Վաշինգտոնը պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի Անկարայի նկատմամբ. Մենենդես

20

ԱՄՆ-ի ցանկացած որոշում՝ շարունակելու Թուրքիային F-16 կործանիչներ և արդիականացված սարքավորումներ վաճառել, «շփոթեցնող» կլինի՝ հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմատենչ դիրքորոշումը ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանի նկատմամբ. ասել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը՝ կրկնելով, որ  հավանություն չի տալու վաճառքին։

«Ես դեմ եմ եղել F-16-ների վաճառքին, քանի որ ի վերջո իրականությունն այն է, որ մենք Էրդողանի օրոք չենք տեսել այն Թուրքիան, որն արդարարցներ մեր սպասումները»,- ասել է Մենենդեսը երկուշաբթի երեկոյան Mega TV-ին տված հարցազրույցում:

«Թուրքիան սպառնում է ՆԱՏՕ-ի մեկ այլ դաշնակցի՝ Հունաստանին, և սպառնում է առանց հիմնավորման, առանց պատճառի։ Ուստի, իմ կարծիքով, տարակուսելի կլիներ զինտեխնիկա վաճառել Թուրքիային։ Մենք պետք է կարողանանք ստիպել Թուրքիային հրաժարվել իր ռազմատենչ դիքորոշումից ինչպես Հունաստանի, այնպես էլ Կիպրոսի, Միջերկրածովյան տարածքների նկատմամբ։

Վաշինգտոնը պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի Անկարայի նկատմամբ»,-նշել է Մենենդեսը։

Միևնույն ժամանակ նա քննադատել է ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշումը՝ ասելով. «Չես կարող երկու կողմերին կոչ անել զսպել իրենց և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել, երբ կողմերից մեկն ակնհայտ ռազմատենչ է»։