ՔՊ-ն տեքստից ջնջել է «Արցախի Հանրապետություն» բառերը և գրել «ԼՂ հայություն» բառերը. Քրիստինե Վարդանյան

20

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հրավիրում եմ հատկապես փորձագետների ուշադրությունը:

«Հայաստան դաշինքն» հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է ՀՀ խորհրդարանին ընդունել հայտարարություն` ի պատասխան նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հայտարարության:

Այդ հայտարարության մեջ Ադրբեջանի խորհրդարանը կոչ էր անում Հայաստանի խորհրդարանին ընդունել Ադրբեջանի առաջարկած 5 կետերը և ըստ էության համաձայնվել Հայաստանի կապիտուլյացիային:

Իhարկե, այս ողջ ընթացքում իշխող ուժի կողմից որևէ արձագանք այդ հայտարարությանը չի եղել, ուստի մենք ենք հանդես եկել առաջարկով:

Մեր ներկայացրած հայտարարության մեջ չկա որևէ ներքաղաքական գնահատական: Կան ընդամենը մի քանի կարևոր հաստատումներ առ այն, որ

  • Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել
  • Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է պաշտպանել նաև Արցախում ապրող հայերի իրավունքները
  • Ադրբեջանը Թուրքիայի հետ գործում է համադրաբար, շարունակելով ուժի սպառնալիքի և դրա կիրառման քաղաքականությունը

ՔՊ-ն առաջարկել է այս ձևակերպումների իր փոփոխությունները: Դա արել է գրավոր տարբերակով: Ստորև նկարներով ներկայացնում եմ այդ փոփոխություններից կարևորագույնները, որոնցով ապացուցվում է, որ ՔՊ ներկայացուցիչներին արգելված է օգտագործել Արցախի հանրապետություն բառերը, ինչպես նաև Թուրքիային ուղիղ մեղադրել Ադրբեջանին աջակցելու և հակահայ քաղաքականություն վարելու մեջ:

Այլ որևէ հանգամանքով փոփոխությունների այս առաջարկները բացատրել անհնար է:

Որևէ բացատրություն չկա` ինչու՞ պետք է տեքստից ջնջել «Արցախի Հանրապետություն» բառերը և փոխարենը գրել «Լեռնային Ղարաբաղի հայություն» բառերը: Նույնպես անբացատրելի է տեքստից ցանկացած նախադասության հեռացման առաջարկը, որտեղ օգտագործված է «օկուպացիա» բառը: Հիշեցնեմ, որ ՔՊ նախընտրական պլատֆորմում իրենք ասում էին, որ ընտրվելուց հետո հանձնառու են բանակցությունների ճանապարհով հասնել Արցախի բռնազավթած տարածքների դեօկուպացիային:

Նույն ձևով անբացատրելի է` ինչու՞ է հարկավոր տեքստից հեռացնել Թուրքիայի մասին հիշատակումը այն համատեքստում, որ այս ամենում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին:

Փաստորեն, փոփոխությունների այս առաջարկներով բացահայտվում է ՔՊ վարած քաղաքականության սկզբունքները: Այս նկարները ցույց են տալիս ինչպես են իրենք վարում բանակցությունները և փաստում են մեր այս վիճակում լինելու պատճառները:

Սրանք լրացուցիչ, բայց կարևոր և ուղիղ ապացույցներ են Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վարվող դավաճանական քաղաքականության:

Հրապարակում եմ, որպեսզի դրանք հասանելի լինեն հանրության հնարավորինս լայն շերտերի և օգտագործվեն իշխող ուժի իրական նպատակները ցույց տալու համար: