Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով՝ թշնամին առաջ է տանում հստակ ձևակերպված իր պահանջը՝ ի դեմս «Զանգեզուրի միջանցքի». Մետաքսե Հակոբյան

36

Ադրբեջանի նմանօրինակ գործողությունները մեզ համար սպասելի էին, և հասկանալի է, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով՝ թշնամի կողմը առաջ է տանում հստակ ձևակերպված իր պահանջները՝ ի դեմս «Զանգեզուրի միջանցքի». Azg.am-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց ԱՀ խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այդ պահնեջները հիմա չէ, որ պետք է ձևակերպվեն. դրանք մեզ համար նորություն չեն։ Ադրբեջանի պահանջներն արդեն վաղուց ձևակերպվել են և շրջանառվում են։ Հասկանալի է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև որոշակի սցենարի շուրջ վաղուց տարվող աշխատանքները հենց «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ նկրտումներին միտված հերթական քայլն են։ Այդ սցենարով ամեն անգամ ինչ-որ բան պահանջելուց առաջ ինչ-որ սադրիչ գործողություն է կատարվում, որի արդյունքում ՀՀ վարչապետն իր հպարտ ժողովրդին ներկայացնում է, որ շատ ավելի մեծ բան փրկելու համար պետք է ինչ-որ փոքր բան զիջել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ նմանօրինակ սցենարի ականատես եղանք նաև ամռանը՝ Բերձորը և Աղավնոն հապշտապ Ադրբեջանին զիջելու ժամանակ։

«Այն ժամանակ էլ թշնամին նորից պահանջում էր «Զանգեզուրի միջանցքը»։ Այդ կերպ, ուղղակի, այդ պահանջը որոշ ժամանակով հետաձգվեց։ Վերջին ժամանակներս ադրբեջանական կողմի պահանջը նորից բավական ակտիվացել է։ Եվ սա դեռ սկիզբն է՝ ամենաթեթև ճնշումը, որ գործի են դնում ադրբեջանցիները, իսկ ՀՀ իշխանությունները, ուղղակի լուռումունջ նստած, հետևում են»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Արցախցի պատգամավորը միաժամանակ նկատեց՝ ոչ մի կերպ չի պատկերացնում, թե ստեղծված իրավիճակում ինչպես է իրեն դրսևելու ՀՀ իշխանությունը՝ արդյո՞ք նույնքան հեշտությամբ զիջելու են «միջանցքը»։

«Սա շատ լուրջ հետևանքների է բերելու։ Մենք ի սկզբանե ասել ենք՝ արցախյան պատերազմի բուն, խորքային նպատակն Արցախը չէր, այլ Հայաստանը մաս-մաս վերցնելը, որովհետև հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է, և Ադրբեջանի համար այդքան հեշտ չէր լինելու հասնել իր նպատակին։ Իսկ սա լավագույն ճանապարհն է, և դեռևս թշնամի կողմի համար՝ խիստ հաջողակ»,- ամփոփեց մեր զրուցակիցը։