Թշնամու կողմից շրջափակված Արցախում խնդիրները բազմաթիվ են, բայց արցախցին ապրում է, որովհետև պետք է ապրի, որովհետև հավատում է վաղվա օրվան, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի «Մայրություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Միքայելյանը։
«Ժողովրդի մոտ սպասողական վիճակ է. չենք հասկանում՝ ինչու է աշխարհը կույր և լուռ։ Իսկ Ադրբեջանն իրագործում է իր ծրագրերը։ Քանի գնում՝ վտանգը մեծանում է։ Արցախցին այսօր անպաշտպան է՝ ինքն իր հույսին։ Ինչքան կկարողանանք՝ կդիմադրենք, իսկ հետո պատվով կմեռնենք։ Չենք ուզում մեռնել, բայց պատվով կմեռնենք։ Մենք ո՛չ օդային, ո՛չ ծովային, ո՛չ էլ ցամաքային ճանապարհ ունենք. լրիվ մեկուսացված ենք՝ բանտի մեջ։ Մենք միայն օդ ունենք, որ շնչում ենք և մի քիչ էլ Սարսանգի ջրամբարի ջուրը, որ մեզ լույս է տալիս։
Ես միայն ժողովրդի ոգու վրա եմ հույս դնում, եթե, իհարկե, ժողովուրդըտ համախմբվի։ Ցավոք, դա էլ չեմ տեսնում և դրա համար էլ ոչ մի հույս չեմ կապում։ Եթե պետությունը ոչ մի բան չի անում, ժողովուրդն ի՞նչ կարող է անել՝ միայն հեղափոխություն»,- ասաց Հասմիկ Միքայելյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ՝ հայ ժողովուրդը պետք է հեղափոխություն անի՝ ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը կործանումից փրկելու համար։
Հասմիկ Միքայելյանը շեշտեց՝ եթե շարքային արցախցին համոզված լիներ, որ Արայիկ Հարությունյանին հեռացնելով՝ Արցախի հարցը կլուծվի, մեկ րոպե անգամ չէր տատանվի, պաշտոնանկ կաներ ԱՀ նախագահին։
«Պահ կար, որ պետք է նրա հրաժարականը պահանջեինք, բայց հետո մտածեցինք՝ նա հիմա ավելի շատ է պետք, քան նոր մեկը։ Այսօր Արայիկ Հարությունյանն ստիպված մնացել է։ Նա իմ աչքի լույսը չէ, բայց պահանջել ենք, որ մնա. սխալներն արել է, ուրեմն բոլոր արցախցիների հետ կամ պետք է մեռնի, կամ էլ պայքարի»,- ասաց ստեփանակերտցի կինը։
Նա միաժամանակ շեշտեց՝ արցախցին այլ թիկունք չունի, քան Ռուսաստանը, և հենց ՌԴ-ն է Արցախի խաղաղությունը պահողը՝ որքան էլ երկակի քաղաքականություն վարի։
«Այժմ Ռուսաստանը լռում է, որովհետև նրան այդպես է ձեռնտու։ ՌԴ-ի շահերից չի բխում Հարավային Կովկասում՝ Արցախում կամ Սյունիքում պատերազմ սկսել, և ոչ ոք չի կարող ասել՝ ինչու է այդպես վարվում։ Ռուսաստանը չի կարող երկու ճակատով խոշորամասշտաբ պատերազմ մղել։
Բայց ինչքան կարող ենք՝ պայքարելու ենք։ Մենք, որ 44 օր նկուղներում ենք ապրել, հիմա էլ ենք ապրելու։ Անգամ շրթներկ եմ քսել, գեղեցիկ սանրվել, ասել եմ, որ մեռնեմ՝ գոնե գեղեցիկ լինեմ (ծիծաղում է՝ խմբ.)։ Մենք արհամարհում ենք մահը, մենք մահից ուժեղ ենք։ Մենք չենք ուզում դուրս գալ Արցախից և դուրս չենք գալու։
Երեկ պատերազմ անցած, պայքարած մի երիտասարդ տղամարդու հետ եմ խոսել, ասում է՝ միջանցքը բացեն, կանայք ու երեխաները դուրս գան, տղամարդիկ մնան Արցախում՝ ադրբեջանցիների հերն անիծեն, հետո էլ հերոսաբար մեռնեն, քան ոչխարի նման մորթվեն։ Վերջը երևի այդպես էլ լինի»,- ամփոփեց Հասմիկ Միքայելյանը։