ՔՕ-ի հոդվածը միտված է Նիկոլ Փաշինյանին անձնապես պաշտպանելու. իրավապաշտպան

26

Դեռ նախորդ տարվա նոյեմբերի 24-ից Երեւանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործն այսօր հանգուցալուծվեց: 

Շատ երկար տևեց դատավարությունը, հակառակ դրան՝ չափազանց կարճ՝ դատավճռի կայացումը: Մեր պաշտպանական ճառից՝ ամբաստանյալի վերջին խոսքից հետո, դատարանն արդեն պատրաստ էր հրապարակել դատավճռի ներածական և եզարափակիչ մասերը: Այս մասին Հակոբ Գրիգորյանի քրեական գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը:

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հակոբ Գրիգորյանին դատապարտեց 150.000 դրամ տուգանքի: Էստեղ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մի բան է ասվել ԱԺ ամբիոնից, մեկ այլ կերպ է կիարռվում հոդվածը: Մենք արդեն ունենք երկու դատավճիռ, երկուսն էլ վերաբերել են Նիկոլ Փաշինյանին: Այս հոդվածը, ինչպես և նախկինում տխրահռչակ, ներկայում հանգուցյալ ծանր վիրավորանքի հոդվածը, վերածվել է Նիկոլ Փաշինյանին անձնապես պաշտպանելու հոդվածի»,-նշեց իրավապաշտպան Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի՝ դատական ակտի ամբողջական տարբերակը ստանալուց հետո միայն ամբաստանյալը կորոշի՝ դիմո՞ւմ են արդյոք Վերաքննիչ դատարան:

«Ես՝ որպես փաստաբան, տեսնում եմ բոլոր հիմքերը մի քանի անգամ բողոքարկելու: Գրեթե բոլոր հանցակազմի տարրերով մենք ունենք լուրջ առարկություններ: Տեսեք, մի քանի աշակերտի առաջ ասված խոսքերը, փաստորեն, դիտվեցին որպես լայն հանրության առջև կոչեր»,-փաստեց Ռուբեն Մելիքյանը:

Իրավապաշտպանի հավաստամամբ՝ անընդունելի է նաև, որ դատարանը համացանցում հայտնված անհայտ աղբյուրից գործին կցված ապացույցն անթույլատրելի համարեց, հետո նույն ապացույցը  դրվեց գործի հիմքում:

Նշենք, որ Հակոբ Գրիգորյանը 150.000 դրամը կվճարի մեկ տարվա ընթացում՝ ամսական 12.500 դրամ: Դատարանի որոշմամբ՝ վերացվել նաև ամբաստանյալի նկատմամբ ընտրված ստորգրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Գրիգորյանը աշխատելով Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրվել է ու տեղադրվել ֆեյսբուքում: Հայտնի չէ, թե ուսուցչին ով է ձայնագրել:

Մանրամասն՝ տեսանյութում։