանչ» տոն կա՝ ժողովրդական ծես, որին մասնակցում են թե՛ տեղացիները, թե՛ այլ վայրերից եկած ուխտավորներ: Վարդան Մամիկոնյանի տնկած հսկա կաղնին, իր կյանքն ապրելով, 1500 տարի հետո ընկել է: Այն այսօր էլ հուշակոթողի նշանակություն ու արժեք ունի:
Դեդեկտիվային ընկուզենի
Տավուշի Հաղարծին եկեղեցու հետևում՝ զառիթափի պռնկին բարձր ընկուզենի կար, որը պակաս հմայք ու արժեք չուներ, քան հուշարձանը: Բայց ընկուզենին վառել են: Կայծակը չի խփել, ոչ էլ ինքն իրեն է վառվել. ուղղակի վառել են: Ինչի՞ն էր խանգարում ծառը, ո՞ւմ բաժին օդն էր շնչում՝ հայտնի չէ, վառել են ու վերջ: Սևացած-մոխրացած փչակի մի հատվածն էր մնացել: Առաջվա պես մարդիկ էլի էին նկարվում վառված ծառի տակ: Ընկուզենին վառողի վատությունն էլ իրեն մնաց: Բայց հետո կաղնու այրված մասունքներն էլ մարդիկ ոչնչացրին։
Իմ հեռու-հեռու նաիրյան դալար բարդի
Կար-չկար մի բարդի կար: Ավելի ճիշտ՝ 2 բարդի: Խոսքը դեռ նախորդ դարասկզբի գեղանկարներում, ֆիլմերում ու լուսանկարներում Արարատի բնապատկերի մասին է՝ Սիսն ու Մասիսը, Արարատյան դաշտավայրը, կապույտ երկինքն ու այդ ֆոնին՝ երկու բարդիները՝ մեկը բարձրահասակ, մյուսը՝ մի քիչ կարճ: Բարդիներն Արարատի մարզի Ազատավան գյուղում էին: Մեկ դար կանգուն էին, չկար Մասիսի նկար՝ առանց հանրահռչակ բարդիների: 10-15 տարի առաջ արված գեղանկարներում ու լուսանկարներում տեսնում ենք, որ Մասիսները կան, Արարատյան դաշտավայրն ու կապույտ երկինքը՝ նույնպես, բայց բարդիներից մեկը չկա: Պարզվում է՝ կարճահասակ բարդին էլ չկա:Ավելին՝ եթե այսօր Մասիսիների նկար տեսնեք՝ թեկուզ մեկ բարդիով, իմացեք, որ արտանկար է, որովհետև երկրորդ բարդին էլ է ընկել: Ազատավանի բնակիչներն ասում են. «Մեկ դար ապրեցին զույգ ծառերը. բարդի էին, հո կաղնի չէին, որ 500 տարի ապրեին»:
Նաիր Յան